Լրահոս
Օրվա լրահոսը

Ծեծի ենթարկված Սուրեն Սարգսյանի ուղերձը. «Շնորհակալություն, Սերժ Սարգսյան»

Դեկտեմբեր 13,2014 15:30

Ազատամարտիկը վստահեցնում է, որ իշխանությունները չարաչար սխալվել են, երբ փորձել են այսպես հաշվեհարդար տեսնել իր հետ

«Շնորհակալություն, Սերժ Սարգսյան»,- «Առավոտի» հետ զրույցում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսպիսի ուղերձ հղեց ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինքի» վարչության անդամ Սուրեն Սարգսյանը:

Հիշեցնենք, որ օրերս 4 դիմակավորված անձինք հարձակվել եւ ծեծի էին ենթարկել նրան՝ այն աստիճանի, որ ազատամարտիկն արյունլվա ընկել էր փողոցում: Սուրեն Սարգսյանն արդեն 3-րդ օրն է՝ հիվանդանոցում է եւ դեռ մի քանի օր պետք է մնա բժիշկների հսկողության տակ: Նա կատարվածը կապում է իշխանությունների հետ եւ հենց դրա համար է շնորհակալություն հայտնում Սերժ Սարգսյանին:

Բացի Սուրեն Սարգսյանից, վերջին օրերի ընթացքում ծեծի են ենթարկվել նաեւ ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանն ու Մանվել Եղիազարյանը:
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ազատամարտիկների ծեծի հետ կապված՝ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ եթե նրանք խնդիր ունեն, թող գան հայտարարություն տան: Սուրեն Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չի պատրաստվում դիմել իրավապահ մարմիններին, քանի որ մեր իրավապահ մարմինները չեն ծառայում հանրության շահերին. «Կարգն այսպես է՝ դեպքը եղել է, իրենք պարտավոր են հետաքննել: Իմ դիմել-չդիմելը իրենց համար հիմք չէ: Ես չեմ դիմելու, նրանք կամակատար, ծառայող կազմակերպություններ են եւ խախտել են Սահմանադրությունը»:
Սուրեն Սարգսյանի մեկնաբանությամբ՝ «Իշխանությունները, ապօրինի լինելով, ստեղծել են ապօրինի հանցախմբեր: Նրանք փորձում են նմանատիպ հաշվեհարդարներ տեսնել մեզ հետ: Իհարկե, չարաչար սխալվեցին, որ փորձեցին, բայց՝ համենայնդեպս: Այս իշխանության ղեկին Սերժ Սարգսյանն է»:

Մեր հարցին՝ այս ընթացքում Դուք ակտիվ չէիք, հակաիշխանական ելույթներ չէիք ունենում, ինչո՞ւ հիմա հաշվեհարդար տեսան, նա պատասխանեց. «Չեմ կարող ասել, թե ինչու այս պահն ընտրեցին: Ընտրողն իրենք են, մենք էլ շնորհակալ ենք, որ այսպիսի ճանապարհ ընտրեցին: Մենք, իրոք, ազատամարտիկներով շատ գոհ ենք: Ողջույններս Սերժիկ Սարգսյանին»:

Մեր հարցին՝ ի՞նչ եք պատրաստվում անել առաջիկայում, ի՞նչ քայլերի եք դիմելու՝ Սուրեն Սարգսյանը պատասխանեց. «Ես ասում եմ՝ շնորհակալություն այս իշխանություններին, որ որոշեցին մեզ ծեծել: Իմ ասածի ենթատեքստում թող իրենք հասկանան այն, ինչ ուզում են հասկանան, ապրեն իրենք»:

Սուրեն Սարգսյանն ասաց, որ հիմա իրեն համեմատաբար նորմալ է զգում, բայց բժիշկները որոշել են հսկողության տակ պահել, որպեսզի հանկարծ բարդություններ չծագեն: Սուրիկ Սարգսյանի խոսքերով՝ «Պահում են, որպեսզի հետագայում չստեղծվեն խնդիրներ՝ իշխանության համար»: Սուրեն Սարգսյանը հարվածներ է ստացել գլխի շրջանում, գլխուղեղի կոտրվածք, պատռվածք. «Սալջարդ է եղել նաեւ մարմինս: Հարվածում էին ձեռքերով: Ես չէի սպասում: Ինձ թվաց՝ հատուկ զորքերը՝ հատուկ ջոկատայիններն են եկել, դրա համար պաշտպանվելու խնդիր չդրեցի իմ առաջ: Սեւ համազգեստով էին, ամբողջությամբ սեւ էին՝ սեւ դիմակներով, գլխարկներով: Ես մտածեցի՝ երեւի ուղարկել են ընդամենը ինձ բերման ենթարկելու: Նրանք հատուկ պատրաստված էին: Նրանց ինչքան հրահանգ էին տվել, այդքան հարվածեցին, գնացին: Ամբողջովին արյունլվա եղա»:
Սուրեն Սարգսյանն ասաց, որ չի տեսել, թե ինչ մեքենայով են եկել դիմակավորված անձինք, հետեւաբար մեքենայի համարներն էլ չի կարող ասել: Մեր հարցին՝ տարածքում ուրիշ մարդիկ կայի՞ն, վկաներ եղե՞լ են, նա պատասխանեց, որ ոչ ոքի չի տեսել:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Nara says:

    Սուրեն ջան, Սերժ Սարգսյանը ոչ մի կապ չունի այս այլանդակության հետ: Ինչքաաաան միամիտ եք: Սա ամենաքիչ Սերժին էր պետք, և ուղղված է հե՛նց Սերժի դեմ: Հո մանկապարտեզ չի?? Ուրեմն չեք հասկանում?? Շուտ ապաքինվեք: Առողջություն եմ Ձեզ ցանկանում:

  2. վահան says:

    Հնարավոր է որ իսկապես կապ չունի արդեն: Ուրեմն կամ պիտի կապվի ու բացահայտի, կամ չբացահայտողին բացահայտի, կամ էլ ընդունի որ ինքն ընդհանրապես կապ չունի ու թողնի հեռանա: Ուրիշ տրամաբանական վարք դժվար է մտածել այս դեպքում: Կարելի է իհարկե, երդվել որ խաբար չի, անհայտ, անկառավարելի ուժեր են հայտնվել ասպարեզում, որոնց դեմ բոլորն անզոր են ու պիտի լռեն, որ չծեծվեն …

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031