Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիայի խորհրդարանում հայ պատգամավորները լինելու են իրար հակադիր քաղաքական ուժերի կազմում». Թուրքագետ

Հունիս 06,2015 16:20

«Առնվազն երկու հայ թեկնածու մեծ հնարավորություններ ունի անցնել Թուրքիայի խորհրդարան»,- հունիսի 6-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով հունիսի 7-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական  ընտրություններին, ասաց թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը:

Նրա խոսքերով՝ եթե քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հաջողության գրանցի, ապա Թուրքիայի խորհրդարանում հայ պատգամավորների թիվը կհասնի երեքի. «Դա աննախադեպ երեւույթ է վերջին մի քանի տասնամյակների համար, որն ունի իր դրդապատճառները: Թեկնածուներ են առաջադրել Թուրքիայում հիմնականում գործող չորս քաղաքական ուժերից երեք՝ Արդարություն եւ զարգացումը առաջադրել է Մարգար Եսայանի թեկնածությունը, ում հնարավորությունները բավականին մեծ են, քեմալականները գլխավոր ընդդիմադիր ուժն են, Ժողովրդահանրապետական կուսակցությունը առաջադրել է Սելինա Օզուզունին, որը ցուցակում առաջինն է եւ եւս մեծ հնարավորություններ ունի, իսկ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունում մոտ երեք հայ թեկնածու է առաջադրվել, որոնցից մեկը ռեալ հնարավորություններ ունի»:

Թուրքագետը նկատեց, որ Թուրքիայի խորհրդարանում հայ պատգամավորները լինելու են իրար հակադիր քաղաքական ուժերի կազմում. «Մեծ սպասումներ ունենալ, թե հայկական հարցի տեսանկյունից նրանք կարող են խնդիրներ լուծել, այդքան էլ իրատեսական չէ: Նախեւառաջ այս պատգամավորները ընտրվելու դեպքում հետեւելու են իրենց քաղաքական ուժերի քաղաքականությանը, իսկ դրանք մեղմ ասած չեն կարող բնորոշվել հայամետ: Այսինքն՝ այստեղ այնպիսի իրավիճակ է, որ թուրքական պետության, թուրքական իշխանության, թուրքական եւ քրդական կուսակցությունների շահերն այնպես են դասավորվել, որ մենք հայ թեկնածուներ ունենք, եւ սա պետք է դիտարկել ոչ որպես բարի կամքի դրսեւորում, այլ՝ սեփական խնդիրները լուծելուն ուղղված քայլեր»:

Գեւորգ Պետրոսյանը ընդգծեց, որ իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը, հայ թեկնածու առաջադրելով, միջազգային խնդիրներ է լուծում. 50-60 տարի ընդմիջումից հետո խորհրդարանում հայ պատգամավոր ունենալը թույլ է տալիս խոսել ժողովրդավարության եւ փոփոխությունների մասին: Իսկ Ժողովրդահանրապետական կուսակցությունը, հայ թեկնածու ընդգրկելով, ըստ նրա,  ցանկանում է ցույց տալ, որ փոփոխությունների փուլում է եւ փորձում է նոր քաղաքական գիծ ձեւավորել. «Իսկ քրդական կուսակցության դեպքում ակնհայտ է, որ այստեղ հիմնական խնդիրն ընտրազանգվածի հետ աշխատանքն է, որովհետեւ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ընտրազանգվածը գերազանցապես ազգային եւ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ են՝ քրդեր, հայեր, ասորիներ եւ այլք: Այնպես, որ հայ թեկնածուներին պետք է դիտարկել անջատ՝ իրենց քաղաքական կուսակցության շրջանակներում, իրենց  կուսակցության քաղաքականության շրջանակներում եւ գլոբալ լուծումներ սպասել հայ թեկնածուներից, հայ պատգամավորներից կարծում եմ՝ իրատեսական չէ: Պետք է շեշտել, որ Թուրքիայի հայերի տեսանկյունից որոշակի դրական տեղաշարժ կարող է լինել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930