Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյան. Ռուսաստանը լուրջ հետեւություններ արեց

Հուլիս 01,2015 17:44

Բաղրամյան պողոտայում այս պահին դեռ բավական սակավամարդ է, հավաքվածները հիմնականում ծվարել են պողոտայի ստվերոտ հատվածներում եւ հանգստանում են:

Այս պահին պողոտայում շրջում է Վերակազմյալ սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ, ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Aravot.am-ի հետ զրույցում տիկին Սարգսյանն անդրադառնալով արդեն տասն օր շարունակվող ՀՀ քաղաքացիների ըմբոստությանն, ասաց, որ «բոլոր նրանք, ովքեր ենթադրում են, որ Հայաստան են եկել, որպես խամուխոպան, որ վարեն ու ցանեն, միանշանակ հասկացան, որ գողոնն ու թալանը Հայաստանում հնարավոր չի լինելու: Աշխարհը հասկացավ`մենք ազգ են, ոչ թե տարածքում ապրող ժողովուրդ եւ ունակ ենք մեր ազգային շահերն ու քաղաքացիական իրավունքները պաշտպանելու»:

Մեր զրուցակիցն ամենակարեւորն այն է համարում, որ ՀՀ քաղաքացիները ինքնակազմակերպվեցին, եկան Բաղրամյան պողոտա`կոնկրետ պահանջով:

Լյուդմիլա Սարգսյանը դատապարտում է ոստիկանների գործողությունները, որոնք առաջին օրը բիրտ ուժ կիրառեցին ցուցարարների նկատմամբ: Նա հույս ունի, որ հարուցված քրեական գործի շրջանակներում, իրենց լիազորությունները գերազանցած ոստիկանները կպատժվեն: Այդ իմաստով, նա դրական է համարում, որ իշխանական հատվածում էլ կան մարդիկ, ովքեր մտածում են ու համոզված են, որ անհամաչափ ուժ կիրառած ոստիկանները պիտի պատասխան տան:

Շարժման ամենակարեւոր արդյունքն, այնուհանդերձ, մեր զրուցակիցը համարում է այն, որ Ռուսաստանը լուրջ հետեւություն արեց`Հայաստանի անվտանգությունն ու շահը միայն Հայաստանինը չէ, նաեւ Ռուսաստանն է ու ինքն ուզում է, թե`ոչ, Հայաստանին պետք է ընդունի իբրեւ անկախ պետություն: Այս իմաստով, նա շարժման ձեռքբերումը համարում է ՀԷՑ-երում աուդիտ անցկացնելու համաձայնությունը, Պերմյակովի գործը հայկական կողմին հանձնելը, Հրաչյա Հարությունյանի արտահանձնումը Հայաստանին, ռազմատեխնիկայի համար ՌԴ-ի կողմից Հայաստանին տրամադրվելիք վարկը. «ՌԴ-ն հասկացավ, որ կարող է գալ մի պահ, որ վիճակն անվերահսկելի կդառնար ու ինքը կկորցներ իր շատ քիչ բարեկամներից մեկին`Հայաստանին: Թող իմանան, որ նման վտանգ կա ու իրենք պետք է հարգալից եւ արժանապատիվ վերաբերվեն ՀՀ-ին»:

Ընդդիմադիր պատգամավորը վստահ չէ, որ աուդիտի արդյունքում ինչ-որ բացահայտումներ կլինեն, բայց կարծում է, որ դա կլինի դադարի մի շրջան, որը հնարավորություն կտա ՀՀ կառավարությանը գումարներ հայթայթել ու էլեկտրաէներգիայի սակագինը պահպանել: Մի բանում նա վստահ է`թալանի մասնակիցները պետք է պատժվեն:

Ի դեպ, տեղեկություններ կան, որ ՌԴ վարչապետն արդեն խոսել է Բիբինի դեմ քրեական գործ հարուցելու մասին:

Լավագույն ու վերջնական լուծումը նա տեսնում է ՀԷՑ-երի ազգայնացմամբ, ինչը այսուհետ զերծ կպահի մեր երկիրը տարատեսակ «գաստրալյորների» ոտնձգություններից. «Ժողովրդական դժգոհության այս ալիքը իշխանությունը պետք է կարողանա պետության շահին ծառայեցնել»:

