Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանում տնտեսական իրավիճակի բարելավման վրա հույս դնելն անիմաստ է

Հունվար 15,2015 16:00

Ըստ քաղաքագետ Արմեն Գրիգորյանի` ՌԴ-ից կախվածությունը հաղթահարելու համար մտածելակերպի փոփոխություն է անհրաժեշտ

– Դեկտեմբերից Հայաստանում դրամի արժեզրկումը կտրուկ գնաճի նպաստեց: Ինչո՞ւ արժեզրկվեց դրամը: Ռուսաստանում ձեւավորված իրավիճակում մեր իշխանությունները ի՞նչ քայլեր կարող էին ձեռնարկել:

– Դեկտեմբերին տեղի ունեցած դրամի կտրուկ արժեզրկումը կրկին ընդգծեց Ռուսաստանից կախվածության վտանգավորությունը: Խնդիրը միայն Հայաստանից Ռուսաստան արտարժույթի արտահանումը չէ: Ամենամեծ չարիքն առհասարակ Հայաստանի տնտեսության կառուցվածքն է եւ կառավարության քաղաքականությունը: Դիտարկենք տրանսֆերտներից կախվածության հանգամանքը. 2013թ. տրանսֆերտների ընդհանուր գումարը կազմել էր մոտ 1,87 մլրդ դոլար, որից 86%-ից ավելին` Ռուսաստանից, ու ոմանք ենթադրել են, որ մոտավորապես նույնքան պետք է 2014-ին ստացվեր: Մինչդեռ գոնե պետական քաղաքականության մշակմամբ զբաղվողները պիտի հասկանային, որ Ռուսաստանում տնտեսական անկման հնարավորությունն արդեն շատ մեծ էր, եւ այն հանգեցնելու էր տրանսֆերտների կրճատման:

Դեռեւս 2013թ. սեպտեմբերին առիթ եմ ունեցել նշելու, որ Ռուսաստանի բյուջեի ծախսերի նախատեսված կրճատումը` հատկապես կրթության, առողջապահության եւ սոցիալական ոլորտներում, ինչպես նաեւ ԱՄՆ-ում նավթի արդյունահանման աճը եւ ներկրման ծավալների կրճատումը, իսկ մոտ ապագայում` նաեւ արտահանման հնարավորությունը թույլ են տալիս ենթադրելու, որ Ռուսաստանում զգալի տնտեսական անկում է տեղի ունենալու. անկման հավանականությունը մեծանում էր նաեւ այլ գործոնների, մասնավորապես՝ Չինաստանի տնտեսական աճի տեմպերի դանդաղեցման եւ համապատասխանաբար` նավթի ներկրման ծավալի կրճատման պատճառով, իսկ միաժամանակ Չինաստանը թերթաքարային տեխնոլոգիաներն է զարգացնում` ներկրման ծավալի հետագա կրճատման հեռանկարով: Կա նաեւ ԵՄ-ի կողմից ռուսական գազի օգտագործման ծավալի աստիճանական կրճատման գործոնը:

Publi-c97

Եվ եթե տրանսֆերտների կրճատման ընթացքին ենք հետեւում` ակնհայտ է, որ այն սկսվել էր դեռեւս 2014թ. գարնանը, երբ նավթի գնի զգալի անկում տեղի չէր ունեցել, իսկ հունիսից տրանսֆերտների գումարի նվազումն արդեն խոշոր չափի է հասել. հունիսից սեպտեմբեր հատվածում համապատասխանաբար 6.2%, 8.7%, 9.1% եւ 8.6% պակաս, քան անցած տարվա նույն ամիսներին:

Պետության կառավարման համար պատասխանատուները պետք է իրավիճակը գնահատելու ընդունակ լինեին եւ ուղղակի պարտավոր էին միջոցներ ձեռնարկել թե տրանսֆերտներից կախվածությունը, թե առհասարակ Ռուսաստանից կախվածությունը կրճատելու համար: Մինչդեռ վարվել է անպատասխանատու եւ ավելին` հանցավոր քաղաքականություն, որը ներառել է թե Եվրասիական միությանը հապճեպորեն միանալուն ուղղված գործողություններ (կարելի է հիշել՝ ինչպես էին որոշ պաշտոնյաներ գլուխ գովում, որ ռուսները «հիացած» են նախապատրաստման գործընթացի տեմպերով), թե փոքր եւ միջին բիզնեսի ոչնչացման շարունակությունը, թե մենաշնորհների ամրապնդմանն ուղղված գործողությունները (վերջերս էլ էկոնոմիկայի նախարարը կրկին արդարացնում էր մենաշնորհների գոյությունը), թե արտարժույթի պահուստների մսխումը (դրամի փոխարժեքն արհեստականորեն պահելու համար Կենտրոնական բանկը հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում մոտ 714 մլն դոլար է վաճառել, այնուհետեւ նույնպես շարունակել է ինտերվենցիաները` ընդհուպ մինչեւ մեկ օրվա ընթացքում 31 մլն դոլար վաճառելը):

