Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, որը նախկինում ընդդիմադիր հայացքներ ուներ, Գորիսի ավագանու առաջիկա ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն է լինելու։
«Առուշ Առուշանյանը ոչ թե Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակով է հանդես գալու, այլ ՔՊ-ն դաշինք է ձեւավորելու այն կուսակցության հետ, որով առաջադրվելու է Առուշ Առուշանյանը»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ 2021 թվականի ընտրություններում Գորիսը քվեարկել է ՔՊ-ի օգտին, դրանից հետո ՏԻՄ ընտրություններում Գորիսը քվեարկել է այնպես, որ Առուշ Առուշանյանն ընտրվել է համայնքի ղեկավար։ «Եվ մենք այս որոշումները կայացրել ենք հետեւյալ տրամաբանությամբ՝ սա այն դեպքն է, երբ ինչ-որ առումով նաեւ ժողովրդի եւ գորիսեցիների պարտադրանքին ենք ենթարկվել։ Այս ընտրություններում էլ Գորիսը քվեարկել է ՔՊ-ի օգտին, եւ մենք այդ ազդակներն անընդհատ նաեւ Գորիսից ենք ստանում, թե ինչո՞ւ եք անընդհատ բախման տրամաբանությամբ պրոցեսներ գեներացնում Գորիսում»,- ասաց Փաշինյանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նա հավելեց․ «Եվ մենք նաեւ շատ ենք հաշվի առնում այն հանգամանքը, որ մեզ մեղադրում են, որ սեւերի ու սպիտակների ենք բաժանում։ Մենք մի շարք համայնքներում, այո, գնալու ենք այդպիսի որոշման։ Համերաշխություն անունով դաշինք է ձեւավորվելու, որտեղ այդ հնարավորությունները կան»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































