Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկում են Գորիսը դարձնել «խելացի քաղաք»

Ապրիլ 09,2015 13:57

ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի աջակցությամբ այսօր Երեւանում տեղի ունեցավ «Ազգային կարողությունների զարգացում Հայաստանի բնակարանային քաղաքականության եւ քաղաքների պլանավորման բնագավառներում» աշխատաժողովը, որի ընթացքում ստորագրվեցին երկու փոխըմբռնման հուշագրեր. ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի գրասենյակի եւ ՀՀ կառավարության միջեւ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, ինչպես նաեւ համագործակցության հուշագիր ստորագրվեց Գորիսի քաղաքապետարանի եւ Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոն հայաստանյան գրասենյակի միջեւ:

Goris_3

Քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզաննա Ալավերդյանը լրագրողներին տեղեկացրեց, որ այս երկու հուշագրերից առաջինի ընթացքում պլանավորվում է իրականացնել «Երկրի նկարագիր» ծրագիրը, որն իր մեջ ներառում է բնակարանային քաղաքականության, տարածական պլանավորման խնդիրները. «Ենթադրվում է, որ համակողմանի կուսումնասիրվի իրավիճակը Հայաստանում, կառանձնացվեն բոլոր ցավոտ կետերը եւ միջազգային մակարդակով կտրվեն հանձնարարականներ, թե ինչ պետք է անել, որպեսզի դիմակայել հնարավոր մարտահրավերներին բնակարանային ոլորտում եւ պլանավորման ոլորտում»:

Իսկ երկրորդ հուշագրով նախատեսված է Գորիս քաղաքը վերածել «Խելացի քաղաքի». «Սա նպատակ է հետապնդում անել այնպես, որ ստեղծվող միջավայրը լինի մարդու համար բարենպաստ եւ հարմար, որպեսզի ռեսուրսները կիրառվեն ըստ անհրաժեշտության»:

Goris_1

Գորիսը Հայաստանի առաջին «խելացի քաղաքն» է լինելու: Իսկ Aravot.am-ի հարցին, թե ինչո՞ւ հենց Գորիսը, այլ ոչ թե Հայաստանի երկրորդ քաղաք համարվող Գյումրին, Ռուզաննա Ալավերդյանը պատասխանեց, որ դա երկարատեւ քննարկումների արդյունքում է ընտրվել. «Դա պայմանավորված է նրանով, որ Գորիսը պահպանել է իր պատմական կերպարը, դա այն հազվադեպ քաղաքներից է, որտեղ քաղաքային միջավայրը հույս է ներշնչում, որ կարող է վերականգնել իր նախնական տեսքը: Նաեւ Գորիսը գտնվում է դեպի Արցախ եւ Իրան տանող կարեւոր ճանապարհային միջանցքում: Բացի դրանից Գորիսում այդքան շատ ներդրումներ չեն արվել, որքան, օրինակ՝ Դիլիջանում»:

Ծրագիրը իր վերջնական ավարտին կհասցվի 15-20 տարվա ընթացքում:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930