Ակնհայտ է, որ այս տարի տրանսֆերտների հաշվին ապրելու հնարավորությունը դարձյալ կրճատվելու է` թե ռուբլու ցածր փոխարժեքի, թե ռուսական աշխատանքային շուկայում վատ կոնյունկտուրայի հետեւանքով աշխատատեղերի զգալի կրճատման պատճառով: Ու մանավանդ փոքր եւ միջին բիզնեսի զարգացումն այժմ առավել եւս կենսական անհրաժեշտություն է` աշխատատեղերի ստեղծման համար, որը, մասնավորապես, հնարավորություն կտար մեղմել Ռուսաստանում աճող գործազրկության պատճառով եկամուտներից զրկվող քաղաքացիների վիճակը: Բայց հնարավոր չէ կառավարությունից որեւէ լուրջ գործողություն ակնկալել` իրավիճակը մեղմելու նպատակով, եւ ընդհանուր առմամբ լավատեսության քիչ հիմքեր կան. 2015թ. Հայաստանի քաղաքացիների զգալի մասի կենսամակարդակի անկում է տեղի ունենալու: Ռուսաստանում տնտեսական իրավիճակի բարելավման վրա հույս դնելն էլ անիմաստ է` հաշվի առնելով թե էներգակիրների շուկայի կոնյունկտուրան, թե Ռուսաստանի կողմից խելամիտ քաղաքականության իրագործման անհավանականությունը:

– Այս պայմաններում ի՞նչ օգուտներ կարող է ակնկալել Հայաստանը ԵՏՄ անդամակցությունից:

– Հայաստանի` Եվրասիական միությանն անդամակցելը ոչ միայն տնտեսական օգուտ չի բերի, այլեւ կարող է մոտ ապագայում տարածաշրջանում ապակայունացման, ավելի կոնկրետ` ռուսական ագրեսիայի հերթական ալիքի պատրվակ դառնալ: Ակնհայտ է, որ Հայաստանի անդամակցությունն այդ միության մյուս անդամների համար տնտեսական որեւէ հետաքրքրություն չի ներկայացնում, եւ Ռուսաստանի կողմից Հայաստանին այդտեղ ներքաշելը քաղաքական շահ է հետապնդել` որքան էլ ռուս եւ հայ պաշտոնյաները, ինչպես նաեւ անդամակցության մյուս կողմնակիցները պնդեն, որ միությունը զուտ տնտեսական է: Հավանական է, որ Հայաստանի անդամակցությունն օգտագործվելու է որպես Վրաստանի նկատմամբ լրացուցիչ ճնշում բանեցնելու առիթ: Ռուսական կողմը չի էլ թաքցնում, որ Հայաստանի հետ կայուն տրանսպորտային կապ ապահովելը միայն պատրվակ է, իսկ իրական նպատակները ռուսական ռազմակայանի հետ ցամաքային կապ ունենալն է, ինչպես նաեւ Վրաստանում ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների ստեղծման եւ ԵՄ-ի հետ հետագա մերձեցման թույլ չտալը: Վերջին խնդրի լուծմանն է ուղղված նաեւ ռուս-աբխազական եւ այժմ նախապատրաստվող՝ ռուս-հարավօսական պայմանագրերի կնքումը եւս:

– Ի՞նչ անհրաժեշտ քայլեր է հարկավոր իրականացնել, որպեսզի փոքր-ինչ մեղմվի մեր երկրի կախվածությունը Ռուսաստանից:

