Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի վարչապետն ԱԺ-ում ներկայացրել է կառավարության 2015-2017 թթ. գործունեության ծրագիրը

Հունիս 10,2015 16:53

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 10-ին նորընտիր Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկայացրել է կառավարության 2015-2017 թթ. գործունեության ծրագիրը:

Վարչապետի ելույթի տեքստը կցվում է ստորև:

 

«Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի հարգարժա՛ն նախագահ,

Հարգելի՛ պատգամավորներ,

ԼՂՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի համաձայն` նոր Ազգային ժողովի ձևավորումից հետո կառավարությունը խորհրդարանի հավանությանն է ներկայացնում իր գործունեության ծրագիրը` դնելով գործադիրի վստահության հարցը: Կառավարությունը 2015-2017 թթ. գործունեության ծրագիրը մշակել է՝ հաշվի առնելով  Արցախի Հանրապետության Սահմանադրության, Նախագահի նախընտրական ծրագրի դրույթները և Ազգային ժողովում ներկայացված  կուսակցությունների ծրագրային դրույթների ընդհանրությունները՝ հիմքում ունենալով իր՝ 2012-2017 թթ. գործունեության ծրագիրը:

Ա՛րդ, կուզենայի ձեզ ներկայացված ծրագրի վերաբերյալ կատարել որոշ շեշտադրումներ:

Հարգելի՛ պատգամավորներ,

սույն ծրագիրը նախորդի տրամաբանական շարունակությունն է, որով հռչակված գերակայությունները մնում են կառավարության առաջիկա տարիների գործունեության թիրախները:

Արցախի ներքին և արտաքին անվտանգության ապահովումը, տնտեսական կայուն զարգացման հիման վրա բնակչության կենսամակարդակի բարձրացումը մեր  գերակա նպատակներն են, որոնց կյանքի կոչմանն ուղղված  իր գործունեությունը կառավարությունը ծրագրել է՝  հաշվի առնելով  հանրապետության ներքին ու արտաքին միջավայրի ներկա ու ակնկալվող զարգացումները:

Նախորդ տարիների ձեռքբերումների զարգացմանը և քաղաքական, տնտեսական, սոցիալական ու կառավարման համակարգերի բարեփոխումների իրականացմանը միտված գործունեությամբ կառավարությունը շարունակելու է Արցախի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածով ամրագրված պետության հիմնական խնդիրների ապահովման իր առաքելության իրականացումը՝ երաշխավորելով հանրապետությունում կյանքի որակի էական բարելավում:

 

Արցախի քաղաքական և սոցիալ-տնտեսական զարգացումն ապահովվելու է առավելապես հանրապետության ներուժի ռացիոնալ օգտագործման, մարդկանց ազատության, հավասարության և արժանապատվության, օրենքի գերակայության և ժողովրդավարական սկզբունքների  երաշխավորության հիման վրա: Մենք շարունակելու ենք մեր ջանքերն Արցախում մարդկանց ինքնադրսևորման, ինքնաիրացման և արժանավայել կյանքով ապրելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները ստեղծելու ուղղությամբ: Այս տեսանկյունից,   կառավարության ջանքերն ուղղվելու են, մի կողմից` կայուն տնտեսական աճի ապահովմանը, մյուս կողմից` սոցիալական արդարության հաստատման լայնածավալ ծրագրերի իրագործմանը:

 

 

Հարգելի՛ պատգամավորներ,

սույն ծրագրի կատարմամբ  կառավարությունը նախատեսում է 2015-2017 թվականների ընթացքում ապահովել՝

համախառն ներքին արդյունքի տարեկան 8-11 տոկոս իրական աճ,

ներդրումների ծավալի 10-15 տոկոս միջին տարեկան աճ,

գյուղատնտեսության համախառն արտադրանքի շուրջ 10 տոկոս միջին տարեկան աճ,

ներմուծման նկատմամբ արտահանման աճի առաջանցիկ տեմպեր,

երկու հազարից ավելի նոր աշխատատեղերի ստեղծում,

նվազագույն աշխատավարձի աստիճանական աճի ապահովում,

Վերը նշված և մի շարք այլ արդյունքներ ապահովվելու են՝ հիմնվելով  կառավարության գործունեության հիմնական ուղղությունների վրա:

 

