Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան եւ մենք. Ուզո՞ւմ ես ինչ-որ բան փոխվի՝ փոխվիր ինքդ

Հուլիս 06,2015 15:30

Այդ պարզ սկզբունքը կարող է «շարժել անշարժը»

20-րդ դարում աշխարհը փոխած մարդիկ՝ Մահաթմա Գանդին, Մարտին Լյութեր Քինգը, Նելսոն Մանդելան, արել են ավելին, քան բարիկադներ կառուցած եւ պալատները գրոհած բոլոր տեսակի հեղափոխականները: Նրանցից առաջինը՝ Գանդին, մշակել էր չարիքի դեմ պայքարի ոչ բռնի մեթոդների տեսությունը: Գաղափարը պարզ էր՝ անգլիական գաղութատիրական իշխանությունների հետ համագործակցությունից հրաժարվելը՝ պետական հիմնարկների եւ օտար ապրանքների բոյկոտը, հարկեր մուծելուց հրաժարվելը, առավել անտանելի օրենքներին չենթարկվելը: Այդ շարժման սկզբունքներն էին՝ կատարյալ բացախոսությունը, բոլոր գործողությունների վերաբերյալ հրապարակային ծանուցումը, ուժեղ, ազդեցիկ միջոցներին դիմելը միայն այն դեպքում, երբ փորձված են ավելի թույլերը: «Անգլիացիները չեն տիրացել Հնդկաստանին,- ասում էր Գանդին,- այդ մե՛նք ենք մեր երկիրը տվել նրանց: Նրանք գտնվում են Հնդկաստանում ոչ թե իրենց ուժի շնորհիվ, այլ որովհետեւ մե՛նք ենք նրանց այստեղ պահում»: Հետեւաբար, իրավիճակը փոխելու համար նա կոչ էր անում փոխել մտածելակերպը:

Գանդիի փիլիսոփայությունը ազգային եւ եվրոպական մշակույթների միաձուլումն է: Հայտնի է, որ նա բարձրագույն (իրավաբանական) կրթությունը ստացել էր հենց Անգլիայում, եւ նրա երազանքն է եղել իրար միացնել հինդուիզմը, բուդդիզմը եւ քրիստոնեությունը: Բոլոր տարբերություններով հանդերձ՝ այդ երեք կրոններն իրենց լայնախոհությամբ եւ հանդուրժողականությամբ առանձնանում են մնացածներից: Գանդիի ներշնչման մեկ այլ աղբյուր էր Լեւ Տոլստոյի ուսմունքը: Չարիքի դեմ ոչ բռնի ձեւերով պայքարելու տեսությունը, նրա խոստովանությամբ, նա մեծ չափով փոխառել է ռուս մեծ գրողից:

«Բռնության օրենքը եւ սիրո օրենքը»՝ այդպես է կոչվում Տոլստոյի՝ 1908 թվականին գրված ամենանշանավոր ոչ գրական աշխատություններից մեկը, որտեղ 80-ամյա գրողն ամփոփում է իր մտորումները ազատության, արդարության եւ դրանց հաստատման միջոցների մասին: Մասնավորապես, նա տեսնում էր, թե ինչպիսի մեթոդներով էր իր երկրի իշխանությունը պայքարում ապստամբությունների դեմ՝ գտնելով դրա համար որոշակի հիմնավորումներ՝ բա ի՞նչ անել այդ սրիկաների հետ, թող ռումբեր չշպրտեն մեզ վրա, մենք էլ նրանց կախաղան չենք հանի: Բայց, ըստ Տոլստոյի, նույնքան դաժան են հեղափոխականները, որոնք ցանկանում են ոչնչացնել հողատերերին եւ կապիտալիստներին: Հասկանալով, որ գնում են մարդկային բնությանը հակառակ, նրանք վախենում են, ստում են եւ ջանում են իրենց մեջ չարություն սերմանել, որպեսզի չտեսնեն ճշմարտությունը, խեղդեն իրենց մեջ ճշմարտության ձայնը: Այնինչ մարդկանց փրկությունը, ռուս գրողի կարծիքով, հեղափոխությունների, բանվորական միությունների եւ խաղաղության կոնգրեսների մեջ չէ: Ճանապարհն ավելի պարզ է. ցանկացած մարդ, որին դրդում են մասնակցելու բռնությանը իր եղբայրների կամ հենց իր նկատմամբ, գիտակցելով իր հոգեւոր «ես»-ը՝ պետք է տարակուսանքով հարցնի՝ «իսկ ինչո՞ւ ես դա պետք է անեմ»:

Ահա նման ակունքներից է սնվում Մահաթմա Գանդիի փիլիսոփայությունը: Իհարկե, նա ոչ միայն մտածում էր, այլեւ գործում: Բայց այդ գործն ուներ հստակ հումանիստական նպատակաուղղվածություն: Գանդիի ոչ բռնի մեթոդների մեջ նրա զինակիցներից շատերը տեսնում էին միայն լավ միջոց՝ Հնդկաստանի անկախությանը հասնելու համար: Բայց ինքը՝ Գանդին, որքան էլ դա կարեւորեր, առաջին տեղում դնում էր պայքարը Մարդու համար: Դա սկզբունքային պահ է, որովհետեւ եթե խոսքը պարզապես ոչ բռնի «տեխնոլոգիաների» մասին է (օրինակ՝ այնպես, ինչպես որ դրանք նկարագրված են Ջին Շարփի աշխատություններում), ապա դրանից ոչ մի լավ բան դուրս չի գալիս:

«Տեխնոլոգիաները» կարող են բերել տվյալ ուժի «հաղթանակի», բայց այդ հաղթանակը չի հանգեցնում խաղաղության ու բարեկեցության, որովհետեւ որոշակի հոգեւոր կանոններ չեն դարձել ամեն մի մարդու եւ ամբողջ հասարակության սկզբունքները: Խնդիրն այն է, որ աշխարհում պայքար է գնում ոչ թե լավ եւ վատ մարդկանց միջեւ, դա ցանկացած մարդու հոգու մեջ չարի եւ բարու պայքար է: «Ամեն մի մարդ,- գրում էր Գանդին,- կարող է մերժել չարիքը, եւ վերջինս նման որոշման դեմ անզոր կլինի»:

Ի վերջո, հարցը հետեւյալն է. վերափոխումները կատարվում են ներսի՞ց դուրս, թե՞ դրսից ներս: Գանդիի (Տոլստոյի, Պասկալի, Էրազմի) նման մարդիկ պնդում են, որ արդյունավետ է միայն առաջին ճանապարհը: Որեւէ բան փոխելու համար դու պետք է ինքդ փոխվես եւ երբեք չասես, որ դու արդեն հասել ես կատարելության, ու հիմա «ուրիշների քայլն է»:
Վերջում եւս մի մեջբերում Լեւ Տոլստոյից. «Հասարակական կյանքը կարող է բարելավվել միայն մարդկանց ինքնազոհությամբ: Ասում են՝ մի ծիծեռնակը գարուն չի բերում: Բայց մի՞թե նրանից, որ մի ծիծեռնակը գարուն չի բերում, այդ ծիծեռնակը, որը զգում է գարունը, չպիտի թռչի: Այնպես էլ մենք. Աստծո արքայությունը հաստատելու համար չպիտի մտածենք՝ արդյոք ես առաջի՞ն, թե՞ 1000-րդ ծիծեռնակն եմ: Արա քո կյանքի գործը, կատարիր Աստծո կամքը եւ վստահ եղիր, որ այդ ճանապարհով դու ամենաարդյունավետ ձեւով նպաստելու ես ընդհանուր կյանքի բարելավմանը»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ջիվան Նադարյան says:

    Սրտովս հոդված:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031