– Ռուսաստանից կախվածությունը հաղթահարելու համար մտածելակերպի փոփոխություն է անհրաժեշտ, այն մտածելակերպի, որը երբեմն «տաքսու վարորդի» հավաքական կերպարին են վերագրում: Դա ներառում է, այսպես ասած, «Ռուսաստանի անպարտելիության կանխավարկածը», ըստ որի՝ «Ռուսաստանին ոչ մեկը չի կարող ծնկի բերել», Պուտինի անձի պաշտամունքը, մասնավորապես՝ ՊԱԿ-ի նախկին աշխատակից լինելու շնորհիվ նրա իբրեւ թե ունեցած վերլուծական կարողությունների նկատմամբ հավատը եւ այլն, շարքը ցանկության դեպքում կարելի է շարունակել: Խնդիրն այն է, որ այդպիսի մտածելակերպը «տաքսու վարորդների» կամ «խոպանչիների» շրջանակներով չի սահմանափակվում. նույն կերպ են մտածում թե ի պաշտոնե վերլուծություններով եւ պետական քաղաքականության մշակմամբ զբաղվել պարտավորված անձանցից, թե քաղաքական գործիչներից շատերը:

Դժվար չէ նկատել նաեւ, որ այսպես կոչված՝ «հայաստանակենտրոնները», ովքեր ԵՄ-ի հետ ասոցացման եւ Եվրասիական միությանն անդամակցելու միջեւ հավասարության նշան են դրել` իբրեւ թե երկու դեպքում էլ ինքնիշխանությունը որոշ չափով կորցնում ենք, ովքեր Ռուսաստանն ու Արեւմուտքը դրել են նույն նժարի վրա` հայտարարելով, որ չեն ցանկանում լինել ոչ մեկի, ոչ էլ մյուսի հետ, իրականում Արեւմուտքի հետ կապերի թուլացմանն են նպաստել` կամա թե ակամա ռուսական ծրագրերն առաջխաղացնելով:

– Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանվել է Ռուսաստանի զինված ուժերում օտարերկրացիների համար պայմանագրային ծառայելու կարգը, ըստ որի` ռազմական դրության պայմաններում նրանք կարող են մասնակցություն ունենալ նաեւ զինված հակամարտություններում: Ձեր կարծիքով՝ ո՞րն է նման քայլի նպատակը:

– Օտարերկրյա վարձկաններն արդեն իսկ օգտագործվում են Ռուսաստանի կողմից` մասնավորապես Ուկրաինայի արեւելյան շրջաններում: Բայց Պուտինն այժմ կարող է մի քանի խնդիր փորձել լուծել այդ քայլով: ՌԴ-ում դեմոգրաֆիական ճգնաժամից բացի՝ քաղաքացիների զգալի մասը պարզապես չի ցանկանում ծառայել բանակում. առկա է թե ռազմական գործողություններին մասնակցելու ցանկության բացակայության գործոնը, թե ժամկետային ծառայությունից խուսափելը` ոչ կանոնակարգային հարաբերությունների պատճառով, թե պայմանագրային ծառայության նկատմամբ թերահավատությունը` վարձատրության եւ այլ խնդիրների պատճառով: Մինչդեռ այժմ Ռուսաստանից օտարերկրյա աշխատուժի զգալի արտահոսք է տեղի ունենում, եւ որոշ հետամնաց երկրների քաղաքացիներից ոմանք կարող են գայթակղվել առաջարկվող վարձատրությամբ, ինչպես նաեւ խորհրդային կարոտախտը եւ քրեական հակումները բավարարելու հնարավորությամբ: Պետք է հաշվի առնել, որ այդպիսով Ռուսաստանի իշխանությունները նաեւ բացասական սելեկցիա են իրականացնում` երկրում մնալու համար առավելություն տալով ոչ թե ավելի ազնիվ եւ աշխատասեր, այլ թերուս, ռուսական քարոզչությանը հեշտությամբ տրվող, բարոյազուրկ ներգաղթյալներին: Բավական ուշագրավ է, որ Պուտինի հրամանագրով նրանց նաեւ ներքին զորքերում ծառայելու հնարավորություն է տրվում. այդպիսով, եթե կենսամակարդակի անկման հետեւանքով Ռուսաստանի բնակչությունն էլ փորձի ապստամբել եւ ուժային կառույցների տեղացի ծառայողների նյարդերը տեղի տան` «ենիչերիների» ստորաբաժանումները կարող են գործի դրվել:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031