«Պարոն Խաչատրյան, ձեր կառավարության 100 էջանոց փաստաթղթում ընդամենը 2 անգամ կա հիշատակում կոռուպցիայի մասին: Ձեր կառավարությունը կոռուպցիա ասելով՝ հասկանում է ցածր օղակներում տեղի ունեցող կոռուպցիոն իրողությունները: Մինչդեռ Սերժ Սարգսյանը երկու տարի առաջ ասել էր, որ խոշորներին պետք է բռնել: Ես ձեզ այս հարցը չեմ տալիս ձեզ վատ վիճակի մեջ դնելու կամ նեղելու համար, ուղղակի ուզում եմ հասկանալ ձեր զգացողությունները»,-այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը 2015-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այսպիսի հարց ուղղեց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին:
Նա ասաց. «Հպարտությամբ ասում եք, որ բազային կենսաթոշակը 14 հազարից կդառնա 16 հազար դրամ: Ինչպե՞ս պետք է թոշակառուն ընկալի ձեր հայտարարությունը, երբ սպառողական զամբյուղն այսօր արդեն 56 հազար դրամ է: Դուք, երկար տարիներով լինելով պետական պաշտոնյա, հայտարարագրում եք 6 մլն դոլար: Ի՞նչ զգացողություն պետք է ունենա մանկավարժը, երբ հպարտությամբ ֆիքսում եք Ձեր բերած բյուջեի ուղերձում, որ միջին աշխատավարձը 152 հազար դրամից կդառնա 153 հազար 300 դրամ, երբ հիմա Դուք ԱԺ ամբիոնում կանգնած եք եւ Ձեր հագի կոստյումն արժի մոտավորապես այդ նույն մանկավարժի 4 տարվա աշխատավարձը: Ինչպիսի՞ զգացողությամբ եք բաշխում այս թվերը թոշակառուներին՝ 1000 դրամ, մանկավարժներին՝ 1100 դրամ՝ գիտակցելով, որ Դուք անձամբ այս ընթացքում, պետական պաշտոնյա լինելով՝ կուտակել եք միլիոնավոր դոլարներ»:
Գագիկ Խաչատրյանը պատասխանեց, որ «Ձեր կոստյումն էլ ավելի թանկ կլինի, քան սահմանային գյուղում բնակվող խեղճուկրակ քաղաքացու կոստյումը: Ինչ վերաբերում է իմ հայտարարագրին, ես որեւիցե խնդիր չունեմ, դրանով պետական համակարգերը զբաղվել են, ճշտել»:
Փաշինյանն առաջարկեց, որ երկուսն էլ կոստյումները հանեն եւ հանձնեն ԱԺ մուտքի մոտ լրագրողներին. «Թող հավաքվեն մուտքի մոտ, որպեսզի այդ կոստյումները հանձնենք, թող լրագրողները հանեն, վերեւի մասը ցույց տան, չենք մրսի, շատ ցուրտ չի: Թող փորձագետներն ասեն իմ կոստյումն ինչ արժի, ձերն ինչ արժի, հասկանան, թե իմ ասածի տակ ինչ կա, ձեր ասածի տակ ինչ կա՝ ինչպես ասում են՝ հազարավոր բառերի փոխարեն: Դուք 96-ից եղել եք բացառապես պետական պաշտոնյա եւ կուտակել եք 6 մլն դոլար»:
Գագիկ Խաչատրյանը առաջարկը չընդունեց. «Լրագրողների մոտ հանվելու ունակություն ես ձեռք չեմ բերել եւ ցանկություն չունեմ, եթե դուք ունեք, կարող եք հանվել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