Տնտեսական աճի բարձր տեմպերի հետագա ապահովումը շարունակում է մնալ տնտեսական քաղաքականության հիմնական գերակայությունը` որպես հանրապետության կայուն զարգացման կարևորագույն գրավական:  Միայն  տնտեսական  կայուն զարգացման պարագայում է հնարավոր երաշխավորել պետության և հասարակության խնդիրների արդյունավետ լուծումը, ներկա  և ապագա սերունդների բարեկեցությունը:

 

Էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան ծավալի աճ` այն հասցնելով մինչև 400 մլն կՎտ/ժամի,

հանրապետության էներգետիկ անվտանգության աստիճանի բարձրացում` վերականգնվող էներգառեսուրսների օգտագործման ընդլայնման և էներգիայի նոր պոտենցիալ սեփական աղբյուրի` քարածխի օգտագործման հիման վրա,

ԼՂՀ այցելող զբոսաշրջիկների թվաքանակի կայուն աճ,

սոցիալական երաշխիքների տրամադրման գործող ծրագրերի պահպանում և նոր մեխանիզմների ապահովում, հատկացվող գումարների ավելացում,

միջին կենսաթոշակի չափի շարունակական ավելացում,

ժողովրդագրական իրավիճակի բարելավում, ծնելիության ցուցանիշի աճ,

պետական եկամուտների հավաքագրման մակարդակի աճ,

պետական կառավարման համակարգի կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացում և վարչարարության բարելավում:

Այս առումով կարևորելով բարենպաստ գործարար միջավայրի դերը՝ կառավարությունը շարունակելու է դրա բարելավման գործընթացը: Սա վերաբերում է և՛ ներդրումային գրավչության բարձրացմանը, և՛ ազատ ու մրցակցային շուկայի ապահովմանը, և՛ պետական երաշխիքների տրամադրմանը, և՛ համապատասխան որակավորված մասնագետների ապահովմանը, և՛ մի շարք այլ հարցերի, որոնց աստիճանական և հետևողական լուծմամբ մեր հանրապետությունում գործարարությամբ զբաղվելը կդառնա ավելի գրավիչ ու դյուրին:  Ակնկալելով հարկային եկամուտների կայուն աճ՝ կշարունակենք գործարարներին հնարավորություն տալ  հարկային թեթև բեռով աշխատել տնտեսության զարգացման ուղղությամբ: Միաժամանակ մասնավոր հատվածի հետ պետությունը կշարունակի ակտիվ կերպով կառուցել գործընկերային հարաբերություններ`  երաշխավորելով գործունեության հավասար պայմաններ բոլոր սուբյեկտների համար:

Շնորհիվ համաշխարհային պրակտիկայում արձանագրված հնարավորությունների՝ փոքր և միջին ձեռնարկատիրությունը տնտեսության կայուն առաջընթացի երաշխիքներից է: Ելնելով դրանից՝ կառավարությունը, բացահայտելով և ներդնելով աջակցության առավել արդյունավետ մեխանիզմներ, շարունակելու է փոքր և միջին ձեռնարկատիրության համար ոչ միայն նպաստավոր գործարար միջավայրի ստեղծման, այլ նաև՝ ուղղակի աջակցության քաղաքականությունը, որն արտահայտվում է ինչպես կապիտալի ձևավորման,  արտադրված արտադրանքը շուկաներում առաջ մղման և արտահանման գործընթացներում, այնպես էլ՝ ուսուցողական, խորհրդատվական, տեղեկատվական հարցերում աջակցության ցուցաբերմամբ: Կիրառվելու են նոր գործիքներ՝ ուղղված ՓՄՁ սուբյեկտների վարկային ներդրումների արտարժութային ռիսկերը մեղմելուն:

Հատկանշական է վերջին տարիներին  տնտեսության տարբեր բնագավառներում նոր աշխատատեղերի ստեղծումը: Այս տեսանկյունից կարևորում ենք հետագա տարիներին ևս նոր աշխատատեղերի բացումը, քանի որ կայուն աշխատանքն է հնարավորություն տալիս մարդուն լիովին իրացնել իր սոցիալական իրավունքներն ու երաշխիքները, որոնց շարքում առանձնանում է արժանապատիվ վարձատրությունը: Աշխատատեղերի քանակի և աշխատավարձի մակարդակի հետևողական և համաչափ աճի ապահովումը կառավարության առաջնահերթ խնդիրներից է: Այս մասով ձեռքբերումները տեսանելի են, և առկա են համապատասխան նախադրյալներն աճի գործող տեմպի պահպանման համար: Նվազագույն և պետական համակարգի աշխատավարձերի բարձրացմամբ կառավարությունը նպաստել է նաև տնտեսության մասնավոր հատվածում աշխատավարձերի բարձրացմանը: Այսուհետ ևս աշխատանքներ կտարվեն աշխատատեղերի պահպանման և նորերի ստեղծման, արտադրողականության և աշխատավարձերի համաչափ աճի ուղղությամբ:

Հարգելի՛ ներկաներ,

Տնտեսության հիմնական ճյուղերում իրականացվելիք ծրագրերի մասին ավելի կոնկրետ խոսելիս՝ կշեշտադրեի հետևյալ քայլերը:

Կառավարությունը նպատակադրում է հատուկ ուշադրության տակ պահել տնտեսության ռազմավարական բնագավառները, որոնք, բացի տնտեսական աճից, առնչվում են նաև պետական անվտանգության հարցերին: Պետք է հասնել հնարավոր առավելագույն ինքնաբավության պարենամթերքի և էլեկտրաէներգիայի արտադրության հարցերում: Կառավարության գործունեության առանցքային ուղղություններից է հանրապետության շրջաններում գյուղատնտեսության կենսունակությունը լրջորեն բարելավելու խնդիրը: Այդ նպատակով կշարունակվեն գյուղի և գյուղատնտեսության զարգացման բոլոր ծրագրերը:  Կշարունակվի մեքենատրակտորային պարկի թարմացման քաղաքականությունը. արտոնյալ լիզինգային հիմունքներով աջակցություն կցուցաբերվի գյուղտեխնիկայի և սարքավորումների ձեռքբերմանը: Աշխատանքներ կտարվեն արդի տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ: Կշարունակենք խթանել բուսաբուծական և անասնաբուծական արտադրանքի արտադրությունը՝ աջակցության տարբեր գործիքների, մասնավորապես` գյուղատնտեսության սուբսիդավորման տարբեր մեխանիզմների կիրառմամբ:

Կառավարությունը կշարունակի գյուղի և գյուղատնտեսության խնդիրների միասնական դիտարկման որդեգրած քաղաքականությունը, այն է՝ գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը զուգընթաց գյուղում ստեղծել կյանքի համար հարմարավետ պայմաններ: Այս առումով հատկանշական են բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության և սոցիալական այլ ծրագրեր՝ ուղղված գյուղում կրթական, առողջապահական խնդիրների լուծմանը և մշակութային կյանքի զարգացմանը:

Արդյունաբերական քաղաքականության ուղղակի թիրախն է հանդիսանալու վերամշակող արդյունաբերության ճյուղերի և համալիրների զարգացումը՝ նախապատվությունը տալով ներքին ռեսուրսների վերամշակման հետ կապված մրցունակ արտադրություններին: Սննդի և թեթև արդյունաբերությունը շարունակվելու է դիտվել որպես գերակայություն: Շարունակելու ենք առանձնահատուկ ուշադրություն դարձնել գյուղատնտեսական հումք վերամշակող ձեռնարկությունների՝ արտահանման ուղղությամբ գործունեության ակտիվացմանը:

Կառավարությունը  կշարունակի խթանել ձկնաբուծության զարգացումը՝ նպատակ ունենալով թողարկումը հասցնել արդյունաբերական ծավալների և ձևավորել տնտեսության առանձին ճյուղ:

Հանքարդյունաբերության բնագավառում կառավարության անելիքներն ուղղված կլինեն ոլորտի պետական կառավարման արդյունավետության բարձրացմանը` հիմնական շեշտը դնելով  պաշարների ռացիոնալ օգտագործման վրա: Միաժամանակ գործադիրը հետեւողական է լինելու շրջակա միջավայրի պահպանության հարցում, եւ այդ գործի մեջ ներգրավելու է ինչպես հմուտ փորձագետների, այնպես էլ՝ հասարակական կառույցներին: Բնապահպանության ասպարեզում մենք կգործենք` միանշանակ ելնելով հանրության շահերից:

Զբոսաշրջության ոլորտում գործադիրի անելիքներն այն  շարունակական և դինամիկ միջոցառումներն են, որոնք  ուղղված են լինելու Արցախ այցելող զբոսաշրջիկների թվաքանակի կայուն աճի ապահովմանը:

Կառավարությունը վերջին տարիներին բավականին աշխատանք է իրականացրել և ձեռքբերումներ արձանագրել մեր հանրապետության էներգետիկ անկախության ապահովման գործում: Սակայն ոլորտում դեռ ունենք լուծումներ պահանջող խնդիրներ: Բնագավառում իրականացվող քաղաքականության հիմնահարցերից մեկը հուսալի էներգամատակարարումն է: Կառավարությունը նպատակադրում է շարունակել Արցախի Հանրապետության ջրային պաշարների յուրացման և էլեկտրական ցանցերի վերակառուցման ու տեխնիկական վերազինման նպատակային ծրագրերի իրագործումը: Այս առումով, նախատեսվում է բարձրացնել էներգետիկ համակարգի անվտանգության և հուսալիության աստիճանը, կառուցել մինչև 40 ՄՎտ դրվածքային հզորության նոր էլեկտրակայաններ, ինչը թույլ կտա Արցախում էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան ծավալի ցուցանիշը հասցնել 400 մլն կՎտ/ժամի՝ 2014 թվականի 224.4 մլն կՎտ/ժամի դիմաց: Կշարունակվեն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության էներգահամակարգերի միջև 110 կՎ երկրորդ բարձր լարման օդային գծի (Սոտք-Հաթերք) կառուցման աշխատանքները, կկառուցվեն նոր 110կՎ և 35 կՎ էլեկտրատեղակայանքներ, իսկ գործողները` կվերակառուցվեն ու տեխնիկապես կվերազինվեն, կշարունակվեն  վերաբնակեցվող բնակավայրերի էլեկտրաֆիկացման աշխատանքները: Գազամատակարարման ոլորտում միջոցներ ձեռք կառնվեն սպասարկման որակի բարձրացման և անվտանգ գազամատակարարման ապահովման ուղղություններով:

 

Մեծ ուշադրություն են պահանջում նաև մյուս ենթակառուցվածքները, քանի որ դրանց առաքելությունը բնակչությանն անհրաժեշտ ծառայություններ մատուցելն է: Այս բնագավառում կառավարության խնդիրն է ուղղակի և անուղղակի միջամտությամբ աջակցել ոլորտի զարգացմանը, որպեսզի  յուրաքանչյուր քաղաքացու համար հասանելի լինեն կանոնավոր ջրամատակարարումը, հուսալի կապն ու համացանցը, անվտանգ տրանսպորտը,  հեռուստատեսությունն ու ռադիոն:

Այլևս առանց տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների և դրանց յուրահատուկ լուծումների  անհնարին է պատկերացնել արդի աշխարհը: Դրանք բացառիկ կարևորություն ու մեծ դերակատարություն ունեն  տնտեսությունների զարգացման գործընթացներում:  Մեր հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հիմքերի ամրապնդումն ու դրա հետագա զարգացումը  պահանջում է լայնածավալ, հետևողական աշխատանք` ուղղված մտավոր ներուժի ճիշտ գնահատմանն ու օգտագործմանը, ժամանակի պահանջներին համապատասխան կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանը, համալիր  ծրագրերի մշակմանը և իրագործմանը:

Հարգելի պատգամավորներ,

 

սոցիալական պետության կերտումը մեր սահմանադրական նպատակներից է: Դրա իրագործմանն ուղղված՝ ԼՂՀ կառավարությունը կշարունակի քաղաքացիների սոցիալական իրավունքների լիարժեք ու ամբողջական իրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման իր որդեգրած քաղաքականությունը: Այս ոլորտում կառավարությունը նախատեսում է՝ զբաղվածության պետական ճկուն քաղաքականության իրականացում` հստակ թիրախավորված ծրագրերի ներդրմամբ, ժողովրդագրական իրավիճակի բարելավում՝ բնական և մեխանիկական աճի խթանման ծրագրերի շարունակմամբ, ստեղծվող արդյունքի վերաբաշխում՝ սոցիալական  արդարության  սկզբունքներին համապատասխան, թոշակառուներին տրամադրվող սոցիալական երաշխիքների պայմանների շարունակական բարելավում, զոհված  ազատամարտիկների  ընտանիքների  բնակարանային  պայմանների  բարելավում, սպայական  անձնակազմի (նաև կենսաթոշակառու) ընտանիքներին սոցիալական նոր երաշխիքների  տրամադրում, բազմազավակ  ընտանիքների  բնակարանային  պայմանների  բարելավման պետական  քաղաքականության  կատարելագործում, մասնավորապես՝ 5 անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակելի տների հատկացում, երիտասարդ ընտանիքներին ցուցաբերվող աջակցության ծրագրերի զարգացում, հիփոթեքային  արտոնյալ նոր քաղաքականության իրականացում զոհված ազատամարտիկների երեխաների, հաշմանդամների, փախստականների և սոցիալապես խոցելի այլ խմբերի համար: Կապահովվի նաև եկամտային հարկի վերադարձի ծրագրի ամբողջական գործարկումը՝ որպես հիփոթեքային վարկի մատչելիության բարձրացման նոր ու արդյունավետ միջոց:

