Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Նիկոլայ Բաղդասարյան. «Պերմյակովը ձերբակալվել է ՀՀ տարածքում, հետևաբար ՀՀ օրենսդրությամբ պետք է պատժվի»

Հունվար 15,2015 12:22

«Անկախ նրանից, թե որ պետության քաղաքացի է, եթե հանցագործությունը կատարվում է ՀՀ-ում, մեր օրենքի շրջանակներում պետք է պատիժ կրի»,-այսօր «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:  Նա նշեց, թե բացառությունները գործում են միայն այն դեպքում, երբ անձը հայտնաբերվել է այլ պետությունում: Ասենք, եթե պայմանականորեն վերցնենք, եթե Պերմյակովը կատարած լիներ ՀՀ-ում սպանություն և փախուստի դիմեր ու հայտնաբերվեր ՌԴ-ում, ապա ՌԴ-ի պատասխանատուների կողմից տարածված մամուլի հաղորդագրություններում ներկայացված իրավական հիմնավորումներ կլինեին իրավացի: Մնացած բոլոր դեպքերում ՀՀ տարածքում ՌԴ Սահմանադրությունը որևէ իրավական ուժ չունի: Փաստաբանը շեշտեց. «Պերմյակովը ձերբակալվել է ՀՀ տարածքում, քանի որ նա ձերբակալվել է ՀՀ տարածքում, հետևաբար այդ իրավական նորմը չի գործում, որը մեջբերվել է»:

Փաստաբանը մտահոգություն հայտնեց, եթե գործը տեղափոխեցին ՌԴ, շատ դժվար կլինի հետևել, թե ինչպես է գործի քննությունը կատարվում:

Պարոն Բաղդասարյանը հիշատակեց 1999-ի դեպքը, երբ կրկին ռուսական ռազմաբազայի զինվորականները Գյումրիում մարդիկ էին սպանել:Պարոն Բաղդասարյանը նշեց, թե այդ դեպքում գործը քննվել է ՀՀ-ում, իսկ այս գործը ինչո՞ւ պիտի քննվի ՌԴ-ում:

Փաստաբանը նշեց, թե Սահմանադրությունը ընդհանրապես կապ չունի այս գործի հետ, դա այն դեպքում է գործում, երբ անձը բռնվում է ՀՀ-ում:

«Միջազգային հետազոտությունների կենտրոն»-ի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը նշեց, թե գործը միայն իրավական տեսանկյուն չէ, որ ունի. «Խոսքը կենցաղային հանցագործության մասին չէ, այլ գործ ունենք զինծառայողի հետ, որը ՌԴ զինված ուժերի ուսադիրն ուսերին ՌԴ բազայի զենքը ձեռքին բազայի տարածքը լքած և ՀՀ քաղաքացիների կոտորած մի գործի հետ»:

Անդրադառնալով ՌԴ դեսպան Վոլինկինի հայտարարություններին, թե պետք չէ քաղաքականացնել գործը, պարոն Մեհրաբյանն ասաց. «Թող դրանք անի իր նախարար Լավրովին ու նախագահ Պուտինին և հայ ժողովրդին խորհուրդ չտա: Հարցը հստակ քաղաքական հարց է»:

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների հայտարարություններին՝ պարոն Մեհրաբյանն ասաց. «Սա ցցուն կերպով ցույց է տալիս, որ հայ-ռուսական հարաբերությունների ամբողջ համալիրում ուղղակի ողբերգական վիճակ է: Սա որպես փտախտ կարելի է բնորոշել: Ցույց է տալիս, որ քաղաքական, անվտանգության  ոլորտում հարաբերությունները բերել հասցրել են նրան, որ մենք նույնիսկ մեր ննջարաններում  ապահովագրված չենք: Վտանգը տրոյական ձիու պես բերել կանգնեցրել ենք մեր դռանը»:

Ռուբեն Մեհրաբյանը այս առիթով զուգահեռներ անցկացրեց վարսավիրի աշակերտի ու հաճախորդի այն պատմության հետ, երբ աշակերտը կտրում է վարսավիրի ականջը, ասում է գցի գրպանդ, քանի վարպետը չի տեսել: Պարոն Մեհրաբյանը նշեց, թե «մեր պաշտոնյաներն այդ պսիխոթերապիայի սեանսներով որ ելույթ են ունենում, իբր կրքերը հանդարտեցնելու շատ սխալ ճանապարհ է»:

Այսօր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, թե Գյումրիի գործում ՀՀ օրենսդրության բացարձակ կիրառում լինել չի կարող: Aravot.am-ը խնդրեց գնահատական տալ այդ հայտարարությանը: Պարոն Բաղդասարյանը ասաց. «Ինքը մտածում է, որ ոչ մեկ տեղյակ չէ իրենից բացի միջազգային պայմանագրից, դրա համար էլ նման հայտարարություն է անում: Այնտեղ խոսքը գնում է հանձնման մասին, եթե զուգահեռ զորամասում է կատարել: Այս դեպքում էլ նրանք պետք է դիմեին գլխավոր դատախազին, որ գլխավոր դատախազը հանձնի նրան Հայաստանին: Իսկ եթե գործը կատարվել է ՀՀ տարածքում, ապա այն, որ ՀՀ օրենսդրությունը պիտի քննարկվի, ապա դա քննարկման ենթակա չէ»:

Պարոն Բաղդասարյանը զուգահեռներ անցկացրեց Հրաչյա Հարությունյանի դեպքի հետ:

Ռուբեն Մեհրաբյանը, մեկնաբանելով ՀՀ գլխավոր դատախազի հայտարարությունը, նշեց. «ՌԴ-ն այսօր ոտնահարում է ՀՀ արժանապատվությունը, շահերը, օրենքները, պայմանագիրը ՀՀ հետ և շարունակում է այն լկտի պահվածքը, որը դրսևորել է մինչև այժմ: ՀՀ-ի իրավապահ մարմինները չգտնվեցին իրենց բարձրության վրա, վկա այն հայտարարությունները որ լսում ենք: Այստեղ խոսք ունի ՀՀ հասարակությունը: Այս խայտառակությանը ուղղակի պետք է վերջ տալ և վերանայել, հակառակ դեպքում մի հատ Պերմյակով երկու կարող է գալ յուրաքանչյուրիս տուն: ՌԴ բազայի զինծառայողները, երբ ավտոմատները ձեռքներին վխտում էին Գյումրիի փողոցներում, ՀՀ իրավապահներից ոչ մեկը ինչո՞ւ ասաց, թե ՀՀ-ի տարածքում եք ու կարգի չհրավիրեց»:

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031