Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հաստատութենական շինարարությունը Ղարաբաղում . ԼՂՀ-ն` դեֆակտո օրինական ժողովրդավարական պետություն

Հուլիս 02,2014 16:43

2014 թ. հուլիսի 1-2-ը Երևանում տեղի է ունեցել միջազգային ռազմավարական քաղաքական ֆորում «ՄԱԿ-ի սկզբունքների և ստանդարտների հիման վրա ազգային և տարածաշրջանային խաղաղարարական ներուժերի ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգում» թեմայով:

Ֆորումի կազմակերպիչներն են` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը (ՀՀ ՊՆ ԱՌՀԻ), Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը, ՀԱՊԿ-ի միացյալ շտաբը, ՀԱՊԿ-ի գիտափորձագիտական խորհուրդը (ԳՓՀ), ՌԴ ԱԳՆ ՄՄՀՊԻ (Հ) միջազգային հետազոտությունների ինստիտուտի եվրաատլանտյան անվտանգության կենտրոնը (ԵԱԱԿ), Քաղաքական գիտությունների ռուսաստանյան ասոցիացիան (ՔԳՌՈՒ), Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան (ՔԳՀԱ):

Ֆորումի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Ֆորումին մասնակցել և զեկուցումներով հանդես են եկել ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Հավաքական անվտանգության մասին պայմանագրի Կազմակերպության Գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: Ֆորումում զեկուցումներով հանդես են եկել նաև խաղաղարարության ոլորտի միջազգային փորձագետներ ՀԱՊԿ-ի Քարտուղարությունից և Գիտափորձագիտական խորհրդից, ՌԴ Պետական դումայից, ՄԱԿ-ից, ԵԱՀԿ-ից, ԵՄ-ից, ՇՀԿ-ից, Գիտնականների Միջազգային Պագուոշյան շարժումից և Ստոկհոլմի խաղաղության պրոբլեմների միջազգային ինստիտուտից:

Ֆորումի աշխատանքներին մասնակցել են մասնագետներ ՌԴ-ից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Բելգիայից, Իսրայելից, Իտալիայից, ՀԱՀ-ից, Նիդերլանդներից, Շվեդիայից, Չինաստանից:

Ստորև ներկայացնում ենք քաղաքական գիտությունների դոկտոր (ՌԴ), հակաահաբեկչության գծով գիտական փորձագետ (ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարան), ՌԴ Ռազմական գիտությունների ակադեմիայի ընտրված իսկական անդամ, ԱՄՆ-ի ՊԱՀ-ի ԱՌՀԻ-ի հրավիրված առաջատար պրոֆեսոր, ՀԱՊԿ-ի գիտափորձագիտական խորհրդի անդամ, Արտակարգ դեսպանորդ և Լիազոր նախարար, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ, գեներալ-մայոր Հայկ Սարգսի Քոթանջյանի ֆորումում ներկայացված զեկուցումը:

* * *

Ժամանակակից միջազգային հարաբերություններում հաստատութենական շինարարությունը հակամարտային և հետհակամարտային տարածաշրջաններում խաղաղության և անվտանգության ապահովման կարևոր գործոնն է: Վերջերս Միջազգային անվտանգության մոսկովյան խորհրդաժողովին հղած իր ողջույնի ուղերձում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը անվտանգության ոլորտի գերակայությունների թվում շեշտել է պետական հիմնարկների ամ-րապնդման, այդ թվում` վեճերի խաղաղ կարգավորման և տարածաշրջանային հակամարտություն-ների լուծման գործում հաստատութենական շինարարության զարգացման կարևորությունը : Ինչպես նշում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը` հաստատությունները կարող են կարևոր դեր խաղալ խաղաղության պահպանման և բռնությանը վերադառնալու ռիսկի նվազեցման գործում, այդ պատճառով խաղաղարարական ջանքերում կենտրոնական տեղը պետք է հատկացվի հաստատութենական շինարարությանը :
Միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող հաստատութենական շինարարության գլխավոր խնդիրն է պետական կազմավորման ներուժի մեծացումը, որպեսզի նա հնարավորություն ունենա վերահսկելու իր տարածքը, ինչպես նաև ապահովելու բնակչության կենսականորեն կարևոր կարիքները, ներառյալ` իրավապահական համակարգի և այլ իշխանական ու սոցիալ-հասարակական հաստատությունների արդյունավետ գործառությունը: Վերջին հաշվով, տվյալ հաստատությունների արդյունավետությունն արտացոլում է պետական ինքնիշխանության կայացածությունը, ինչը իշխանության սուբյեկտին հնարավորություն է տալիս հակամարտային և հետհակամարտային տարածաշրջաններում հարաբերություններ հաստատելու այդտեղ գործող այլ դերակատարների հետ և ստանձնելու իրադրության վերահսկման, ինչպես նաև կայունության, անվտանգության և հաստատուն խաղաղության ապահովման համար պատասխանատվության իր չափաբաժինը:
Արդյունավետ կերպով գործող օրինական հաստատությունների ստեղծումը բարդ խնդիր է նույնիսկ ամենաբարենպաստ պայմաններում: Այս պրոբլեմը էʹլ ավելի է բարդանում ժողովուրդ-ների ինքնորոշման դեպքում, որն ուղեկցում է բազմազգ պետությունների` ռեժիմային փոփոխություններով բնորոշվող գրոհումը: Ինչպես հայտնի է, ինքնորոշման իրավունքը համընդհանուր ճանաչում է ստացել երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով, սկզբում` 1945 թ. ուժի մեջ մտած ՄԱԿ-ի Կանոնադրության առաջին հոդվածում, այնուհետև` Գաղութային երկրներին ու ժողովուրդներին անկախություն շնորհելու մասին հռչակագրում (ընդունված` 1960 թ. դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի 15-րդ Վեհաժողովի հմ. 1514 որոշմամբ) և ՄԱԿ-ի հետագա փաստաթղթերում: Նույն սկզբունքները ամրագրված են Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդակցության փաստաթղթերում` 1975 թ. Հելսինկյան եզրափակիչ ակտում , 1986 թ. Վիեննայի հանդիպման ամփոփիչ փաստաթղթում , ԵԱՀԽ մարդկային չափանիշի խորհրդաժողովի 1990 թ. Կոպենհագենի խորհրդակցության փաստաթղթում և այլ միջազգային իրավական ակտերում: Միջազգային դերակատարները կարևոր դեր են խաղացել և շարունակում են խաղալ չճանաչված կամ մասնակիորեն ճանաչված պետությունների կայացման գործում: Հակամարտային վերլուծության համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում ժողովուրդների ինքնորոշումը` կապված Խորհրդային Միության տրոհման հետ: Ղրիմի վերջերս տեղի ունեցած ինքնորոշման քաղաքական և իրավաբանական փաստով է պայմանավորված ընդհանուր առմամբ հետխորհրդային տարածքում ժողովուրդների ինքնորոշման նկատմամբ քաղաքական գիտության հետաքրքրության աճումը: Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում Աբխազիայում, Լեռնային Ղարաբաղում, Մերձդնեստրում և Հարավային Օսեթիայում տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման և լուծման գործում միջազգային կազմակերպությունների կողմից ժողովուրդների իրավահավասարությանն ու ազատ ինքնորոշմանն առնչվող ՄԱԿ-ի սկզբունքների և նորմերի կիրառման պրակտիկայի ուսումնասիրությունը:
Արժանին հատուցելով ՄԱԿ-ի և ԵԱՀԿ ջանքերին, որոնք տարբեր աստիճանի հաջողությամբ գործադրվել են Աբխազիայում, Մերձդնեստրում և Հարավային Օսեթիայում իրագործվող հաստատութենական խաղաղաշինության ասպարեզում, մենք կանգ կառնենք Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման պրոբլեմների վրա: Դրանք կքննարկենք ԼՂՀ ստեղծման ու նրա հաստատութենական ներուժի` որպես հասարակության քաղաքական, տնտեսական, սոցիալական կենսագործունեության կայուն ապահովման, ԼՂՀ սահմաններում իրավակարգի ու մարդու անհատական և կոլեկտիվ իրավունքների պաշտպանության ժողովրդավարական երաշխավորման նկատմամբ լիիրավ կայուն վերահսկողության գործոնի ժողովրդավարական զարգացման ընթացքում ծավալած: Հաստատութենական շինարարության օրինականության գնահատման դիրքերից: Հարկ է որպես քաղաքական և իրավաբանական փաստ գնահատել այն իրողությունը, որ ԽՍՀՄ և հետխորհրդային տարածքում անցկացված ինքնորոշման բոլոր հանրաքվեներից միայն Լեռնային Ղարաբաղում և Մերձդնեստրում կայացած հանրաքվեներն են անցկացվել այդ ժամանակ գործող օրենսդրությանը համապատասխան :
ԼՂՀ հաստատութենական շինարարության գործընթացն սկսել է 1991 թ.: 1991 թ. սեպտեմբերի 2-ին միջազգային իրավունքի և այն ժամանակ գործող խորհրդային օրենսդրության պահանջներին համապատասխան հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որն իր ինքնորոշման իրավունքը իրականացրեց 1991 թ. դեկտեմբերի 10-ի համաժողովրդական հանրաքվեի միջոցով: Ընդսմին Ադրբեջանը, անկախության մասին 1991 թ. հոկտեմբերի 18-ի ակտով, այսինքն` նախքան Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի անցկացումը, հայտարարելով խորհրդային պետաիրավական համակարգից իր դուրս գալու մասին, 1991 թ. ապրիլի 3-ի ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին ԽՍՀՄ օրենքի դրույթների համաձայն, օրենսդրորեն ամրագրեց հրաժարումը Լեռնային Ղարաբաղի հետագա ճակատագիրն իր հետ համաձայնեցնելու անհրաժեշտությունից : Մետրոպոլիա հանդիսացող ԽՍՀՄ մարմինների հետ ինքնորոշման արդյունքների համաձայ-նեցնելու անհրաժեշտությունը ևս վերացավ, քանի որ 1991 թ. դեկտեմբերի 21-ին ստորագրվեց ԽՍՀՄ գոյության դադարեցման մասին Ալմա Աթայի հռչակագիրը :
Դրա հետ մեկտեղ կարևոր է նշել, որ Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի անցկացման հանձնաժողովի փաստաթղթերի համաձայն` ադրբեջանական փոքրամասնությանը, ՄԱԿ-ի Կանոնադրության տառին համապատասխան, տրվեցին ազատ կամքի արտահայտման այնպիսի իրավունքներ, ինչպիսիք ուներ հայկական մեծամասնությունը, սակայն Բաքվի իշխանությունների ցուցումով Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիներն ստիպված եղան հրաժարվելու հանրաքվեին մասնակցելու իրավունքից: Այսպիսով` ԼՂՀ իրավապատշաճ ինքնորոշումը և պետական անկախության հռչակումը տեղի ունեցան միասնական միութենական պետության փլուզման և դրա փոխարեն նոր պետությունների, այդ թվում և Ադրբեջանի Հանրա-պետության ստեղծման համատեքստում:
ԼՂՀ ժողովրդավարական պետութենաշինությունը հետևողականորեն զարգանում էր իշխանության երեք ճյուղերում` օրենսդիր, գործադիր և դատական: ԼՂՀ-ում պետութենաշինությունն ստացավ համակարգված բնույթ 2006 թ., երբ ուղղակի ժողովրդավարության` հանրաքվեի միջոցով ընդունվեց Հիմնական օրենքը: Այսպիսով` իշխանության բոլոր երեք ճյուղերի ժողովրդավարական հաստատությունների նպատակաուղղված զարգացման, վերահսկման ու դրանց միջև հաշվեկշռի պահպանման հիման վրա 1991 թվականից ԼՂՀ-ում անցկացվում են ժողովրդավարորեն մրցակցային բաց նախագահական ու խորհրդարանական ընտրություններ, իսկ 1998 թվականից ընտրությունների միջոցով ձևավորվում են տեղական ինքնակառավարման մարմինները: Միջազգային դիտորդների գնահատմամբ ԼՂՀ-ում ընտրությունները անցկացվում են ըստ հանրապետության ընտրական օրենսգրքի և միջազգային իրավունքի` համընդհանուր ճանաչում ստացած նորմերի : Ժողովրդավարական ընտրությունների հաստատության ամրապնդմանը և քաղաքացիական հասարակության զարգացմանը նպատակաուղղված` ԼՂՀ իշխանությունների հետևողական գործողությունների հատկանշական օրինակ են դարձել ԼՂՀ նախագահի հինգերորդ ընտրությունները, որոնք տեղի ունեցան 2012 թ. երեք, ներառյալ` ընդդիմադիր, թեկնածուների մասնակցությամբ :

