Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում սպառողն ավելի արագ է բացակայում շուկայից, քան` ապրանքը» (Տեսանյութ) 

Սեպտեմբեր 09,2014 15:13

Մինչ Հայաստանի կառավարության ներկայացուցիչներն ուրախանում են Ռուսաստանի տնտեսական պատժամիջոցներով եվրոպական երկրների նկատմամբ, ու հավաստիացնում, որ հայկական արտադրողների համար արտահանման ծավալներն ավելացնելու, ռուսական շուկան գրավելու հնարավորություն է, Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) վարչության անդամ, տնտեսագետ Զոյա Թադեւոսյանը վստահեցնում է, որ մենք չունենք բավականաչափ ներուժ այդ շուկան գրավելու համար: Հիշեցնենք, որ արգելվել է եվրոպական երկրների գյուղատնտեսական մի շարք ապրանքների ներմուծումը Ռուսաստան:

Այսօր «Ուրբաթ» ակումբում տիկին Թադեւոսյանն ասաց, որ Հայաստանում գյուղատնտեսությունը մոռացված, լքված վիճակում է, ուստի հնարավոր չէ այնքան արտադրություն ունենալ, որ ռուսական շուկան կարողանան գրավել: Օրինակ` Ռուսաստանն արգելել է եվրոպական կաթնամթերքները, իսկ Հայաստանում անասնապահությունը, եթե զարգացած լիներ, ապա ինչ-որ չափով հնարավոր կլիներ ռուսական շուկայի այն հատվածը, որը ժամանակին եվրոպական արտադրողներն էին լցնում, հայկական արտադրողները գրավեին: Տիկին Թադեւոսյանի դիտարկմամբ` գյուղացիական տնտեսությունները չեն կարողանում զբաղվել անասնապահությամբ.«Մեկ կով պահելը չի նշանակում անասնապահությամբ զբաղվել: Շիրակի մարզում գյուղացիները չեն կարողանում զբաղվել անասնապահությամբ, որովհետեւ արոտավայրեր չկան, կովը պետք է արոտավայր գնա, խոտ ուտի, բայց գյուղերում դա չի արվում, անասունը պահվում է գոմում, դուրս չեն գալիս արոտավայրեր, որովհետեւ արոտավայրերն ամբողջությամբ ցանկապատված են իշխանավորների կողմից, յուրացրել են, նրանց սեփականությունն է: Թե նրանց ինչի՞ն է դա պետք, ես չգիտեմ: Բացի այս, չկա տարի, որ գյուղատնտեսությունը վնաս չկրի, երաշտ, կարկուտ չլինի, կրծողներն են շատացել, հակակարկտային կայանները չեն կարողանում ժամանակին աշխատեցնել, համապատասխան տեխնիկա չկա, ամբողջությամբ ձեռքի աշխատանք են անում: Գյուղացիները կարող են դիմել լիզինգային ընկերություններ` մատչելի պայմաններով մեքենաներ ձեռք բերելու համար, կառավարության սուբսիդիաներն անորոշ տեղ են գնում, գյուղացուն չեն հասնում, դրա համար էլ հետ է մնում գյուղատնտեսությունը»:

Aravot.am-ի դիտարկմանը, որ էմբարգոյից ավելի շատ կարող են օգտվել պտուղ-բանջարեղենի եւ վերամշակման ոլորտի ներկայացուցիչները, ինչպես որ կառավարությունը վստահեցնում է, տիկին Թադեւոսյանն ասաց.«Նրանց վիճակն ավելի լավ չէ, ամբողջ բերքը փչացել է, ասում են այս տարի խնձորի լավ բերք է եղել, մնացած մրգերն էլ այն քանակությամբ չեն, որպեսզի արտահանվեն ու փակեն շուկան»:
Մեր մյուս հարցին՝ հնարավո՞ր է մեր շուկայում պտուղ-բանջարեղենի դեֆիցիտ առաջանա՝ եղածն էլ ռուսական շուկա արտահանելու պատճառով, տնտեսագետը բացառեց. «Կարծում եմ հնարավոր չէ, որովհետեւ Հայաստանում սպառողն ավելի արագ է բացակայում այդ շուկայից, քան ապրանքները, մեզ մոտ արտագաղթի ծավալներն այնքան մեծ են, որ այդպիսի խնդիր չի առաջանա: Մեր տնտեսության հետամնացության, զարգացման աճի դանդաղման պատճառը արտագաղթն է»:

Մանրամասն` տեսանյութում

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930