«Փաթեթավորումը գեղեցիկ, բայց բովանդակությունը՝ խնդրահարույց»,- Ազգային ժողովում «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ քննարկման ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նախագծով սահմանվում է, որ հարկային տարվա համար ֆիզիկական անձի կողմից հասարակական կազմակերպություններին, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց (անհատ ձեռնարկատերերին), կուսակցություններին եկամտային հարկի հաշվին կարող են անհատույց հատկացվել դրամական միջոցներ։
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Համլետ Սահակյանը մանրամասնեց․ «Նախատեսում ենք, որ կազմակերպությունը պետք է որոշակի տեղեկություններ ներկայացնի ՊԵԿ-ին։ Պարզ տեղեկություններ ենք նախատեսում՝ մասնավորապես՝ որոշակի եկամուտներ ու ծախսեր՝ ըստ խոշոր ուղղությունների։ Այն կազմակերպությունները, որոնք տվել են տեղեկատվություն, քաղաքացիները տեսնելու են հայտարարագրի էջում, կարող են ուսումնասիրել, ընտրել իրենց ցանկացած կազմակերպությունը, նշել անհատույց տրամադրվող գումարի չափը։ Նախատեսում ենք 1000 դրամ յուրաքանչյուր ՀԿ-ի, կուսակցության կամ ԶԼՄ-ի համար։ Նախատեսում ենք, որ կարող են յուրաքանչյուրից մեկ հատ ընտրել՝ առավելագույնը 3000 դրամ։ Նշելով դաշտը՝ արդեն ՊԵԿ-ի կողմից այդ փոխանցումը կկատարվի տվյալ կազմակերպությանը»։
Թագուհի Թովմասյանը մտահոգություն հայտնեց՝ երբ օրենսդրական նախաձեռնության միտքն առաջացել է, ինչո՞ւ որևէ կերպ ներգրավված չեն եղել այն շահառու ոլորտների ներկայացուցիչները, որոնց վերաբերելու է այս օրենքը․ «Մեզ հետ ոչ մեկ չի քննարկել։ Եթե այս օրինագծի նպատակն այն է, որ պետք է կուսակցությունները, ՀԿ-ները, լրատվամիջոցներն անկախ լինեն, բայց միաժամանակ պետք է ցանկը սահմանի կառավարությունը, բա էլ ումի՞ց պետք է անկախ լինեն․ եթե կառավարությունն է որոշելու՝ այս կամ այն կազմակերպությունն այդ ցանկում լինի, թե՝ ոչ։ Ֆինանսների նախարարը հայտարարել է, որ պատկերացնում են այն ԶԼՄ-ները պետք է ներգրավված լինեն այս գործընթացում, որոնք ապատեղեկատվություն չեն տարածում․ էդ ո՞վ է որոշում՝ որ ԶԼՄ-ն է ապատեղեկատվություն տարածում և ո՞նց է այդ չափանիշը սահմանվելու, ըստ որի՝ ԶԼՄ-ներից լինելու են լավեր կամ վատեր, մերոնք կամ ձերոնք։ Ինչո՞ւ են վերջին պահին կուսակցությունները բերվել ու նույնականացվել ՀԿ-ների և ԶԼՄ-ների հետ»։
Կարդացեք նաև
Համլետ Սահակյանն ընդունեց, որ որոշակի բացթողումներ եղել են․ «ՀԿ-ների հետ քննարկել ենք, իսկ ԶԼՄ-ների համապատասխան անձ չի եղել․ չգիտենք՝ ում դիմենք։ Ես որևէ բան չնշեցի՝ կապված նրա հետ, որ կառավարությունը ցանկ է սահմանելու։ Պահանջներից մեկն այն է, որ պետռեգիստրում գրանցված լինի կազմակերպությունը։ Կառավարությունը որևէ ԶԼՄ-ի ներկայացրած բովանդակությանը չի նայելու»։
«Մեդիամաքսի» գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը նշեց՝ ներկայացնում է մոտ 100 անդամ ունեցող ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը և հայտնեց, որ նախորդ շաբաթ քննարկել են նախաձեռնությունը և ափսոսում է, որ շուտ չեն տեղեկացրել իրենց այս նախաձեռնության մասին։ Նաև նկատեց․ «Հարկային համակարգի միջոցով իշխանություններն այս պահին նաև տեղեկանում են, թե քաղաքացիներն ում են նախապատվություն տվել քաղաքական առումով, լրատվամիջոցների առումով։ Պետք է երաշխիքներ ստեղծվեն, որ այդ տեղեկությունները, բացի ՊԵԿ-ից որևէ մեկի ձեռքին չեն հայտնվելու, քանի որ քաղաքական շահարկումների առարկա է դառնալու։ Կուսակցությունների մասնակցությունն այս ցանկին մեզ համար ևս մի փոքր տարօրինակ է, որովհետև կուսակցությունների ֆինանսավորման աղբյուրները կարծես հստակ ամրագրված են օրենքում։ ԶԼՄ-ների և ՀԿ-ների առումով ողջունում ենք, կարծում ենք, որ իսկապես սա լրացուցիչ հնարավորություն է ԶԼՄ-ների համար, որոնք զրկված են ֆինանսավորման տարբեր տեսակի աղբյուրներից, լրացուցիչ գումար ստանալ»։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հիշեցրեց՝ ժամանակին ինքն էլ է լրագրությամբ զբաղվել ու նշեց․ «Ժամանակին ընդդիմադիր ԶԼՄ-ներում գովազդատու գտնելը մեծ հերոսություն էր։ Այսօր ընդդիմադիր ԶԼՄ-ում ավելի շատ գովազդ կա, քան մյուս լրատվամիջոցներում։ Այսինքն՝ չեմ կարծում, որ քաղաքացին կարող է քաղաքական առումով կաշկանդվել, որ ինչ-որ ԶԼՄ-ին նախապատվություն է տալիս։ Անգամ այդ պարագայում այդ համակարգը փակ է, այդ տվյալները ոչ մեկ չի տեսնում»։
Կուսակցություններին՝ այս ցանկում ներառելու հետ կապված մտահոգությունների առիթով էլ ՔՊ-ական պատգամավորը նշեց․ «Սա բյուջետային ժողովրդավարության գործիք է, թույլ է տալիս, որ մարդիկ իրենց կամքն արտահայտեն։ Նոր ստեղծվող քաղաքական միավորները, եթե կարող են իրենց ներկայացնել, թող ներկայացնեն, ստանան աջակցություն»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