Լեռնային Ղարաբաղում հաստատութենական շինարարության գերակա ոլորտ է ռազմաանվտանգային շինարարությունը: Ի պատասխան իրավաչափորեն ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի դեմ 1992 թ. ադրբեջանական ռազմական ագրեսիայի՝ ԼՂՀ-ն, ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն , ծավալեց պաշտպանության ոլորտում հաստատութենական շինարարություն՝ ստեղծելով ԼՂՀ մարտունակ Պաշտպանության բանակը , որն այսօրվա դրությամբ համապատասխանում է ժամանակակից միջազգային ստանդարտներին: ԼՂՀ Պաշտպանության բանակը, լինելով չճանաչված պետության ժամանա-կակից կանոնավոր ռազմական հաստատություն, այդուհանդերձ, գործնականում ուժերի ներածին չափով աջակցում է Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջանում ուժերի հաշվեկշռի, ինչպես նաև խաղաղության, կայունության ու անվտանգության պահպանմանն ուղղված` միջազգային հանրության ջանքերին:
Պաշտպանական-անվտանգային ոլորտի հաստատութենական շինարարության գործում ԼՂՀ ձեռնարկած քայլերի համակարգայնության վկայությունն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության կողմնորոշիչների` ԱՄՆ-ի և ՌԴ նորագույն մեթոդաբանական նվաճումների օգտագործմամբ վերջերս կատարված ատե-նախոսական մենագրական հետազոտության հաջող ավարտը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հաստատութենական կայացածության կարևոր փուլային ձեռքբերումը կլինի հույժ բարդ, բայց ընթացքում գտնվող խնդրի լուծումը՝ ԼՂՀ չճանաչվածության պայմաններում նրա ազգային անվտանգության ռազմավարության միջգերատեսչական մշակումը:

Կոսովոյի և Լեռնային Ղարաբաղի միջև տանելով զուգահեռներ ՝ կարող ենք փաստել, որ Կոսովոյում հաստատութենական շինարարության ոլորտում ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և ԵՄ-ի նման հեղինակավոր միջազգային կազմակերպությունների իրագործած քայլերը ոչ պակաս արդյունավետությամբ կատարվում են նաև ԼՂՀ-ում, սակայն մի շատ կարևոր տարբերությամբ. ԼՂՀ-ում ժողովրդավարության հաստատութենական առաջմղումը կատարվում է իր իսկ ուժերով` Հայաստանի Հանրապետության աջակցությամբ: Մասնավորապես` ՀՀ-ի միջոցով և Հայկական Սփյուռքի աջակցությամբ վերականգնվում են ԼՂՀ ենթակառուցվածքի և տնտեսության կենսականորեն կարևոր օբյեկտները : Եվ այսպես` ի մի բերելով Լեռնային Ղարաբաղում հաստատութենական շինարարության փաստերը` կարող ենք հանգել այն եզրակացության, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դեֆակտո օրինական ժողովրդավարական պետություն է:
Չճանաչված պետությունների գոյության գնահատումը, որը կատարվում է միջազգային անվտանգության ապահովման համատեքստում, որոշակիորեն կաղապարված է և առավել հաճախ ներկայացվում է որպես անվտանգությանն ուղղված սպառնալիք: Սակայն չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրինակը ցույց է տալիս, որ միջազգային հանրությունը կարող է օրինապատշաճության վրա հիմնված, պետական ինքնիշխանության ու նրա արդյունավետ պաշտպանության ժողովրդավարական ամրապնդմանը միտված համակարգային հաստատութենական շինարարությունը դիտել որպես ևʹ ազգային, ևʹ տարածաշրջանային անվտանգության ապահովմանը նպաստող գործոն:
Ավարտելով զեկուցումս` իմ պարտքն եմ համարում որպես Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարներին՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներին, ս. թ. հունիսի 24-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում հարևան պետության ղեկավարի ունեցած ելույթում ճշմարտության աղավաղման առնչությամբ: Նախագահ Ալիևը ԵԽԽՎ հարթակն օգտագործեց, որպեսզի ևս մեկ անգամ` արդեն միջազգային կազմակերպության ամբիոնից, հայտարարի Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային հավակնությունների մասին, որպես փաստարկ նշելով, թե Հայկական պետությունն իբր ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի վրա: Կանգ չառնելով Ադրբեջանի իշխանությունների քաղաքական ու ֆինանսական հովանավորչությամբ Ադրբեջանի կողմից Հարավային Կովկասի և Իրանի ժողովուրդների պատմության նենգափոխման ու պատմամշակութային ժառանգության յուրացման փաստերի անհերքելի ապացուցումների վրա` շեշտենք միայն հարևան ինքնիշխան պետության նկատմամբ տարածքային ոտնձգությունների անթույլատրելիությանը :

Հայաստանի Հանրապետության սահմանների անխախտելիության ու ամբողջականության դեմ ուղղված նման բացահայտ սպառնալիքը հակասում է ոչ միայն ՄԱԿ-ի Նպատակներին ու Սկզբունքներին, որոնք ձևակերպված են ՄԱԿ-ի Կանոնադրության 1-ին գլխի 1-ին հոդվածի 2-րդ կետում, այն է` «Զարգացնել ազգերի բարակամական հարաբերություններ` հիմնված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հարգանքի վրա և այլ համապատասխան միջոցներ ձեռնարկել հանուն համընդհանուր խաղաղության ամրապնդման», այլև Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում նախագահող անձի կարգավիճակին: Էությամբ շինծու է Ադրբեջանի Նախագահի կողմից Ղարաբաղի տեղաբնիկ հայերի եկվորության փաստարկումը ադրբեջանական ժողովրդին «աշխարհագրական անվանումների» պատկանելությամբ : Հայկական կողմն ունի արխիվային վավերագրական ապացույցներ, որ Ղարաբաղի հայկական տեղանունները թյուրքացվել են այն բանից հետո, երբ Մեհտի Ղուլի Խանը Վարանդայի հայ մելիքի հողերը 1806-1822 թթ. վաճառել է 18-րդ դարում Պարսկաստանի Խորա-սան նահանգից Ղարաբաղ քոչած իր ջիվանշիրների ցեղի մահմեդական բեկերին :

