Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Գառնիկ Իսագուլյան. «Թող Կոստանյանը հրաժարական տա, երբ ես իմացա, որ ես չեմ որոշում՝ հրաժարական տվեցի»

Հունվար 23,2015 14:32

«Իրավիճակը կանխատեսելի է: Հասկանալի է, որ 2015-ը յուրահատուկ կարեւորություն ունի, եւ բնականաբար, Ադրբեջանը պետք է ինչ-որ չափով օգներ իրենց գործընկեր Թուրքիային: Բացի այդ, հաշվի առնելով, որ նավթի գների անկում էլ կա եւ որոշակի լարվածություն, ՀՀ-ն պետք է գիտակցեր ու կանխատեսեր, որ սահմանում էլ կլիներ լարված»,- այսօր «Հայելի» ակումբում սահմանային լարվածության մասին խոսելիս այսպիսի գնահատական տվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Հիշեցնենք, որ այսօր Տավուշի մարզի սահմանային գոտում իրավիճակը լարված է, հակառակորդը 1 գիշերվա ընթացքում շուրջ 300 անգամ խախտել է զինադադարը եւ եղել են դիվերսիաների փորձեր:

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի խոսքերով՝ «Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած խնդրի: Նրանց ակտիվությունը բացառապես պայմանավորված է մեր պասիվությամբ»:

Խոսելով Գյումրիի դեպքերի մասին՝ Գառնիկ Իսագուլյանը տարակուսանք հայտնեց, որ ողջ հասարակությունը պահանջում է, որ Պերմյակովի ոճրագործությունը քննի հայկական կողմը, երբ Մարտի 1-ի դեպքերի, Հոկտեմբերի 27-ի ժամանակ կատարյալ անվստահություն էր հայտնել այդ նույն մարմիններին:

Ըստ նրա, պետք է վարչապետը, նախագահը, իրավապահները բոլորը հավաքվեին, ընդհանուր տեսակետ ձեւակերպեին եւ դա ասեին ժողովրդին, որ հակասություններ չլինեին: Ըստ Թեւան Պողոսյանի, պատգամավորների տեսակ կա, որ չի կարդում որեւէ պայմանագիր. «Իսկապես, տեղի է ունեցել շատ խնդիրների սխալ գործընթաց, որի համար քննություն պետք է գնա՝ սկսած նրանից, թե ինչ գործողություններ պետք է ձեռնարկեին, որ չեն ձեռնարկել: Կան մի շարք խախտումներ սահմանապահների կողմից»:

Թեւան Պողոսյանը համաձայնեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, որ ՀՀ իշխանությունները Գյումրիի դեպքերից հետո արել են լղոզված, իրարամերժ հայտարարություններ. «Ես դա ավելի շուտ եմ ասել, ասել եմ, որ անգործություն է եղել»:

Ըստ Գառնիկ Իսագուլյանի, ռուսական կողմին այս ամեն ինչը ձեռնտու չէր, բայց տեղի է ունեցել, եւ այսօր նրանք շահագրգռված են գործը բացահայտելու. «Ուրիշ բան, որ մերոնք, որպես պետություն, պետք է մասնակցեն այդ ամբողջ գործողությունների հետ: Տեղի է ունեցել սխալ, այլ բան է, որ մեր իրավապահները բռնեին, իրենք էլ դատեին: Հայտնվել է նա ռուսական բազայում»:

Մեր հարցին՝ այն, որ Պուտինի մամուլի խոսնակը հայտարարում է, որ Պերմյակովը պետք է դատվի ՌԴ օրենսդրությամբ, դա ճնշում չէ՞ հայկական կողմի վրա, Գառնիկ Իսագուլյանը պատասխանեց, որ եթե Հայաստանը լիներ անկախ պետություն, Պուտինի մամուլի խոսնակի ասածը չէին լսի:

Գառնիկ Իսագուլյանը կոչ արեց, որ ամեն մեկն իր հերթին կոչ անի, նամակով, այլ կերպ դիմի իշխանություններին, պահանջատեր լինի. «Դատախազը որոշակի լիազորություններ ունի, ՊՆ նախարարը, արտգործնախարարը՝ չեն անում: Պահանջեք, ձեր պահանջն ումի՞ց է՝ ռուսների՞ց»:

Մեր հարցին՝ Դուք լավ հարաբերություններ ունեք, չէ՞ Սերժ Սարգսյանի հետ, ինչո՞ւ չեք դիմում, ինչո՞ւ չեք ասում՝ նա պատասխանեց. «Այո, ես իրեն հազար ու մի բան եմ ասել: Ցավոք սրտի, հազար ու մեկը չի կատարվել: Դրա համար իմ ինստիտուտը փակվեց, դրա համար ես հրաժարական տվեցի, որովհետեւ ադեկվատ չեն իրավիճակին»:

Անդրադառնալով երեկ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի այն հայտարարությանը, որ ինքը ոչինչ չի որոշում՝ Գառնիկ Իսագուլյանը պատասխանեց. «Չի որոշում, թող հրաժարական տա: Երբ ես իմացա, որ ես չեմ որոշում՝ հրաժարական տվեցի: Թող ինքն էլ հրաժարական տա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031