Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտում ստեղծվում է օպտիկական միկրոհամակարգերի կենտրոն

Հունվար 05,2024 16:50

ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտում ստեղծվում է Օպտիկական միկրոհամակարգերի մշակման և հետազոտման գիտակրթական կենտրոն, որի նպատակն է նորագույն սարքավորումների միջոցով մշակել միջազգային չափորոշիչներին համապատասխան օպտիկական միկրոհամակարգեր և դրանց հիմքով իրականացնել նորարար հետազոտություններ, խթանել միջգիտակարգային համագործակցությունը, պատրաստել բարձր տեխնոլոգիաների ոլորտի արհեստավարժ կադրեր և ձևավորել փոխգործակցային նոր ձևաչափեր կրթության, գիտության ու արդյունաբերության միջև։

Օպտիկական միկրոհամակարգերի մշակման և հետազոտման գիտակրթական կենտրոնի ստեղծումն իրականացվում է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ ԿԾԿ ԾԻԳ-ի աջակցությամբ իրականացվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում և ԵՊՀ աջակցության արդյունքում։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով, գիտաուսումնական կենտրոնը համալրված է լինելու տեղեկատվության մշակման ու հեռահաղորդակցության ոլորտներում բարձր տեխնոլոգիական միկրոհամակարգերի պատրաստման համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազայով և նպաստելու է կրթության ու հետազոտությունների արդյունավետության բարձրացմանը։

«Կենտրոնը, ծառայելով նաև որպես փորձարարական բազա ուսանողների որոշ մասնագիտական առարկաների լաբորատոր աշխատանքների, ավարտական ու մագիստրոսական թեզերի կատարման համար, նպաստելու է համալսարանական կրթության հետազոտական բաղադրիչի զարգացմանը»,- նշում է ԵՊՀ ռեկտորը:

Բացի դրանից՝ ծրագրի շրջանակում նախատեսված է ՀՀ ԳԱԱ Ա․ Բ․ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի հետ համատեղ, ինչպես նաև ֆոտոնիկայի ու միկրոմշակման ոլորտում հարուստ գիտակրթական փորձ ունեցող օտարերկրյա գիտակրթական կենտրոնների հետ համագործակցությամբ մշակել «Օպտիկա և ֆոտոնիկա» մագիստրոսական նոր ծրագիր։

Հ․ Հովհաննիսյանի հավաստմամբ, այն հնարավորություն կտա պատրաստելու միջազգային չափորոշիչներին համապատասխան բարձրորակ մասնագետներ, որոնք կզբաղվեն բարձր տեխնոլոգիաների (ԲՏ) միկրոչիպերի օպտիկական մշակմամբ ու հետազոտություններով՝ նպաստելով մեր երկրում ոլորտի մասնագետների համալրմանը։
Ծրագրի ղեկավար, ԵՊՀ ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիայի վարիչ Մուշեղ Ռաֆայելյանի խոսքով, ԲՏ սարքաշինության առաջնային ուղղություններից մեկն է օպտիկական և օպտոէլեկտրոնային սարքերի մշակումը․ «Հանրապետությունում գործող այս ոլորտի սահմանափակ թվով ընկերությունները հիմնականում նախագծում ու հավաքում են սարքեր դրսից ներկրված ենթամասերից, իսկ օպտոէլեկտրոնային տարրերի մշակմամբ ու հետազոտություններով զբաղվող սակավաթիվ ընկերություններն ունեն մասնագիտական աշխատուժի կարիք»։

Նրա հավաստմամբ, ստեղծվող կենտրոնի միջոցով ոլորտի բարձրորակ մասնագետների պատրաստումը կձևավորի բարենպաստ միջավայր Հայաստանում գործող տեխնոլոգիական ընկերությունների ոչ միայն ծրագրային սպասարկման, այլև սարքաշինության ու հետազոտությունների համար։

Մ․ Ռաֆայելյանը փաստում է, որ օպտիկական ու օպտոէլեկտրոնային սարքաշինության կարևորագույն գործառույթներից են սարքերի նախագծումը, միկրոմշակումը, հետազոտումը և կիրառումը ԲՏ ոլորտում, որոնցից են, օրինակ, կենսաբանական նմուշների ախտորոշում իրականացնող լաբորատորիա-չիպի-վրա տեխնոլոգիան, օպտիկական հաղորդակցության կամ տեղեկատվության մշակման համար նախատեսված օպտոէլեկտրոնային չիպերը և այլն։

«Վիրուսային հիվանդությունների սովորական ախտորոշիչ համակարգերը թանկ են, մեծածավալ, օգտագործումը աշխատատար է, պահանջում է մասնագիտացված անձնակազմ և առանձնահատուկ լաբորատոր պայմաններ, իսկ լաբորատորիա-չիպի-վրա համակարգերն առաջարկում են հսկայական առավելություններ վարակիչ հիվանդությունների արագ, մատչելի ախտորոշման և համաճարակների դեմ արդյունավետ պայքարի համար։ Ժամանակակից օպտիկական ու օպտոէլեկտրոնային միկրոմշակման տեխնոլոգիաներն էլ այսպիսի լուծումները դարձնում են ավելի գրավիչ ու հասանելի»,- ասում է ծրագրի ղեկավարը։

Օպտիկական միկրոհամակարգերի մշակման և հետազոտման գիտակրթական կենտրոնի ստեղծումն ու դրա նպատակները համահունչ են ազգային առաջնահերթություններին, ինչպես նաև համալսարանի առաքելությանն ու ռազմավարությանը:

ԵՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031