Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բացի ՀՀ ներկայիս նախագահից, այլ նախագահ չի տեսնում: Պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե պատկերացնո՞ւմ է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ՀՀ նախագահի պաշտոնին, պարոն Մարգարյանն ասաց. «Ես կարճ ու հստակ պատասխանեմ, իմ անձնական կարծիքն է` մենք ունենք մեր երկրում նախագահ` Սերժ Սարգսյանը, որը նաեւ իմ կուսակցության նախագահն է»:
Նշենք, որ երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ասել է` «Եթե իմ քաղաքական գործընկերները, հանրությունը ներկայացրեցին, որ իմ կարիքը կա այդ դժվարին պահին, որ իմ թեկնածությունը պետք է դնել, հիմա ասում եմ, որ ես դրան էլ եմ պատրաստ»:
Այսօր Եռյակի հանրահավաքից իշխանափոխության գործընթաց ու թեժացում պատկերացնո՞ւմ է, այս հարցին էլ պարոն Մարգարյանը այսօրվա թեժացում ասելով պատկերացրեց «Երեւան-2025» միջազգային կոնֆերանսը ու սկսեց կոնֆերանսի նպատակների մասին խոսել, որի մանրամասները կարող եք դիտել տեսանյութում:
Ապա պարոն Մարգարյանը նշեց, որ իշխանափոխության գործընթաց այսօր չի սկսվի, քանի որ դրա համար ոչ մի հիմք չկա, իսկ ներկայիս իշխանությունը, ըստ քաղաքապետի, իր տեղում աշխատում է:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