Լյուդմիլա Սարգսյանը կարծում է, որ «Ոչ թալանին» համակարգող խմբին հաջողվեց լուրջ արդյունք գրանցել:

Ինչ վերաբերվում է Բաղրամյան պողոտայում մնացած ժողովրդին, պատգամավորը կարծում է, որ այդ մարդիկ իրավունք ունեն կասկածելու իշխանության քայլերի վրա, դա իշխանության վաստակն է այս տարիների ընթացքում: «Կարծում եմ, ժամանակի ընթացքում նրանք էլ կտեղափոխվեն Ազատության հրապարակ, պայքարն արդյունավետ այնտեղ շարունակելու համար: Մարդիկ օր օրի քչանում են: Բայց Բաղրամյանը փակել էր ժողովուրդը, նա էլ պետք է բացելու որոշում կայացնի`ե՞րբ, ինչպե՞ս, ժամանակի խնդիր է: Պետք է խելոք մտածեն ու հաշվարկեն ճիշտ ու սխալը, պայքարն արժանապատիվ շարունակելով՝ համախմբվել ինչ-որ մի տեղում, թե օր օրի նվազելով`սպառել շարժումը: Չէի ցանկանա, որ մարդկանց պակասի պատճառով պարտադրված լքեին պողոտան, այլ սեփական որոշման արդյունքում հեռանային»,- ասաց նա:

Լյուդմիլա Սարգսյանը նաեւ հավելեց. «Արդեն տեսանելի է, որ արեւմտամետ քաղաքական գործիչները, ուժերը փորձում են իրենց ազդեցությունն ավելացնել Բաղրամյան պողոտայում, ես կոչ եմ անում հավաքվածներին, որ չտրվեն էմոցիաներին եւ այլոց կարծիքն իրենց համար դոմինանտ չդառնա»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea Organizacion says:

    ՌԴ գտել է ՀՀ կառավարության թույլ կողմը:Մի կողմց շատ լավ պատրաստելով Ալիեվին եվ հաջողությամբ վերջացնելով նախնական պայամանավորվածությւնը անցել է ՀՀ կառավարությանը կուտ տալու պրոցեսին,200 մլն դոլարի արտոնյալ վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը, որով ՌԴ-ն արդիական զենք է մատակարարելու ՀՀ ԶՈՒ-ին:Ռուսների ինչի՞ն է պետք, որ ՀՀ-ն զինված լինի «Իսկանդեր Մ» համակարգերով:Նախ ռուսական զորքերն գտնվելով ՀՀ տարածքում նա վաղուց էր որոշել ՀՀ տեղադրել «Իսկանդեր Մ» համակարգը որպեսզի պատրաստ լինի հակահարված տալուՆԱՏՈ-ին:Բոլոր պետություններն ովքեր ունեին գազի պարք ՌԴ-ից, նա չեղյալ համարեց բացի ՀՀ-ից:Այսօր էլ այդ նույն ռուսը հարսի հետեւով փեսուն լավութուն է անում:
    Այ սոխ, եթե այսքան վախենում ես ՆԱՏՈ-ից դու քո հաշվին տեղադրի այդ զենքերն եւ Հայստանին էլ հանգիստ թողեք,առանց այն էլ ՀՀ դարձել է ՌԴ համար պոլիգոն:Այսօր մենք պետք է պայքարենք որ Ռուսը դուրս հանի իր զինվորին ՀՀ քանի դեռ ուշ չէ:Ամբողջ հանրությունը բորբոքված է՝ այս ինչ արհամարհանք է հայ ժողովրդի հանդեպ, ռուս զինվորը մեր տարածքում կատարում է հանցագործություն իսկ մենք լռում ենք:
    ՀՀ տնտեսությունը համարյա քայքայվել է:Սերժ Սարգսյանը մեզանից խլել է, ահա, այդ սխրանքը, ոտնահարել մեր արժանապատվությունը, ինչպես քոչվորաբար ոտնահարել են այս երկրի բոլոր սրբությունները:
    Մենք իրավունք չունենք այլեւս կրկնել 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի հայ քաղաքական մտքի ճակատագրական սխալը եւ հայ-թուրքական հարաբերություններում ապավինել երրորդ ուժի:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031