Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան եւ մենք. Հավասարության պահանջը «հակաեվրոպական» է

Փետրվար 16,2015 16:00

Մարդը մարդ է դառնում՝ ստանդարտից դուրս գալով

Եվրոպայի մի քանի երկրներում անցկացված հետազոտությունների համաձայն՝ այն ընտանիքներում, որտեղ ամուսիններից մեկը գերիշխող դեր է խաղում, ավելի քիչ են լինում հակասություններ, եւ ավելի շատ երեխաներ են ծնվում: Գիտնականների բացատրությունը մակերեսի վրա է՝ հավասարություն նշանակում է մրցակցություն, իսկ մրցակցությունն առանց հակասությունների հնարավոր չէ: Ընդ որում, հետազոտված եվրոպացի ընտանիքների մոտավորապես 25 տոկոսում գերիշխող դերակատարությունը կնոջն է, իսկ 75-ում՝ տղամարդունը: Հետազոտողները հատուկ նշում են, որ գերիշխող դիրքից բացարձակապես չի բխում ընտանեկան բռնությունը: Այդ երեւույթը ընտանիքում սեռերի հավասարությամբ կամ անհավասարությամբ չի պայմանավորվում:

Բնականաբար, ամեն մեկս նման հրապարակում կարդալիս անդրադառնում է իր սեփական ընտանիքին եւ փորձում է պարզել, թե ով է այդտեղ գերիշխող: Անձամբ ինձ գերիշխող լինելու խնդիրը չի հուզել ոչ անձնական, ոչ հասարակական կյանքում: Ինչպես ասում են՝ փոխարինում եմ առաջինը լինելու մոլուցքը վերջինը լինելու պատասխանատվությամբ: Ի դեպ, այդ զուտ քաղաքական կարգախոսը կիրառելի է նաեւ կին-տղամարդ հարաբերություններում. տղամարդկանց մեծ մասը կարեւորում է իրենց զուգընկերուհու համար «առաջինը լինելու» հանգամանքը՝ փոխանակ կարեւորեն «վերջինը լինելը», այսինքն՝ լինել այնքան լավը, որ կինը իրենից բացի այլեւս երբեք ոչ ոքի մասին չմտածի: Իսկ տանը կամ աշխատավայրում դոմինանտ լինելու մոլուցքն ինձ մանկական է թվում:

Բայց ընդհանրապես՝ ինձ թվում է, որ եվրոպական ինչ-որ չափանիշներով «հավասարություն պարտադրելը» նույնքան սխալ է, որքան ասիական չափանիշներով պնդելը, որ տղամարդը պետք է հրամայի, իսկ կինը՝ կատարի: Երկու դեպքում էլ դուք մտնում եք այնպիսի մի ոլորտ, որտեղ ամեն ինչ չափազանց անհատական է: Այստեղ չկա միջինացված տարբերակ, որը կիրառելի է անգամ միեւնույն՝ թեկուզ եվրոպական մշակույթի սահմաններում՝ այն մշակույթի, որին մենք, անշուշտ, պատկանում ենք:
Ի՞նչ է նշանակում՝ «միջին վիճակագրական մարդ»: Նման մարդ իրականության մեջ ընդհանրապես գոյություն չունի, որպեսզի նրա համար որոշվի, թե ինչպիսի՝ «հավասա՞ր, թե՞ անհավասար» կյանքով է նա ապրելու: Ինչպես ասում էին 20-րդ դարի փիլիսոփայական մի ուղղության՝ էքզիստենցիալիզմի ներկայացուցիչները՝ գոյություն ունենալ՝ նշանակում է տարբերվել:

Մարդը մեքենայի մակնիշ չէ, որտեղ ստանդարտացումն անհրաժեշտ է՝ որքան շատ լինի, այնքան հարմար է, որպեսզի պահեստամասերը կամ համակարգչի դեպքում՝ ծրագրերը պիտանի լինեն մեքենաների հնարավորինս մեծ քանակության համար: Մարդու դեպքում ամեն ինչ հակառակն է՝ որքան շատ է քո վարքը մոտենում ինչ-որ մեկի կողմից միջինացված «ստանդարտին», այնքան անհետաքրքիր եւ անպետք ես դառնում: Նույնը նաեւ ազգային մշակույթի դեպքում: Օրինակ՝ արդյոք ընտրությունները Իրանում համապատասխանո՞ւմ են «եվրոպական չափանիշներին»: Ըստ ամենայնի՝ ոչ, կրոնապետությունը կապ չունի այդ չափանիշների հետ: Բայց ո՞վ կարող է պնդել, որ ընտրություններն այնտեղ արդար չեն:

Կան, այսպիսով, եվրոպական չափանիշներ, եւ կան եվրոպական չինովնիկների հաստատած չափանիշներ: Կարելի է ասել, որ սեռերի միջեւ սոցիալական հավասարության պահանջը բխում է եվրոպական արժեքների ընդհանուր տրամաբանությունից, իսկ ահա ընտանիքում իրավահավասարության սկզբունքի պահանջը՝ ոչ, որովհետեւ դրանով փորձ է արվում կանոնակարգել այն, ինչ կանոնակարգման ենթակա չէ:

…Ի դեպ, մեքենաների մասին: Հաճախ ավտոմեքենաների մասնագետներին հարցնում են՝ ո՞րն է աշխարհի ամենալավ ավտոմեքենան: Այդ հարցը պատասխան չունի՝ նայած ինչի համար է ձեզ այդ մեքենան պետք:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 

«Առավոտ» օրաթերթ
14.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    ամեն դեպքում, Եւրոպայում «սեռերի միջեւ հավասարություն» չի, կատարվածը: Այլ տղամարդու անէացում. ուրիշ բան չասելու համար…

    Իսկ մեքենայի պատկերի մասին՝ երբեմն ել ոչ մի մեքենայի վաբշե կարիք չկայ, նախընտրելի եւ աւելի ապահով է՝ ոտով առաջանալ… Նամանաւանդ, եթէ տվյալ ավտոմեքենան սրընթաց սլանալու է դէպի պատը:

  2. Աբո says:

    Պ. Աբրահամյան,ինչ կարիք կա խոսել,թե որ մեքենան է լավը,եթե դուք վարորդ չեք:))Ինչ կարիք կա խոսել Եվրոպայի մասին, եթե դուք գոնե մի տարի չեք բնակվել Եվրոպայում:))
    Ամբողջ աշխարում՝ ընտանիքներում ամուսիններից գերիշխող դեր է խաղում նա՝ով ավելի շատ է վաստակում գումար:Ասիական երկրներում կանայք մեծամասնությամբ տնային տնտեսուհիներ են,իսկ Եվրոպայում կանայք աշխատում են և ոմանք ավելի շատ են վաստակում քանց տղամարդիկ:
    Ասիական երկրներում աղջնակին փոքրուց սովորեցնում են լինել հնազանդ,իսկ Եվրոպայում լինել ինքնորյուն և անկախ:

    • Թրավիս says:

      Ներողություն, Աբո: Ես շատ լաւ եւ մոտից ծանոթ եմ Եւրոպային, ինչպես նաեւ Հայաստանին: Հայաստանում կիները նոյնքան եւ յաճախ նոյնիսկ շատ աւելի աշխատում են, քան թէ տղամարդիկը: Սակայն հակառակ ասոր, անոնք նպատակ չունեն տղամարդիկը ճզմելու, տղամարդը ներքնապէս ուղղակի սպանելու, անոր արնականությունը… պոկելու: Երեւի իրե՛նք դառնալու համար տղամարդ: Այդ է կացությունը Արեւմուտքում, եւ դեռ հետզհետէ վատթարանում է… Որպէս հետեւանք, տղամարդիկ ապաստանում են միասեռականության մէջ, կամ դառնում են խորապէս կնատյաց… Իսկ ընտանիքը արդեն քայքայվում է, ոչ եւս է…

