Լրահոս
Օրվա լրահոսը

Ալավերդուց Բերդավան վերաբնակված ընտանիքի անդամները դատվել են

Հոկտեմբեր 10,2014 10:58

Դատավոր Զոյա Զաքինյանը Երվանդ Թորոսյանի արարքը վերաորակավորել է
Ալավերդուց Նոյեմբերյանի սահմանամերձ Բերդավան գյուղում վերաբնակված, բերդավանցի 73-ամյա Հենրիկ Ռեւազյանի հետ ամուսնացած կնոջ հետ վերաբնակվել է նաեւ կնոջ որդին՝ Արթուր Թորոսյանը: Հետո նրանց է միացել, Բերդավանում վերաբնակվել Արթուրի հորեղբոր որդին՝ Երվանդը:

Արթուր եւ Երվանդ Թորոսյանները մեղադրվում են բանում, որ 2013թ. հուլիսի 5-ին ոգելից խմիչքի ազդեցության տակ հայհոյանքներ են հնչեցրել, խուլիգանություն են կատարել բերդավանցի Սարգիս Սեւինյանի նկատմամբ՝ նրա մարմնի տարբեր մասերին հասցնելով վնասվածքներ: Ա. Թորոսյանը հավաքված բերդավանցիների ուղղությամբ նետել է մետաղյա խողովակ՝ որից Աիդա Սեւինյանի ոտքը կոտրվել է:

2013թ. դեկտեմբերի 12-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը Արթուր Թորոսյանին դատապարտել է 5, Երվանդ Թորոսյանին՝ 4 տարի 8 ամիս ազատազրկման: Նրանց պաշտպանը բողոքարկել է այդ վճիռը, 2014թ. ապրիլի 9-ին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը բավարարել է բողոքը եւ գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

Սեպտեմբերի 25-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը որոշել է Երվանդ Թորոսյանի կատարած արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասից վերաորակավորել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով, նրա վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճել եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ տուժողի հետ նրա հաշտվելու կապակցությամբ: Զ. Զաքինյանը վճռել է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով Արթուր Թորոսյանին արդարացնել՝ նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառով, Ա. Թորոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով եւ նրան դատապարտել ազատազրկման 4 տարի, 8 ամիս ժամկետով:

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցները 2014թ. մարտի 7-ին Բերդավան գյուղի բնակիչ Հենրիկ Ռեւազյանի տանը խուզարկությամբ հայտնաբերել են 13 հատ 5.45 մմ եւ 1 հատ 7.62 մմ տրամաչափի մարտական փամփուշտներ: Ռեւազյանն այդ փամփուշտները 2011թ. աշնանը գտել է գյուղի հարակից տարածքում եւ պահել իր տան նկուղում: Հուլիսի 17-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը վճռել է Հ. Ռեւազյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով եւ նրան դատապարտել է 1 ամսվա կալանքի, նաեւ կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, վճռեց պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանելով 1 տարվա փորձաշրջան:

Արթուր Քոչարյանի կնոջը՝ 1988թ. ծնված Անուշ Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. աշնանը առանց իրացնելու նպատակով «Գարդուշ» հանդամասից ապօրինի ձեռք է բերել 9.63 գրամ հաստատուն չոր քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց: Սեպտեմբերի 2-ին դատավոր Զ. Զաքինյանը Ա. Մելքոնյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ նրան դատապարտել ազատազրկման՝ մեկ տարի ժամկետով:

Դատավորը որոշել է կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը եւ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ փորձաշրջան նշանակելով մեկ տարի ժամկետով:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031