Լրահոս
Օրվա լրահոսը

Հանգստի մեկնողները վերադառնում են ոչ միայն լավ հիշողություններով, այլեւ՝ սեռավարակներով

Հունիս 06,2015 16:08

«Ամառը յուրահատուկ ժամանակ է մեզ համար, քանի որ մարդկանց մի մասը փորձում է փոխել իր առօրյան հանգստի միջոցով, որը իր մեջ ներառում է հետաքրքիր զբաղմունքներ, դրա մեջ հաշվի առնելով նաեւ սեռական զբաղմունքները, որը հանգստի մեկնելու պատճառներից մեկն է»,-այսօր այս մասին «Զարկերակ» ակումբում ասաց  մաշկաբան-վեներոլոգ Հովհաննես Հովհաննիսյանը:

Նա, խոսելով ամռան շրջանում հանգստի մեկնելու եւ տարատեսակ սեռավարակներ ձեռք բերելու մասին, ասաց, որ Հայաստանում սեռավարակների տարածվածությունը, ի տարբերություն հարեւան երկրների, այդքան  էլ մեծ չէ, ուստի հարեւան երկրներում հանգստանալ ցանկացողներին բժիշկը խորհուրդ տվեց ավելի ուշադիր եւ պաշտպանված լինել:

Նա նաեւ նշեց, որ պետք է ուշադիր լինել նաեւ սնկային հիվանդություններ հարցում, որը կարելի է վարակվել լողավազաններից, լողափներից եւ հիշեցրեց այն վարակիչ հիվանդությունների մասին, որը կարող են փոխանցվել միջատների միջոցով. «Բարեբախտաբար այդ երկրներ մեկնելուց առաջ շատ հաճախ խորհուրդ է տրվում պատվաստումներ անցնել, ցավում եմ, որ որոշ մարդիկ այդ խորհուրդներին չեն հետեւում եւ վերադառնում են ոչ միայն լավ հիշողություններով, այլեւ՝ հետաքրքիր հիվանդություններով»,-նշեց մասնագետը:

Պարոն Հովհաննիսյանը, խոսելով ամռան ընթացքում մաշկային հիվանդությունների մասին, ասաց, որ այդ շրջանում ամբողջ ծանրաբեռնվածությունը իր վրա վերցնում է մաշկը, քանի որ, թե՛ ջերմաստիճանի փոփոխությունը, թե՛ արեւի մեծ ճառագայթումը նախ եւ առաջ անդրադառնում է մաշկի վրա: Հանգստի մեկնողներին, որոնք ունեն մաշկային խնդիրներ, բժիշկը խորհուրդ տվեց մեկնելուց առաջ նախապես խորհրդակցել բժշկի հետ եւ ձեռք բերել 35-ից բարձր արեւապաշտպան քսուքներ:

Գեղեցիկ արեւայրուք ունենալու համար մասնագետը նշեց, որ ոչ այնքան քսուքն է կարեւոր, որքան այն ժամանակահատվածը, թե երբ պետք է օգտվել արեւից: «Եթե մենք ժամը 12:00-16:00 ընկած ժամանակահատվածը խուսափենք արեւի ուղղիչ ճառագայթներից եւ մնացած ժամանակներում փորձենք արեւի ճառագայթներ ստանալ, այդ ժամանակ կունենանք առողջ եւ գեղեցիկ արեւայրուք»,-ասաց պարոն Հովհաննիսյանը:

Aravot.am-ի այն հարցին, թե բացի տարատեսակ արեւայրուք առաջացնող քսուքներից, այլ միջոցները՝ գարեջուր, տարբեր ձեթեր, որքանով են մաշկը վնասում, մասնագետը պատասխանեց, որ եթե որեւէ ալերգիկ ռեակցիա կամ այրվածք չի առաջացնում այդ միջոցը, ապա կարելի է փորձել:

Մեր այն հարցին, թե ամառը իր հետ ինչ հիվանդությունների սրացումներ է բերում, պարոն Հովհաննիսյանը ասաց, որ ցանկացած մաշկային հիվանդություն ունի սեզոնայնություն: «Կորյակային ցանը արեւի ազդեցության տակ ավելի է զարգանում, կան նաեւ մաշկային քրոնիկ այլ ձգձգվող հիվանդություններ, օրինակ պսորիազի որոշ ձեւեր, երբ ամռանը սրվում է եւ հիվանդները փորձում են խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից, տարածված երեւույթներից են նաեւ ալերգիկ ռեակցիաները, որոնցից պաշտպանվում են արեւապաշտպան ակնոցի, քսուքների միջոցով»,-նշեց բժիշկը:

Մաշկաբանն ասաց, որ հայերի մաշկը խնամքի ավելի մեծ կարիք ունի մի քանի պատճառներից ելնելով: Առաջինը նա առանձնացրեց ջերմաստիճանային տատանումները, երկրորդը՝ արեւի ճառագայթումը, ժառանգականությունը, ճարպագեղձերի գերաշխատանքը, որը, ըստ մասնագետի, շատ արտահայտված երեւույթ է մեր գենի մեջ, որի պատճառով կորյակային ցանը, մազաթափությունը պահանջվում են յուրահատուկ խնամք եւ մոտեցում: Բժիշկը՝ մեր մաշկի վրա վատ ազդեցություն ունեցող շատ օճառների եւ գելերի պատճառ առանձնացրեց Հայաստանի ջուրը, որը, ըստ նրա, մաշկը խնամելու համար այնքան էլ լավ միջոց չէ: Նա ասաց, որ շատ օճառներ մեր մաշկի վրայից լավ չեն մաքրվում՝ բերելով ինչ-որ հետեւանքների՝ մաշկի չորացում, ալերգիկ ռեակցիաներ, էկզեմատիկ պրոցեսներ եւ այլն: Մասնագետը խորհուրդ տվեց, որ եղանակի փոփոխության հետ զուգահեռ եթե նկատում եք մաշկի վրա առաջացող ինչ-որ խնդիրներ, ապա պետք չէ այդ ամենը վերագրել եղանակներին եւ ասել, որ որոշ ժամանակ հետո կանցնի այդ ամենը: Ըստ նրա, պետք է դիմել մասնագետի եւ կանխարգելել խնդիրները: Բժիշկը՝ դիտարկելով մարդկանց մոտեցումը մաշկի խնամքին՝ ասաց, որ մարդիկ ավելի շատ սիրում են բուժվել, քան խնամել մաշկը, որը ավելի երկարատեւ եւ արդյունավետ գործընթաց է:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930