Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է շահում Հայաստանը Թուրքիայի «կատաղելուց». «Ժողովուրդ»

Ապրիլ 23,2015 11:45

Հայ քաղաքական միտքը չկարողացավ դուրս գալ ավանդական կարծրատիպերից ու հասկանալ, որ հայ ժողովրդի անվտանգության բանալին օտարների ու հատկապես թուրքերի հետ հարաբերությունների անմիջական եւ ուղղակի կարգավորումն է։ Ցանկացած օտար միջամտություն, որքան էլ լինի անկեղծ ու ազնիվ, չի կարող համեմատվել երկուստեք ուղղակի շփումների հետ։

Հաշվի առնելով հայության խոշորագույն դերակատարությունը Օսմանյան կայսրության գրեթե բոլոր ոլորտներում՝ հայ քաղաքական միտքը չգիտակցեց դրա կարեւորությունը եւ այդ միջոցի կիրառելիության պոտենցիալը։ Մի՞թե հայ ժողովուրդը Օսմանյան Թուրքիայում նվազ դերակատարություն ուներ, քան հունգարները Ավստրիայում, երբ վերջինս հաշվենկատ ու սթափ գործողությունների արդյունքում վերածվեց Ավստրո-Հունգարիայի։

Անշուշտ, հայ քաղաքական մտքի թյուրըմբռնումները չեն արդարացնում թուրքական ոճրագործությունը, սակայն ներհայկական շրջանակներում դրա ընկալումն ու սխալների վերաիմաստավորումը վաղուց հասունացած անհրաժեշտություն է։

Այսուհանդերձ, ակնհայտ է, որ Հայաստանի ներկայիս իշխանության համար բնավ հետաքրքրություն չի առաջացնում անցյալի սխալների բացահայտումը։ Ավելին՝ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Սերժ Սարգսյանն ու նրա մերձավոր շրջապատը, սեփական նպատակահարմարությունից ելնելով, 100-ամյակը վերածել են շոուի, իսկ միջազգային դերակատարների դիրքորոշումը՝ ցնծության առարկայի։

Թուրքական խուճապի եւ նմանօրինակ այլ զառանցանքների շրջանն առաջիկայում անցնելու է, եւ Հայաստանը կրկին մնալու է իր հին խնդիրների բեռի տակ կքած։ Թուրքիայի հետ երկխոսության նոր հարթակ ձեւավորելու փորձերին հակառակ՝ աշխարհում կառուցողական ու ճկուն կեցվածք որդեգրելու փոխարեն Հայաստանն ուրախացավ թուրքերի գազազումից՝ մոռանալով, որ 100 տարի առաջ այդօրինակ գազազումը մեզ համար հայրենազրկման ու եղեռնի վերաճեց։

Չէ՞ որ անշրջելի է Թուրքիային իբրեւ հարեւան ունենալու իրողությունը։ Արդ, Ցեղասպանության դասը մեզ համար պետք է լինի նման հարեւանի հետ շփումներում ոչ թե գնալ լարումների ու առճակատումների, այլ փոխշահավետ փոխզիջումների ճանապարհով աստիճանաբար կարգավորել այնքան դաժանություն ու արյուն տեսած հարաբերությունները։

Նժդեհ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուբեն says:

    Թուրքը մնում է թուրք՛՛արտահայտությունը 1000-ամյա տառապանք ունի հայերիս համար:Ձեր նշած տրամաբանությամբ բազում քայլեր են արվել նրանց ընդառաջ,ու սակայն երբեք արդյունքի չենք հասել…երիտթուրքական հեղափոխության տարիները ձեզ օրինակ:Հիմա էլ կանգնել են ազերիների կողքին ու ճնշում են,որ Ղարաբաղը վերադարձնեն Ադրբեջանի կազմ,այսինքն ուզում են վերջնականապես մաքրել մեծ թուրանի ճամփան,մախիջեվանացնել;Դուք էլ եք սա ուզում՞… Ինչ երաշխիքներ ունեք,որ նրանց քաղաքականությունը իրենց լսելու պարագայում որեվե հայանպաստ դրսեվորում է ի հայտ բերելու…Մի քիչ ուշադիր նայեք տարածաշրջանի քաղաքական քարտեզին,միամտությունը մեզ երբեք օգուտներ չի բերել;

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930