Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆերմերներին մնում է 2 մետր պարանի ու օճառի համար վարկ վերցնեն

Փետրվար 14,2015 15:00

Երեկ կառավարության նիստում որոշվեց ջերմոցային կառուցվածքների, տնկանյութի եւ այլ միջոցների ներմուծում ու իրացում իրականացնողներին ազատել ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ): 20% ԱԱՀ-ից ազատումը պետք է որ ուրախացներ ջերմոցային տնտեսությամբ զբաղվողներին, սակայն այս ոլորտում խնդիրներն այնքան շատ են, որ ֆերմերները ուրախանալու առիթ չունեն: Կառավարությունը մի կողմից՝ ԱԱՀ-ից ազատում է, մյուս կողմից էլ՝ այլ հարկեր է մտցնում: Բանն այն է, որ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) միանալու մասին պայմանագրով Հայաստանում այս տարվա հունվարի 1-ից մաքսատուրքեր են սահմանվել նախկինում չմաքսազերծվող գյուղատնտեսական ապրանքների համար: Այս տարվանից թունաքիմիկատները, սերմերը, պարարտանյութերը, տրակտորները, գյուղատնտեսական գործիքները մաքսազերծվելու են 5-12%-ով: Այս տեսակի ապրանքները ներմուծվում են հիմնականում 3-րդ երկրներից:

ԱԱՀ-ից ազատելու մասին որոշման նախագծում կառավարությունը հիմնավորում է, որ այն կխթանի ոլորտի զարգացմանն ու արտահանմանը, նոր աշխատատեղեր կբացվեն:
«Ո՞նց կարող է խթանի, եթե ոնց էլ հաշվարկում ենք՝ մեր արտադրության գինը մրցակցային չի լինում: Կառավարությունում դիլետանտներ են, խոսում են, էլի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Ջերմատնային ասոցիացիա» հասարակական կազմակերպության (հ/կ) նախագահ Պողոս Գեւորգյանը: Նրա խոսքերով՝ ԱԱՀ-ից ազատելը լավ է, բայց քանի որ ջերմատներն աշխատում են գազով, որի գինը ֆերմերների համար շատ բարձր է, արտադրանքի ինքնարժեքի մեջ գազի գինը մեծ տոկոս է կազմում, ուստի ապրանքը գնային առումով մրցունակ չէ: Պարոն Գեւորգյանը նկատեց, որ թուրքական, վրացական, բելառուսական եւ ադրբեջանական գյուղմթերքները շատ ավելի էժան են, քան հայկականը, ուստի արտահանումը ռիսկային է: Ընդ որում, 3-րդ երկրներից ներկրվող թունաքիմիկատների, պարարտանյութերի համար 5-12% մաքսատուրքն, ըստ պարոն Գեւորգյանի, մեկ այլ խնդիր էլ է առաջացնելու. քանի որ եվրոպականը չնայած ավելի որակով է, բայց շատ թանկ, ուստի ներկրողները կգերադասեն ավելի էժան չինական կամ թուրքականը ներկրել. սրանց արդյունավետությունը շատ ցածր է, համարյա օգուտ չի տալիս:

«Մենք 1-2 ամիս առաջ ռուսական բիզնես ֆորումին ենք մասնակցել, ամեն 2-րդը մոտենում էր ու ասում, որ բանջարեղեն են ուզում մեզանից, բայց գները ոնց հաշվարկում էինք՝ ոչ ոքին ձեռնտու չէր լինում: Օրինակ՝ պոմիդորի 1 կիլոգրամը արժե 8 ռուբլի, մենք առաջարկում էինք 60 ռուբլով: Նրանք էլ ասացին՝ շնորհակալ ենք, պետք չէ: Էն որ կառավարությունն ասում էր՝ հեսա, ռուսական շուկան բացվել է, «դավայ-դավայ», ի՞նչ «դավայ-դավայ», ուսումնասիրեցինք, տեսանք, որ մենք մրցունակ չենք»,- նշեց հ/կ-ի ղեկավարը:

Պողոս Գեւորգյանն ասաց, որ իրենք ուզում են մատչելի ֆինանսավորում գտնել եւ օգնել ֆերմերներին, որպեսզի նրանք ջերմատներ կառուցեն: Հիմա ասոցիացիան փորձում է Հոլանդիայից եւ Ռուսաստանից վարկավորում ստանալ. «Ռուսաստանի առեւտրային ներկայացուցչի հետ ենք հանդիպել, նա խոստացել է Ռուսաստանից վարկավորում գտնել ջերմոցների կառուցման համար, բայց պայմանով, որ մերոնք գնեն Ռուսաստանի սարքավորումները՝ նախատեսված ջերմատներ կառուցելու համար: Հոլանդացիների հետ էլ ենք խոսել, նրանք էլ են պատրաստ վարկավորել ինքնարժեքի 85%-ը, բայց խնդիրն այն է, որ պիտի մեր բանկերի միջոցով լինի այդ վարկավորումը, 5-7% ավելացնում են: Հոլանդացին մեզ տալիս է 4%-ով, Ռուսաստանը՝ 6%-ով, ու մերոնք էլ այդ 4 ու 6 տոկոսների վրա են տոկոս ավելացնում, իսկ գրավն էլ վերցնում է կառուցվող ջերմատունը:

Բնականաբար, սա ձեռնտու չէ մեզ համար: Եթե մեզ ասում են՝ ռուսական շուկա մտնենք, հա, մտնենք, բայց պայմաններ պիտի ստեղծեք մեզ համար: Հո ասելով չէ՞»: Պողոս Գեւորգյանն ասաց, որ 1-2 ֆերմեր է ցանկություն հայտնել հոլանդական վարկով ջերմատուն կառուցելու: Հոլանդիայից մասնագետ են հրավիրել, ուսումնասիրել է վիճակը, տեղանքը դուրը եկել է, բայց առայժմ գործը գլուխ չի գալիս: Պողոսյանը կարծում է, որ այդ ֆերմերները անհանգստացած են արտարժույթի արժեւորմամբ. «Գումարած մեր բանկերի 7%-ն էլ ավելացրած՝ հաշվարկեցինք, 3 միլիոն եվրո կարժենա այդ ֆերմերի համար ջերմատունը՝ 3 հեկտարի համար, 7 տարով է վարկը, նա այդ ընթացքում 1.5 միլիոն եվրո էլ միայն տոկոսը պիտի տա ու գումարած մայր գումարը՝ 3 միլիոն եվրո: Ջերմատունը պիտի Ղափանում կառուցվի, որտեղ գործազրկության մակարդակը բարձր է: Հիմա եթե հարմար պայմաններ լինեն, ու այդ ջերմատունը բացվի, հատկապես կանայք կներգրավվեն այդ աշխատանքներում: Կառավարությունը որ ասում է՝ նոր աշխատատեղեր կբացվեն, Սյունիքի կանայք կարող են աշխատանք գտնել այդ ծրագրում, բայց կառավարությունը մի բան պիտի անի, որ մեր բանկերն այդքան բարձր տոկոսներ չդնեն: Մենք ենք գտել այդ ֆինանսավորումը, բայց ստացվում է՝ մեր հաշվին այստեղի բանկերը փող են աշխատում, հա, թո 2-3% ավելացնեն, բայց ոչ՝ 7: Վերջը պիտի՞ հասկանան՝ գյուղատնտեսություն եթե չունեցանք, երկիր չենք ունենա: Պիտի աջակցեն, որ ջերմատնային տնտեսությունն իրոք զարգանա, սա մեր երկիր «վալյուտա» բերող բիզնես է»:

Չնայած որ կան մարդիկ, որոնք, այնուամենայնիվ, փորձում են վարկեր վերցնել ջերմատներ կառուցելու համար, բայց քիչ չեն նրանք, ովքեր եղածը քանդում են ու հրաժարվում այդ բիզնեսից: Պարոն Գեւորգյանն ասաց, որ իրենց ասոցիացիայում նախկինում 47 ֆերմեր կար, հիմա՝ 22, 2 ֆերմեր էլ վերջերս են հրաժարվել այդ գործից:

«Ֆերմերներն ասում են՝ նոյեմբերին վարկ ենք վերցնում, ամբողջ ձմեռ աշխատում ենք՝ գազի փողն ենք փակում վարկով, գալիս է բերք ստանալու շրջանը, որ եկամուտ ունենանք, ամբողջ եկամուտով վարկն ենք փակում: Մարդիկ ասում են՝ մենք ո՞ւմ համար ենք աշխատում՝ բանկի ու գազի՞: Ասում են՝ ավելի լավ չի՞ մի հատ խանութ կամ «բուտկա» դնեի, քան ջերմատուն սարքեի»,- պատմեց Գեւորգյանը: Նրա ներկայացմամբ՝ Դարակերտ համայնքից վերջերս մի քանի ֆերմերներ իրենց ջերմատները որպես մետաղի ջարդոն են վաճառել, այնքան, որ ընտանիքի անդամների համար ինքնաթիռի տոմսի գինը դուրս գար. «Հավաքեցին ընտանիքներն ու գնացին Ռուսաստան: Ես տղերքին ասել եմ՝ 100 դոլար վարկ վերցրեք, շատ չէ, էնքան, որ կարողանաք պարան ու օճառ առնեք: Մեր փրկությունն այդ է, ուրիշ միջոց չունենք»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728