Լրահոս
Օրվա լրահոսը

Հայը եւ հոգեւորը. Հայը եւ երաժշտությունը

Նոյեմբեր 11,2014 21:30

Մարդկության ամենամեծ թշնամին […] մարդկային սրտի, մարդկային երևակայության գռեհկությունն է:

Իոսիֆ Բրոդսկի

 

Ես ձեզ ասում եմ՝ կգա Ոգու սով…

Ավետիք Իսահակյան

Հայերը երաժշտության բնագավառում շատ հաջողակ են: Համեմատենք նրանց իրենց հարևանների հետ: Թուրքական և պարսկական նոր երաժշտության մեջ մեծ է հայերի ներդրումը՝ եվ նույնիսկ հիմա էլ Իրանում դասական երաժշտության ռահվիրան Լորիս Ճգնավորյանն է: Ադրբեջանական դասական Կարա Կարաևի, ինչպես և այլ շատ շատերի ուսուցիչը եղել է Արամ Խաչատրյանը, այնտեղ հեղինակություն էր Անդրեյ Բաբաևը: Սերգեյ Բալասանյանը Միջին Ասիայում եղել է ազգային երաժշտական արվեստի հիմնադիրներից:

Հայերն ունեցել են և ունեն հիանալի կատարողներ՝ ջութակահարներ, դաշնակահարներ և այլն: Ե՛վ սովետական և՛ արտասահմանյան մրցույթներում կտեսնեիր հայ մասնակիցների անուններ: Եվ հիմա էլ ունենք: Միայն երիտասարդ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի անունն ինչ ասես արժե: Մեզ հարևան ժողովուրդներից դասական երաժշտությանն մեջ մեզ հետ քիչ թե շատ համեմատելի են վրացիները՝ նրանց մեջ էլ եղել են և կան նշանավոր կոմպոզիտորներ, երգիչներ, կատարողներ: Բայց ոչ առանց հայերի ներկայության: Այսպես, հայտնի վրացական սովետական կոմպոզիտոր Վանո Մուրադելին հայ էր: Ընդհանրապես, դասական երաժշտության կատարողական արվեստում միշտ աչքի են ընկնում մի քանի ազգի անուններ՝ ռուս, հրեա, գերմանացի, հիմա նաև՝ չինացի, ճապոնացի: Եվ նրանց թվում՝ հայեր: Եվրոպական զարգացած ազգերի մեծամասնության մեջ ներկայումս բարձրակարգ կատարողները քիչ են: Դա շատ աշխատանք է պահանջում: Կարելի է մենակատարին կամ կոնցերտմայստերին արտասահմանից հրավիրել: Թեկուզ Հայաստանից:

Արամ Խաչատրյանը առաջին մեծության համաշխարհային աստղ է: Կոմիտասը և Չուխաջյանը՝ մեզ համար հսկա մեծություններ: Սովետական Միությունում և այլուր հայտնի էին Բաբաջանյանը, Խուդոյանը, Միրզոյանը, Հարությունյանը, Տերտերյանը, Թարիվերդիևը (և էլի կան): Թեև հայերի երաժշտական տաղանդը դրսևորվել է հատկապես սովետական կայսրության մեջ, բայց ասենք, որ ամերիկյան շատ նշանավոր կոմպոզիտոր Ալան Հովհաննեսն էլ հայ է եղել (կիսով չափ) և բազում գործեր է գրել հայկական թեմաներով: Ինչպես ասում էր Էդուարդ Միրզոյանը, եթե երաժշտությունը հնարավոր լիներ ֆուտբոլի պես հավաքականներով ներկայացնել, մեր հավաքականը կլիներ աշխարհի ուժեղագույններից մեկը: Ոչ մի զարմանալի բան: Ինչպես որ մեր շախմատային հավաքականն է աշխարհի ամենաուժեղներից մեկը:

Այսպիսով, կարելի է ասել, որ մենք նշանակալի երաժշտական մշակույթ ունեցող ժողովուրդ ենք: Ունեցել ենք հիանալի ժողովրդական, աշուղական և հոգևոր երաժշտություն:

Երաժշտությունը արվեստների թագուհին է: Եթե մյուս արվեստներում դիմում են լեզվի, պատկերների կամ մարմնի շարժումների օգնությանը, երաժշտության, հատկապես ոչ երգային երաժշտության մեջ այդպես չէ՝ միայն ձայներ: Դրանցով ես արտահայտում հոգեվիճակներ, զգացումներ, պայքար, սեր և այլն: Բացառիկ հոգևոր արվեստ է: Եվ այդ հոգևորը ոգեշնչում է նաև մարմինը: Իզուր չէ, որ բոլորից երկար են ապրում դիրիժորները և աստղագետները: Եվ եթե աստղագետները մշտական շփման մեջ են տիեզերքի անհունի, ապա դիրիժորները՝ մարդու հոգու մեծագույն ստեղծագործական դրսևորումների հետ:

Իսկ ներկայումս ի՞նչ են լսում հայերը: Անկասկած ինչ-որ մարդիկ ինչ-որ նորմալ երաժշտություն լսում են, կատարում և այլն: Չէ՞ որ կա կոնսեվատորիա, կան կոմպոզիտորներ, սիմֆոնիկ և կամերային նվագախմբեր: Ջազ, պոպ, ռոք խմբեր… Ուսուցանվում է դասական, ժողովրդական, աշուղական երաժշտություն:

Բայց… Ռաբիսը ծածկել է ամեն ինչ:

Եվ ի՞նչ մակարդակով: Ռեստորանում, կամ այլուրեք, քեֆերի ու հարսանիքների ժամանակ երաժշտությունն այնպիսի ուժգնության պետք է լինի, որ մասնակիցը պարզ գիտակցի, որ հարսանիքը պատերազմի պես մի բան է՝ տուն կվերադառնաս, կամ ոչ՝ կարող է զոհ գնաս աղմուկին: Երևի, երբ գյուղում հարսանիք էին անում, գիշերը երաժշտությունն այնպես պիտի զլեին, որ հարևան գյուղում չքնեին, իմանային ու նախանձեին՝ տեսեք, թե մեր գյուղում հարսանիքը ոնց են անում: Երբ գյուղացին տեղափոխվեց քաղաք, ճոխ հարսանիքով ու քեֆով իր հեղինակությունը բարձրացնելու և հարևանին ստորացնելու գյուղական «մշակույթը» հասցվեց նոր բարձրության: Դրան նպաստեց, առաջին հերթին, ձայնային էլեկտրական ապարատների զարգացումը, երբ ամեն մի անձայն երգչի կամ քոսոտ դուդուկչիի արտաբերած ձայները կարելի է հասցնել տիեզերական հզորության:

Մոտ տաս տարի առաջ, Թբիլիսիում մի գիտաժողովի ավարտական բանկետն էր ռեստորանում: Խոսում էր թամադան, մի ծեր գիտնական: Խոսում էր հանգիստ, դանդաղ, ցածր ձայնով: Եվ հանկարծ, օ՜ սարսափ, դահլիճ մտան և անկյունում դրված երաժշտական գործիքներին մոտեցան երեք ամրակազմ երիտասարդներ: Ես, և ոչ միայն ես, այլ, կարծում եմ, մեր ողջ հայկական պատվիրակությունը սահմռկեց: Այդ երիտասարդների հզոր, հաստավիզ մարմինները ոչ մի լավ բան չէին խոստանում: Բայց նրանք սկսեցին երգել, իսկ թամադան իր ձայնը չբարձրացրեց: Երգում էին մեղմ, ցածր ձայնով, թեև ունեին միկրոֆոններ և ուժեղացուցիչներ, երգում էին բազմաձայն, իրենց ժողովրդական երգերը: «Մի երգիր գեղեցկուհի ինձ մոտ երգերը Վրաստանի թախծոտ» (Ա. Պուշկին): Եվ ես ուզում էի լսել ոչ թե թամադային, այլ երգիչներին: Այդպիսի անսպասելի հաճելի պահեր իմ կյանքում շատ չեմ ունեցել:

*           *           *

Ի՞նչ է ռաբիսը: Հայկական հասարակության ամենացածր խավի՝ գյուղացիության ամենահետամնաց շերտի և նրա «ծոցից ելած» քաղաքային բնակչության նշանակալի մասի սիրելի ադրբեջանական երգերի հայերեն փոխարինորդը: Լինելով որոշակի սոցիալական խավի արվեստ, այն դարձել է նաև համապատասխան կենսակերպ և փիլիսոփայություն:

Աշխարհում մենք միակը չենք: Ջազը նույնպես ստեղծվել է ամերիկյան հասարակության ամենացածր խավի՝ սևամորթների մեջ, նրանց երաժշտությունից: Իսպանական ֆլամենկոն Անդալուսիայի գնչուների, այսինքն՝ ամենացածր խավի երաժշտությունն է, որի հիմնական տարրն էլ արաբական է, ոչ իսպանական: Կան էլի նման բաներ աշխարհում՝ հունական ռեբետիկոն, ռուսական քրեական «բլատնոյ» երգը: Սրանք բոլորի մեջ կա ոգի և հոգի: Ջազը սերել է սևամորթների հոգևոր երաժշտությունից՝ սպիրիչուելզից, որ անվանումը հենց կապված է spirit «հոգի» բառի հետ: Ֆլամենկոն հոգու երաժշտություն է՝ համարվում է, որ ֆլամենկո կարող է երգել միայն նա, ով duende «ոգի» ունի: Ֆլամենկո ոճով երգվում են նաև Իսպանիայի մեծագույն բանաստեղծների գործերը: Ռուսական «բլատնոյ» ոճով է ստեղծագործել Վլադիմիր Վիսոցկին:

Ռաբիսը բացառիկ է: Այնտեղ հոգևոր բաղադրիչ չկա կամ հասցված է մինիմումի: Նոր ռաբիսը հիմնականում ռեստորանի, ուտել-խմելու, ծնունդ-կնունքի, հարսանիքի երաժշտություն է (առաջներում ռաբիսի հիմնական ոլորտը թաղումներն էին): Եվ կատարումը որոշակի ձև և «կուլտուրա» է պահանջում: Թեմատիկան հետևյալն է՝ ազգականներ («ախպեր», հայր, մայր, որդի, թոռ), ընկերություն-ախպերություն, և իհարկե, սեր, իր դասական «համփյուրներով», հաճախ թխված աշուղական ու ադրբեջանական նմուշներից՝ «ջեյրանը դու ես» (ուզում է ասել «դու ջեյրան ես», «ջեյրանի պես գեղեցիկ», բայց թուրքական եղանակի վրա հայերեն հանգն ու վանկը ավելի լավ բռնացնել չի կարողացել): Ռաբիսի տակ պարում են: Մեր դպրոցներում պար չեն անցնում և մարդկանց մեծամասնությունը պարել չգիտե: Ինչ-որ շարժումներ են անում, նմանակելով ադրբեջանական, ամերիկյան, հիմա արդեն նաև արաբական պարերը:

 

Արմեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հոդվածը կիսատ էր, ինչ որ շատ կարևոր բան հեղինակը չի ասում: Ինչևէ, հոգևոր կրթությունը և դաստիարակությունը սկսվում են դեռ նրանից, թե ինչ է լսել մայրը հղի վիճկում և պետք է երաժշտական մշակույթի կրթությունը սկսել ընտանիքից մանկապարտեզից, դպրոցի տարրական դասարաններից, մինչև փողոցային ճաշակի հարձակումը:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930