Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Աթանեսյան. «Շատ բարձր եմ գնահատում ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության արժանապատիվ լռությունը». «Հայոց աշխարհ»

Հուլիս 02,2014 12:19

Հատված ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԻ հետ հարցազրույցից:

-Ադրբեջանը խիստ ակտիվացել է խորհրդարանական դիվանագիտության ճակատում. ՆԱՏՕ-ի ԽՎ Բաքվի նստաշրջանում Հայաստանի դեմ հարձակումները քիչ համարելով՝ լայնածավալ գրոհ ձեռնարկեցին մեր պատվիրակության դեմ ԵԽ ԽՎ նստաշրջանում, հիմա դարձյալ «սեփական դաշտում» են փորձում «տարածքային առավելության» հասնել մեր նկատմամբ՝ ԵԱՀԿ ԽՎ շրջանակներում։ 

-Ճիշտն ասած, դրանք ավելի շատ ցուցադրական «ելույթներ» են, որտեղ լրջություն չեմ տեսնում։ Երեկ, օրինակ, ԵԱՀԿ ԽՎ հումանիտար հարցերի հանձնաժողովում բանաձեւ են անցկացրել, որով կոչ է արվում ԵԱՀԿ անդամ երկրներին իրենց տարածքում պահպանելու մշակութային հուշարձանները։

Դա ներկայացվում է որպես ադրբեջանական պատվիրակության հաղթանակը, բայց այդ բանաձեւը վերաբերում է առաջին հերթին Ադրբեջանին. Հայաստանի տարածքում ադրբեջանական պատմամշակութային կոթողներ գրեթե չկան, եղածները պահպանվում են, իսկ Ադրբեջանի տարածքում հարյուրավոր հայկական հուշարձաններ ոչնչացվել են՝ Ջուղայի խաչքարերի բարբարոսական ոչնչացումը դրա ցայտուն վկայությունն է։ Եթե գործող նախագահից պահանջենք դիտորդական խումբ ուղարկել Նախիջեւան՝ այդ փաստն արձանագրելու, Ադրբեջանն ի՞նչ է անելու։ Այսինքն՝ դա իրենց դիվանագիտական հաջողությունը չէ։

Ինչ վերաբերում է ԵԽ ԽՎ-ում Իլհամ Ալիեւի պահվածքին, ապա դա կատարյալ ֆիասկո էր։

-Կարծիք կա, թե մեր պատվիրակները չկարողացան արժանի հակահարված տալ ադրբեջանցի «գրոհայիններին»։

-Ես անկեղծորեն շատ բարձր եմ գնահատում ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության արժանապատիվ լռությունը. արհամարհանք մի մարդու հանդեպ, որը Եվրոպայի «մայրաքաղաք» Ստրասբուրգում իրեն թույլ էր տալիս «ղաչաղնաբիություն» անել՝ սուր ճոճելով եվրոպական հանրության, եվրոպական արժեքների վրա։ Նորից եմ ասում՝ դա կատարյալ ֆիասկո էր, անկյուն քշված մարդու հարձակում եվրոպական քաղաքակրթության դեմ։ Այստեղ հայկական պատվիրակությունն իրոք այլ անելիք չուներ, քան պարզապես լռելյայն հրճվել հակառակորդ երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդու խայտառակությամբ։

Ինչ վերաբերում է Բաքվում տեղի ունեցած միջոցառումներին, մեր պատվիրակները շատ հստակ, շատ փաստարկված, գրագետ եւ քաղաքակիրթ կեցվածքով կարողացան հակազդել, չեզոքացնել ադրբեջանական կողմի սադրանքները։

Եթե Աղվան Վարդանյանի առաջարկած ուղղումը 20 կողմ, 22 դեմ ձայն է ստացել, եւ այդ քվեարկությունը կատարվել է Բաքվում, սա պետք է համարել Հայաստանի պատվիրակության հաջողությունը։ Ադրբեջանցիները տխրահռչակ խավիարային դիվանագիտության միջոցով Բրյուսելում, Ստրասբուրգում են բանաձեւեր անցկացնում եւ իրենց տանը պետք է որ բացահայտորեն կաշառած լինեին այդ 22 պատգամավորներին։

Այս իրավիճակում հայ պատվիրակի առաջարկության օգտին գրանցված 20 ձայնը խոսում է նրա ճիշտ եւ գրագետ ձեւակերպումների մասին։

Ավելին՝ քաղաքական հանձնաժողովում մեր պատվիրակության առաջարկները՝ տարածքային ամբողջականության դրույթին զուգահեռ նաեւ ինքնորոշման իրավունքը ամրագրելու վերաբերյալ, ընդունվել են, եւ սա խորհրդարանական դիվանագիտության լուրջ հաղթանակ է, որ մերոնք արձանագրել են Բաքվում։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031