Առողջապահական ծառայությունների  մատչելիության մակարդակի և որակի բարձրացումը շարունակում է մնալ կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկը: Այս ոլորտում գործադիրը կարևորում է նաև բժշկական ապահովագրական համակարգի աստիճանական ներդրումը և զարգացումը: Նախատեսվում է պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության իրականացման ծավալների վերանայում՝  ապահովագրական բժշկության ներդրման տեմպերի ու ծավալների աճին զուգընթաց: Կիրականացվեն  նաև մի շարք միջոցառումներ, որոնք թույլ կտան բարձրացնել համակարգի աշխատանքի արդյունավետությունը, մասնավորապես՝ պետական պատվեր իրականացնող բուժհիմնարկների նկատմամբ վերահսկողության բարձրացում, մասնավոր բժշկության զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծում, բուժաշխատողների աշխատանքի վարձատրության աստիճանական բարձրացում:

Հարգելի՛ պատգամավորներ,

կրթական համակարգը, լինելով հանրապետության զարգացման համար մասնագետների պատրաստման դարբնոց, մշտապես եղել է պետության հատուկ հոգածության ներքո: Այսուհետ ևս, կառավարության կողմից ապահովվելու է կրթական բոլոր աստիճանների` նախադպրոցականից մինչև հետբուհական մասնագիտական կրթության ներդաշնակ գործունեությունը, որի նպատակն է լինելու ոլորտում բարեփոխումների շարունակական իրականացման շնորհիվ կրթության արդյունավետության աստիճանական բարձրացումը: Հանրակրթության հիմնախնդիրների լուծման նպատակով, բացի որակի բարձրացմանը միտված քայլերից, կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումների շնորհիվ բյուջետային և բարեգործական ֆինանսական միջոցներ կուղղվեն  մանկապարտեզների, ուսումնական հաստատությունների նոր շենքերի, մարզադահլիճների կառուցման, հիմնանորոգման, գույքի և սարքավորումների, ուսումնալաբորատոր սարքերի և նյութերի, ժամանակակից տեղեկատվական միջոցների ձեռքբերման աշխատանքներին:

 

Կառավարությունը  հետևողական աշխատանքներ կիրականացնի  արհեստագործական և միջին մասնագիտական կրթության շարունակականության ապահովման համար: Տեղին է նշել, որ սույն թվականի սեպտեմբերի 1-ից կբացվի Շուշիի արհեստագործական ուսումնարանը, որը լայն հնարավորություններ կընձեռի մեր երիտասարդներին՝ ֆրանսիական ուսումնական ծրագրերով մասնագիտական կրթություն ստանալու և որակյալ արհեստավոր դառնալու համար:  Պահանջվող որակի և քանակի մասնագետներով աշխատաշուկան համալրելու առումով կարևորվում է հանրապետության բուհական համակարգում բարեփոխումների իրականացման, հատկապես, կրթության որակական առաջընթացի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և արտերկրի  առաջավոր բուհերում ուսանելու լայն  հնարավորությունների ստեղծումը:

Գործադիրը կարևորում է  հանրապետության գիտական և գիտակիրառական ներուժի օգտագործման արդյունավետության բարձրացումը: Աշխատանքներ կտարվեն Արցախի տնտեսական զարգացմանը նպաստող գիտական հետազոտությունների իրականացման ուղղությամբ՝ ընդգրկելով գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, ինչպես նաև ֆունդամենտալ և հասարակական գիտությունները:

Մշակույթի ոլորտում կառավարությունն իր քաղաքականության մեջ առաջնահերթ նշանակություն է տալիս մշակութային ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը, ազգային մշակույթի զարգացմանն ու տարածմանը,  ստեղծագործական ներուժի զարգացմանը, մշակութային  ծառայությունների որակական բարեփոխումներին:  Կապահովվի մշակութային ծառայությունների մատչելիությունը, հասանելիությունը, բազմազանությունը, համաչափությունը հանրապետության ամբողջ տարածքում, առանձնակի ուշադրություն դարձնելով գյուղական բնակավայրերին:

Երիտասարդական քաղաքականության իրականացման ուղղությամբ կառավարությունը կշարունակի  ազգային և համամարդկային արժեքներին հաղորդակից, հայրենիքի և սեփական ժողովրդի նկատմամբ  պատասխանատվության խորը գիտակցում ունեցող երիտասարդ սերնդի համակողմանի զարգացման,   ինքնահաստատման և ինքնադրսևորման համար պայմաններ ու երաշխիքներ ստեղծելու քաղաքականությունը:

 

Արտաքին աշխարհի հետ ընդլայնվող շփումները և համագործակցության հետզհետե աճող ծավալները հատուկ կարևորություն են հաղորդում միասնական ու արդյունավետ  արտաքին   քաղաքականությանը, որն էլ ԼՂՀ պաշտպանության, անվտանգության և զարգացման կարևոր բաղադրիչ է։ ԼՂՀ արտաքին քաղաքականության ոլորտի գերակա ուղղությունները կշարունակեն մնալ Արցախի  անկախության միջազգային ճանաչումը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության  խաղաղ  կարգավորումը:                            Արցախի  անկախությունն ու անվտանգությունը բացառիկ արժեքներ են, որոնք ենթակա չեն որևէ սակարկության, և վերադարձ անցյալին` թե՛ կարգավիճակի, թե՛ վարչատարածքային առումով, անհնարին է: Արցախի ժողովրդի կամարտահայտությունը պետք է որոշիչ դերակատարություն ունենա հիմնախնդրի կարգավորման հարցում:

ՀՀ արտաքին քաղաքական և այլ գերատեսչությունների, Սփյուռքի ազդեցիկ կազմակերպությունների և արտերկրում Արցախի համակիրների հետ համակարգված ու հետևողական աշխատանք կտարվի  ԼՂՀ ճանաչման ուղղությամբ առկա դրական միտումներն ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ:

Կարևորելով արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը` կշարունակենք աշխատանքներ տանել արտաքին աշխարհի հետ տնտեսական կապերի հաստատման, Արցախի  զարգացման համար  արտաքին բարենպաստ պայմանների ստեղծման և ներդրումների խրախուսման ուղղությամբ: Մասնավորապես, արտերկրի գործարար շրջանակներին կներկայացվեն Արցախի  տնտեսական և սոցիալական ծրագրերը, ներդրումային  քաղաքականությունը և հարկային բարենպաստ դաշտը:

Արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն խնդիրներից է Հայաստան-Արցախ-Սփյուռք համագործակցության հետագա ընդլայնումն ու զարգացումը:

Կառավարությունը կանի հնարավորը, որպեսզի մեր քաղաքացիներն ապրեն պաշտպանված, ապահով և անվտանգ պետությունում: Ուստի, բանակաշինությունը և Արցախի  պաշտպանունակության մակարդակի բարձրացումն այսուհետ էլ կլինի գործադիրի կարևորագույն խնդիրներից մեկը, որի համար չենք խնայի ոչ մի ռեսուրս: Մենք պարտավոր ենք առավելագույն ջանք ներդնել թե՛ առաջնագծի ամրապնդման, թե՛ սահմանամերձ բնակավայրերի զարգացման ուղղությամբ: Հետևաբար, առաջիկա տարիների ցանկացած ծրագիր հնարավորության դեպքում պարունակելու է նշյալ նպատակին ուղղված քայլեր, որոնք շարունակաբար կբարձրացնեն Արցախի անվտանգության մակարդակը:

 

Հարգելի՛ պատգամավորներ,

առաջարկվող ծրագիրը բավականին հագեցած ու կենսապահանջ է: Այն իրականացնելու համար կառավարությունից մեծ ջանքեր են պահանջվելու: Վստահ եմ, որ միասնական ուժերով կհասնենք մեր ծրագրած նպատակներին,  և այդ գործում, հուսով եմ, մեզ սատար կկանգնի նաև խորհրդարանը՝ իր մշտական աջակցությամբ և խորհուրդներով:

 

Շնորհակալություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930