Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեկտրաէներգիայի արտահանումը կատարվում է ի վնաս մեր ժողովրդի

Հուլիս 30,2015 15:30

Մեր երկրի տնտեսության ոլորտի պատասխանատուներն արտահանվող ապրանքների շարքում հպարտությամբ առանձնացնում են նաեւ էլեկտրաէներգիան, մինչդեռ պարզվում է, որ այդ էլէներգիայի արտահանումը կատարվում է ի վնաս մեր բնակչության: Խոսքը, մասնավորապես, Իրան արտահանվող էլէներգիայի մասին է:
Նշենք, որ Հայաստանն Իրանին 1 խմ գազի դիմաց տրամադրում է 3 կվ/ժամ էլեկտրաէներգիա:

Էներգետիկ-փորձագետ Էմիլ Սահակյանը հաշվարկել է եւ պարզել, որ մեր երկրի ներքին սպառման համար պահանջվող լրացուցիչ 1,5 միլիարդ կիլովատ/ժամ էլեկտրաէներգիան, որն ի զորու չեն արտադրելու հիդրոկայանները եւ ատոմակայանը, արտադրում են զգալիորեն ցածր արդյունավետություն ունեցող «Հրազդան ՋԷԿ»-ը եւ «Հրազդան 5 կայան»-ը: Վերջինս այդ քանակությունն արտադրելու համար ծախսում է մոտ 125 միլիոն խմ բնական գազ, որի արժեքը կազմում է 34 միլիոն դոլար: Եվ այս լրացուցիչ ծախսված գազի արժեքն, ըստ Էմիլ Սահակյանի, ուզած-չուզած պետք է փոխհատուցվի սպառողների կողմից՝ սակագնի ավելացման միջոցով:

Մինչդեռ փորձագետի խոսքերով՝ Իրան արտահանվող էլէներգիան արդեն որերորդ տարին է՝ արտադրվում է ավելի ժամանակակից եւ արդիական համարվող «Երեւանի ՋԷԿ»-ի կողմից:

Մասնագետը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգիայի ներքին սպառումը տարեկան կտրվածքով կազմում է 6 միլիարդ կիլովատ/ժամ: Պահանջվող այս քանակությունից մոտ 4,5 միլիարդ կվ/ժամ-ն արտադրվում է էներգահամակարգում գործող հիդրոկայանների եւ ատոմակայանի միջոցով, մնացած 1,5 միլիարդ կիլովատ/ժամ էլեկտրաէներգիայի արտադրման համար ուզած-չուզած պետք է օգտագործվեն «Հրազդան ՋԷԿ»-ի, «Հրազդան-5 կայանի» կամ «Երեւանի ՋԷԿ»-ի հզորությունները: Քանի որ եղած ջերմաէլեկտրակայաններից առավել ժամանակակից ու արդիական է «Երեւանի ՋԷԿ»-ը, ուստի ինքնըստինքյան պարզ է, որ պահանջվող 1,5 միլիարդ կիլովատ/ժամ էլեկտրաէներգիայի արտադրման հնարավոր ցածր արժեքը ապահովելու համար առաջին հերթին պետք է օգտագործվի «Երեւանի ՋԷԿ»-ի հզորությունը: Սակայն իրականում, անհասկանալի նկատառումներից ելնելով, «Երեւանի ՋԷԿ»-ի հզորությունը արդեն որերորդ տարին է՝ օգտագործվում է հիմնականում Հայաստանից Իրան էլեկտրաէներգիա արտահանման համար, իսկ ներքին սպառման համար պահանջվող 1,5 միլիարդ կվ/ժամ էլէներգիան արտադրվում է զգալիորեն ցածր արդյունավետություն ունեցող «Հրազդան ՋԷԿ»-ի եւ «Հրազդան 5 կայանի» հզորությունների միջոցով: Այսինքն՝ խախտվում է էներգետիկայի մասին օրենքով սահմանված տնտեսական կարգավարման պահանջը»:

Փորձագետի խոսքերով՝ Հայաստանի էլեկտրաէներգիայի արտահանման ռեժիմը սկիզբ է առել 2010թ.-ից եւ շարունակվում է մինչ այժմ: Էմիլ Սահակյանը վկայակոչելով Ազգային վիճակագրական ծառայության տվյալները՝ նշում է, որ տարեկան կտրվածքով արտահանվում է միջինում մոտ 1.2 միլիարդ կվ/ժամ էլէներգիա, ինչը բացասաբար է անդրադառնում ներքին սպառման համար հատկացված էլեկտրաէներգիայի սակագնի վրա: Մոտավոր հաշվարկով այս արտահանման ռեժիմի պատճառով մեր երկրի տարեկան բեռը կազմում է 27 միլիոն դոլար:

Փորձագետը հարցնում է, թե Հայաստանն ի՞նչ օգուտ կամ վնաս է քաղում արտասահման, մասնավորապես՝ Իրան էլեկտրաէներգիա արտահանելու գործարքից: Էմիլ Սահակյանն իրավասու մարմինների պատասխանն է ակնկալում:

Ի դեպ, նկատենք, որ էլեկտրաէներգիայի արտահանման թույլտվությունը տալիս է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որը թույլտվություն տալուց առաջ պարտավոր է մանրամասն վերլուծել, թե այդ արտահանումն ինչ չափով կանդրադառնա մեր ներքին շուկայի սակագների վրա: Հանձնաժողովը պետք է նաեւ հաշվի առնի, որ այդ արտահանումը չպետք է կատարվի ժողովրդի հաշվին:

Է. Սահակյանի համոզմամբ՝ եթե արտահանումն իրականացվում է մեր ժողովրդի հաշվին՝ անթույլատրելի է. «Մենք արտահանված էլեկտրաէներգիայի համար գործի ենք գցում ցածր արդյունավետություն ունեցող «Հրազդանի» հնաոճ բլոկները, որոնք նույն քանակի էլեկտրաէներգիա արտադրելու համար ծախսում են 30-35%-ից ավելի բնական գազ, որի արժեքն ուզած-չուզած կրում է մեր ժողովուրդը: «Երեւանի ՋԷԿ»-ն ամենաշահավետն է մեր ժողովրդի համար: Արտահանումը վնասաբեր է մեր ժողովրդի համար, քանի որ այդ արտահանումը կազմում է տասնյակ հազար դոլարներ»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Էլեկտրիկ says:

    Այ ժողովուրդ այստեղ մի բան այն չէ: Ոնց թե Իրանը էներգիա միայն ՋԵԿ – ից է գնում (?): ՋԵԿ, ՏԵՑ, ՀԵԿ եւ այլն միացված են միացյալ, ընդհանուր ցանցին, իսկ ցանցից էներգիան բաշխվում է սպառողներին՝ ըստ բեռնավորման: Հետեւաբար, ասել որ Իրանը էներգիա միայն ՋԵԿ – ից է ստանում, մեղմ ասած` տեխնիկապես անհեթեթ է: Ուրիշ բան, որ այդպես ներկայացվում է թվերով: Իսկ թվերով, իսկապես խառնափնթոր ու տարօրինակ պատկեր է բացահայտվում: Ցանցը փաստորեն մեկից կարող է 5-7 դրամով առնել, մյուսից` 25-30! Եւ դեռ աուդիտ, ստուգում ու հիմնավորում են փորձում պահանջել իրենցից! Միթե պարզ չէ որ այս դեպքում ցանցն ու արտադրողները համաձայնության պիտի գան միմյանց հետ եւ էժան արտադրվող էներգիան գրեն թանկ արտադրողի վրա, իրենց ուզածի չափով բարձր ցույց տալով ինքնարժեքը, թալանել սպառողներին: Այս դեպքում իրական հսկողության իրականացումը պրակտիկորեն անհնար է դառնում, որովհետեւ պահանջվում է ստուգել նաեւ բոլոր արտադրողների գործնեությունը (ջրի ծախսը, գազի ծախսը, միջուկային վառելիքի ծախսը, կայանների փաստացի օ.գ.գ. – ն, եւ այլն!) Նման արտադրման-բաշխման սիստեմը կարող է վերահսկելի լինել միայն մեկ ընդհանուր տիրոջ պատկանելու պարագայում՝ այն է ազգայնացվելու դեպքում միայն:

  2. Էլեկտրիկ says:

    Իսկ այն ինչ ունենք այսօր, տրամաբանորեն որեւէ բողոքի տեղ չի թողնում – ազատ շուկայական հարաբերություններ են, արտադրողներն ու ցանցն էլ մասնավոր ընկերություններ: Այս դեպքում արտադրողը կարող է որեւէ ինֆորմացիա չտրամադրել իր ապրանքի ինքնարժեքի մասին (ասելով՝ կոմերցիալ գաղտնիք է, երթաս բարով!) Նույնը արտասահմանում է՝ դուք չեք կարող որեւէ մեկից որեւէ ինֆորմացիա պահանջել ապրանքի ինքնարժեքի մասին: Իսկ վաճառող – վերավաճառողն էլ ազատ է իր ուզած գինը դնելու՝ իմ պոպոքն է, գինն էլ այս է, առ կամ մի առ, քո գործն է! Այսպիսով, բողոքը էներգիայի թանկացման դեմ, սկզբունքորեն սխալ ճանապարհով է գնում: Պետական կամ հանրային խորհուրդ, եւ այլն, անհասկանալի ու փաստորեն անմիտ, անգործունյա-իմիտացիոն, ժամանակավոր կառույցներ են: Ելքը միակն է՝ վերադարձնել ժողովրդից թալանվածը – արտադրող կայաններն ու բաշխից ցանցերը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031