Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ անել սննդային թունավորման ժամանակ

Հուլիս 16,2015 12:00

Ամռան շրջանում ինֆեկցիայի հարուցիչները շատ լավ են բազմանում, ուստի այս շրջանում շատանում են նաեւ սննդային թունավորման դեպքերը, որի պատճառներից մեկը նաեւ սննդի սխալ պահպանումն է: Շոգից փչացող անորակ սնունդը պարունակում է էնտերոտոքսիններ՝ թույներ, որոնք էլ առաջացնում են թունավորում: Սննդային թունավորումների նշաններն են սրտխառնոցը, փսխումը, որովայնում ցավի զգացումը, ջերմության բարձրացումը, իջնում է զարկերակային ճնշումը, հնարավոր է ուշաթափություն, երբեմն՝ մկանների ջղաձգում: Սննդամթերքում որքան շատ են հավաքված թույները, այնքան հիվանդի մոտ ավելի ուժեղ է սրտխառնոցը, փսխումն ու բարձր ջերմությունը, որոնք համարվում են օրգանիզմի պաշտպանիչ ազդակները:

Վարակի աղբյուր կարող է դառնալ այն միսը, որը մորթի ժամանակ կեղտոտվել է՝ սանիտարահիգիենիկ պայմանները չպահելու հետեւանքով: Լինում է նաեւ, երբ սննդային թունավորում տեղի է ունենում լավորակ սննդամթերքից, եթե խախտվում են դրանց պահպանման նորմերը: Սուր թունավորումները հիմնականում կարող են առաջացնել դեղորայքը, ալկոհոլային խմիչքները, սունկը:

Ամռանը վտանգավոր են նաեւ կրեմով թխվածքները եւ թթվասերով ու մայոնեզով համեմված աղցանները: Այս շրջանում մասնագետները խորհուրդ են տալիս նաեւ զերծ մնալ արագ սննդի կետերի մատուցած սննդից, քանի որ այնտեղ շատ հաճախ չեն պահպանվում սննդի պատրաստման համար անհրաժեշտ բոլոր սանիտարահիգիենիկ պայմանները: Թունավորումներից խուսափելու համար առաջնահերթ պահպանեք մթերքի հիգիենայի եւ պահպանման կանոնները՝ չմոռանալով լավ լվանալ նաեւ միրգն ու բանջարեղենը:

Թունավորման կասկածներ ունենալու դեպքում անհրաժեշտ է պարզել թույնի բնույթը եւ օրգանիզմ ներթափանցելու ճանապարհը: Կատարվում է ստամոքսի լվացում 2-5 տոկոսանոց սոդայի կամ թույլ կալիումի պերմանգանատի՝ մարգանցովկայի լուծույթով: Օգտագործվում է 2-3 լիտր հեղուկ: Լվացում կատարվում է նաեւ փսխման միջոցով՝ վերը նշված լուծույթից 3-4 բաժակ խմեցնելով հիվանդին:

Հիվանդի աղիքները թունավորում առաջացնող սննդից արագ մաքրելու համար անհրաժեշտ է տալ կարբոլեն՝ ածուխ եւ լուծողական՝ 25 գրամ լուծողական աղը բացել կես բաժակ ջրում: Հիվանդին արգելվում է 1-2 օրվա ընթացքում ուտել որեւէ սնունդ: Ստամոքսի լվացումից հետո թույլատրվում է հիվանդին խմեցնել թեյ կամ սուրճ:

Եվ հիշե՛ք, չտարվեք ինքնաբուժմամբ՝ մոռանալով կանչել շտապօգնություն, քանի որ բուժօգնությունն ավելի շուտ կկազդուրի հիվանդին եւ հետագա բարդություններից զերծ կպահի:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
15.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031