Քննադատության չեն դիմանում Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում նախագահող` հարևան պետության ղեկավարի այն դատողությունները, թե երկու հայկական պետությունների գոյությունն անհնար է, և դա այն դեպքում, երբ Օսմանյան Կայսրության տրոհման և ապագաղութացման ընթացքում արաբ ժողովուրդն ինքնորոշվեց ավելի քան 20 պետություններով: Իսկ ԽՍՀՄ փլուզման հետևանքով, բացի Ադրբեջանից, ինքնորոշվեցին նրան ազգակից ևս 5 թյուրքական պետություններ: Ավելին. հայտնի է, որ Թուրքիայի և Ադրբեջանի վերաբերյալ հարևան պետության գործող նախագահի հոր «մեկ ժողովուրդ՝ երկու պետություն» կարգախոսը, դատելով ըստ այդ պետությունների պաշտոնական փաստաթղթերի, շարունակում է հայեցակար-գային հիմք լինել թուրքական երկու պետությունների՝ Ադրբեջանի ու Թուրքիայի գոյության համար : Այսպիսով` հարևան պետության ղեկավարը, հետևելով իր հոր տրամաբանությանը, կարող էր ԼՂՀ-ի և ՀՀ-ի մասին խոսել որպես մեկ ժողովրդի և երկու հայկական պետությունների, որոնք օրինապատշաճ ինքնորոշվել են Խորհրդային Միության փլուզման հետևանքով:

Ներկայումս Լեռնային Ղարաբաղն իր ժողովրդավարական հաստատութենական զարգացման տեմպերով և արդյունքներով գերազանցում է Ադրբեջանը: Դրա անհերքելի հաստատումն են այնպիսի հեղինակավոր միջազգային կազմակերպությունների հաշվետվությունները, ինչպիսիք են «Ֆրիդոմ Հաուզ» և «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպությունները: ԼՂՀ-ում և Ադրբեջանում հաստատութենական շինարարության ռեալ ժողովրդավարական բնութագրիչների համեմատական վերլուծությանը մի յուրատեսակ լրացում կարող է դառնալ վերջերս մի շարք ադրբեջանցի քաղաքական գործիչների արձագանքը ԵԽԽՎ-ում իրենց նախագահի ունեցած ելույթին: ԵԽԽՎ նստաշրջանում Իլհամ Ալիևի ելույթը, որում նա Ադրբեջանը բնութագրեց որպես ժողովրդավարական պետություն, որպես ճշմարտությունը խեղաթյուրող են գնահատել նաև մի շարք ադրբեջանցի ընդդիմադիրներ: Ինչպես նշում է Ադրբեջանի Ազգային ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլին, «Այն, որ Ադրբեջանում ծաղկում է կոռուպցիան, երկրում կա շուրջ 130 քաղբանտարկյալ, իսկ ընտրությունները կեղծվում են, ամբողջ աշխարհին է հայտնի: Երկրում խոսքի և հավաքների ազատության ապահովման, քաղբանտարկյալներ չլինելու մասին Ալիևի հայտարարությունը բացահայտ սուտ է» :
Իր պետության մեջ ժողովրդավարական ազատությունների և մարդու իրավունքների պաշտպանության առկա պրոբլեմները նենգափոխելով ի դեմս հայ ժողովրդի թշնամու կերպարի կերտման, Ալիևը ԵԽԽՎ-ում ունեցած իր ելույթում արված շեշտադրումներով հաստատում է Ադրբեջանի ժողովրդավարացումից իր հրաժարումը: Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան հարևան պետության ղեկավարի հրապարակային հայատյաց ու ռազմատենչ հայտարարությունները դիտում է որպես խաղաղ կառուցողական երկխոսությունից խուսափելու, միջազգային գործընկերների ջանքերն անտեսելու և հայ ու ադրբեջանական ժողովուրդների և ընդհանրապես տարածաշրջանի ժողովուրդների միջև կայուն խաղաղության հաստատման համար քաղաքական պատասխանատվությունից խուսափելու փորձ:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031