Լրահոս
Օրվա լրահոսը

Զրոյական վիճակից մինչեւ ինքնամաքրում

Սեպտեմբեր 26,2014 14:00

Նկարիչ Թենի Վարդանյանի ֆենոմենը

Թենի Վարդանյանին ներկայացնել իբրեւ ճանաչված եւ դափնիների պակաս չունեցող նկարիչ, շատ քիչ է: Նա անհատականություն է, արվեստագետ, որ իր ներսով «շոշափում» է ամեն ինչ: Տարիներ առաջ «Առավոտին» տված հարցազրույցում ՀՀ վաստակավոր նկարիչն ասել էր, թե երբ սիրում ես, ուժեղ ես: Ու իսկապես նրա սերը՝ մարդու ու բնության հանդեպ, սահման չի ճանաչում: Նրա կարճատեւ ինքնամեկուսացումներն էլ միջոց են, որ որոշ վերաարժեւորումներից հետո դրական էներգիայի ու սիրո ժայթքում լինի:

Teni_2

Թենի Վարդանյանի ձեւակերպմամբ, բոլոր ժամանակներում արվեստագետն ունենում է իդեալներ, նրա ստեղծածը տեղավորվում է ինչ-որ մանիֆեստի ու գաղափարախոսության համատեքստում: Ասում է՝ անգամ Սովետի ժամանակ են մանիֆեստներ եղել, դրանք ոչ միայն հասարակությանն են օգնում, այլեւ արվեստագետին: Այսօր վիճակն այլ է: «Չունենք արժեքների սանդղակը, բարձրագույն կետը»,-տարակուսած է նկարիչը: Այդ պատճառով էլ, ըստ նրա, մեր ստեղծագործողներն ամբողջ աշխարհից վերցնում են՝ ով ինչ կարող է, լավ ու վատ ձեւով, նոր հումք արտադրում, անունն էլ դնում արվեստ: Իրական արվեստը դա չէ, հետո այն չի կարող լինել շատ հանրային ու համընդհանուրի քիմքին հաճո. «Եթե կայացած է գաղափարախոսությունը, որի վրա պետք է հենված լինի մեր հայ արվեստը, դրանով նաեւ պետությունդ է կայացած, դո՛ւ ես կայացած…Իսկ այսօր ո՞ւր է մեր գաղափարախոսությունը, եթե կա էլ, ապա այնքան խղճուկ է, անշուք, հնացած, ասես նման լինի անտուն մարդկանց՝ homeless-ների գաղափարախոսությանը: Այո, արվեստագետներս կարող ենք ինչ-որ առումով մեղքը մեզ վրա վերցնել, բայց մեծ բլեֆի մեջ ենք, մեզ մոտ բլեֆի բարձրագույն աստիճան է՝ բոլոր տարածքներում, բացառվում է, որ լուրջ արվեստ լինի… Այսինքն՝ այն արժեքը, որով պետք է առաջ գնանք, չունենք, պետության իդեալը չկա, իսկ արվեստագետի համար նպատակը շա՜տ կարեւոր է…»:

Teni_1

Թենիի վերջին գործը կոչվում է «Զրոյական վիճակ»: Ինչպես միշտ, ինքն իր հանդեպ ամենախիստը տրամադրված լինելով, Թենին նեղսրտում է՝ «Միտքս զրո է, ամեն ինչ զրո է, համահունչ չենք՝ ես …իրականությունը: Քաոս է…» Բայց ո՞վ չգիտի, որ իր մոտ քաոսն էլ է դասակարգված: Դառնալով «Զրոյական վիճակին»՝ ասում է, որ հինգ-վեց ամիս տեւել է, մինչեւ ստեղծել է. «Անգամ հիվանդացա, ախր այնքա՜ն է տանում քեզանից, տալի՜ս ես, տալի՜ս ես, քեզ թվում է՝ ուր որ է կավարտես, մեկ էլ տեսնում ես՝ ամեն ինչ վերցրել է, ու էնքան հեռու է գնացել: Էլի ես փորձում մոտեցնել քեզ, ու էլի տեսնում ես, որ ինչ ունեիր՝ տվեցիր, պրծար, նորից հեռու է, խաբկանք է, թե մոտ է քեզ»:

Արվեստագետից տեղեկացանք, որ մարտին ցուցահանդես ունի Հաննովերում: Հրավերը աշխարհահռչակ գեղանկարիչ, քանդակագործ, գրաֆիկ Բրունո Բրունիի գալերիստ տիկնոջից է՝ Մարիտա Բրունիից:

Նրան գրավել է Թենիի ինքնատիպ մտածողությունը ու առաջարկել է գրաֆիկական գործերի ցուցահանդես կազմակերպել: «Ամենաաշխատող, կենդանի պրոցես ունեցող երեւույթներն իմ ջրաներկ աշխատանքներն են: Ես հաճույքով ընդունեցի նման ցուցահանդեսի առաջարկը: Իմիջիայլոց, հերթական զրոյական վիճակից հետո, երբ ուզում եմ կյանք վերադառնալ, անպայման սկսում եմ մի ջրաներկ աշխատանք անել»,- համոզված է Թենին: Մեր զրուցակցից տեղեկացանք, որ շուտով նաեւ գիրք կհրատարակվի «Անտիկյան ցուցասրահի» հիմնադիր Արմինե Անտիկյանի ջանքերով, որտեղ տեղ կգտնեն իտալացի ճանաչված արվեստաբաններից մեկի հոդվածները: Արվեստագետից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ ուրիշների նման սոցցանցերը չի օգտագործում իր աշխատանքները տարածելու, իր արվեստը քարոզելու համար: «Դա ինձ համար չէ, ես դա չեմ ընկալում, արվեստը շատ անձնական պրոցես է, անգամ նկարը դիտելն էլ է անձնական, փակ տարածք ու ներխուժումները ճիշտ չեն, ամեն քայլափոխի կարող է ֆալշ լինել», -պատասխանում է Թենի Վարդանյանը: Նաեւ հավելում է, որ չնայած մեր օրերում սխալ գործելու, ոչնչանալու ու արժեքը ոչնչացնելու հավանականությունը մեծացել է, էլի արվեստն է միակ տեղը, որտեղ կարող ես ներանձնանալ, պաշտպանված զգալ ու ապահովագրվել նոր սխալից, բայց այդ դեպքւոմ էլ պետք է պատասխանատվությունդ զգոն լինի, որպեսզի դեպի մինուս չգնաս:

Արվեստագետը յուրատեսակ ինքնամաքրման փուլում է, ասում է՝ ֆալշերից, հատկապես մարդկային որակների, ձերբազատվել է, ճանապարհին բաց թողած բաները նորից է վերաարժեւորում, մեկ-մեկ էլ, իր խոսքով, կյանքը հետաքրքիր տեղեր է տանում: Մի բան է միայն նույնը մնացել՝ ամեն լավ բանից կարող է ուրախանալ, թեկուզ լավ ֆիլմից, սիրուն լուսաբացից, թոռներից, երկնքում նշմարվող ուղղաթիռից…

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930