      (բարեբախտաբար էդ փառք Աստուծոյ, սակայն որպէս հազվադեպ բացառություն՝ անձնապէս ինծի չի վերաբերիր այս ահաւոր վիճակը)

      • Աբո says:

        Հարգելի Թրավիս,համասեռամոլության մասին ես չեմ ուզում խոսել:
        Վերջերս Երևանում 47 ամյա կինը, մուրճով հարվածել էր իր երեխայի գլխին, հետո էլ այրել էր իրեն և երեխային:Այդ ամենը հուսահատությունից, որովհետև ամուսինը թողել գնացել էր Ռուսաստան միգուցե կապվել է ինչ որ նատաշի հետ և կինը մնացել էր անհույս վիճակում: Հավատացեք Եվրոպայում կինը նման քայլի չի գնա:

  3. Արթուր Ղազարեան says:

    դոմինանտ = (ցանկալի է) ԳԵՐԻՇԽՈՂ
    չինովնիկ = ՊԱՇՏՕՆԵԱՅ

    Թերեւս վերջին գրառումս մինչ Զատիկ: Յատուկ Արամ Աբրահամեանի համար պիտի գրեմ այս բառերի ստուգաբանութիւնը: Նաեւ ցոյց տամ, թէ ուրիշ ի՜նչ գեղեցիկ բառեր ունենք, օրինակ, ՊԱՇՏ արմատով: Առաւել քան վստահ եմ՝ մարդիկ, բառերի իմաստն ընկալելով, օտարաբանութեան հետեւից չեն ընկնի:

    Եւ այսպէս, պարոն Աբրահամեան 🙂

    «դոմինանտ», ի վերջոյ ծագում է < լատ. dominus (տէր) = domus (տուն) + -inus (վերջածանց, որ նշանակում է սեփականատէր, իրեն պատկանող):

    Գենետիկայում, դոմիտանտ բառը չենք թարգմանել, քանզի յարմար բառ չունենք «դոմինանտ եւ ռեցեսիվ» գեների համար: Հոգ չէ: Սակայն, եթէ տուեալ բառը խիստ մասնագիտական եզր չէ, կարելի է (եւ ցանկալի է) թարգմանել:

    – – – – – – –

    «չինովնիկ» տհաճ բառի փոխարէն ունենք գեղեցիկ բառ՝ ՊԱՇՏՕՆԵԱՅ: Ի վերջոյ սերում է < ՊԱՇՏ (կամ ՊԱՐԻՇՏԱ) իրանական արմատից, որ բուն նշանակութիւնն է «պաշտամունք, երկրպագութիւն»:

    Նոյն արմատից են նաեւ հայերէն ՊԱՇՏել եւ ամԲԱՐԻՇՏ բառերը:

    Քանզի ՊԱՇՏՕՆ նշանակում է «ծառայել», իսկ եթէ «ծառայ» կայ, ուրեմն նաեւ «տէր» կայ: «Տէր» կարող է լինել նախագահը, տնօրէնը, խմբի աւագը, մեծը, ընտանիքի գլուխը, ինչպէս նաեւ Աստուած, որին սովորաբար ՊԱՇՏում են ու երկրպագում:

    Տեսնու՞մ էք՝ որքան իմաստառատ է մեր բառը, աւելի բովանդակային է, աւելի ընդգրկուն է: Իսկ չինովնի՞կը,,

    Եկէ՛ք ՊԱՇՏենք մեր սեփականը, որ բնաւ չի զիջում օտարին ու զերծ մնանք ամԲԱՐԻՇՏ «չինովնիկներից» 🙂

    Հաճելի օրեր եմ մաղթում,,

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728