Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեկտրաէներգիայի 4 դրամ թանկացումը 24 միլիարդի բեռ կբերի

Հուլիս 07,2014 20:01

Առաջին հայացքից էլեկտրաէներգիայի սակագնի 4 դրամ բարձրացումը յուրաքանչյուր ընտանիքի համար ամսական մեծ թիվ չէ, սակայն տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ էլեկտրաէներգիայի բարձրացումը Հայաստանի տնտեսության վրա մեծ ծանրաբեռնվածություն է բերելու:

Aravot.am-ի հարցին` թե արդյոք համարժեք է` հուլիսի 1-ից քաղծառայողների աշխատավարձերի բարձրացումն ու վերջին շրջանի գնաճն ու էլեկտրաէներգիայի թանկացումը, տնտեսագետն ասաց, որ թեեւ աշխատավարձերի բարձրացումը սոցիալական ուղղվածություն ունի եւ այն կարող է որոշակի մեղմել սպառողների վիճակը, բայց էլեկտրաէներգիայի թանկացումն այլ թանկացումների է հանգեցնելու:

«Ընդհանուր վերցրած էլեկտրաէներգիայի բարձրացումը մեր տնտեսության համար մեծ ծանրաբեռնվածություն է, 4 դրամով թանկացումը 6 միլիարդ կիլովատ ժամ սպառման դեպքում (6 միլիարդ կիլովատը Հայաստանի էլեկտրաէներգիայի սպառման ծավալն է), եթե հաշվենք, 24 միլիարդ դրամի ծանրաբեռնվածություն կբերի: Իսկ սա կապված է տնտեսության մնացած ճյուղերի հետ, եւ բնականաբար, այդ բարձրացումը ծանրաբեռնվածություն է տնտեսության մյուս ճյուղերի համար: Այդ ճյուղերի ծախսերն ավելանում են, հետեւաբար բոլոր ճյուղերում` արտադրություն, ծառայություն եւ այլն,  նորից գնաճ կլինի»,-նկատեց պարոն Եղիազարյանը:

Մեր այն դիտարկմանը, որ կառավարությունը 105 հազար աղքատ ընտանիքներին փոխհատուցելու է այդ 4 դրամը` սպառած էլեկտրաէներգիայի համար, տնտեսագետն ասաց, որ դեռեւս 2009 թվականի Համաշխարհային բանկը հետազոտություն է, իսկ 2009-ից գրեթե ոչինչ չի փոխվել, եւ ըստ այդ հետազոտության, որը աղքատ ընտանիքների` էլեկտրաէներգիայի  սպառման ծավալներին է վերաբերել, 10%-է կազմել հոսանքի սպառումը. «Էներգետիկ աղքատությունը մեր երկրում գնալով ավելանում է: Այսինքն, եթե մենք հիմա հաշվարկենք ինչպես որ ընդունված է միջազգային պրակտիկայում, եւ թե միջին կամ նվազագույն աշխատավարձով որքան էլեկտրաէներգիա կարելի է ձեռք բերել, ապա համեմատենք զարգացած երկրների նույն ցուցանիշի հետ, ապա էներգետիկ սպառման առումով աղքատ ենք: Ասենք 120 հազար միջին աշխատավարձի դեպքում 4000 կիլովատ սպառում է, սա փոքր թիվ է, քիչ են սպառում, նվազագույն աշխատավարձի դեպքում ավելի քիչ է սպառումը, այսինքն` էլեկտրաէներգիայի քիչ սպառումը խոսում է էներգետիկ աղքատության մակարդակի մասին ու այդ մակարդակն ավելի է բարձրանալու»:

Aravot.am-ի այն հարցին էլ` արդարացի՞ է արդյոք բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի ավելի շատ բարձրացումը, քան միջին օղակի, գումարած աղքատիկ կենսաթոշակներն ու գնաճը, տնտեսագետը նկատեց, որ աշխատավարձերի բարձրացման այդ քաղաքականությունը համահունչ չէ ներկայիս իրավիճակին. «Նման բարձրացումը արդարացի կլիներ, եթե երկրում լիներ տնտեսական առաջախաղացում, որոշումն ընդունվել էր այն հիմնավորմամբ, որ տնտեսությունում լուրջ առաջընթաց կլինի, եկամուտները կավելանան, բայց այդ ակնկալիքները չարդարացան: Ուստի ընդունած որոշումն ի կատար է ածվում մի ժամանակահատվածում, երբ, կարծես թե, այնքան էլ բարվոք վիճակում չենք, հետեւաբար առաջանում են լուրջ հակասություններ, ու այդ աշխատավարձերի բարձրացումը դառնում է աչք ծակող երեւույթ»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031