Լրահոս
Օրվա լրահոսը

Արձակուրդային

Օգոստոս 14,2015 10:00

Իմ հարեւաններից մեկը դռներ է սարքում: Իսկ մյուսը «մոտորիստ» է: Եվ քանի որ երկու հարեւաններս էլ ինձ լավ են վերաբերվում, նրանք ինձնից երբեմն ներողություն են խնդրում աշխատանքային աղմուկի համար: Բայց ես բացարձակապես չեմ նեղվում ո՛չ աղմուկից, ո՛չ էլ դիզվառելիքի «արտադրած» հոտից, թեկուզ դրանք օրը 24 ժամ լինեն: Ես ուրախանում եմ, երբ մարդիկ աշխատում են, բարիք են ստեղծում, իրենց ընտանիքներն են պահում: Ես նեղվում եմ, երբ մարդիկ պատի տակ անգործ նստած բողոքում են կյանքից: Այդպիսիններին ես տեսել ոչ միայն Հայաստանում: Հիշում եմ, տարիներ առաջ հնդկական ռեզերվացիայում հանդիպած նման «բողոքավորներն» իրենց վարքն ինձ բացատրեցին այսպես. «Մենք չենք աշխատում, որովհետեւ սպասում ենք, թե երբ են սպիտակ մարդիկ մեր երկրից գնալու»: Դե, մերոնք էլ, երեւի սպասում են, մինչեւ իշխանությունները «մի հատ զավոդ կբացեն», որ գնան աշխատեն:

Աշխատանքը, մանավանդ այնպիսի աշխատանքը, որը քեզ հաճույք է պատճառում, ինձ թվում է, մարդու երջանկության հիմքն է:  Բայց նույնիսկ աշխատանքը  (ինչպես եւ մնացած բաները) պետք չէ կույր պաշտամունքի առարկա դարձնել: Եվ, մասնավորապես, դրա համար մարդիկ հնարել են արձակուրդի ինստիտուտը: Երբ որեւէ մեկը հպարտությամբ ասում է՝ «ես չգիտեմ, թե ինչ է նշանակում հանգստանալ ու երբեք դրա կարիքը չեմ ունեցել», դա, կարծում եմ, այնքան էլ բանական մոտեցում չէ: Ինչ-որ բան պետք է պարպվի, որպեսզի դրանից հետո լցվի՝ «աշխատանքային» մտքերն ու հոգսերը՝ նույնպես: Գործի հետ կապված նոր գաղափարներն առաջանում են հատկապես այն ժամանակ, երբ դրանց մասին ընդհանրապես չես մտածում:

Մի խոսքով, եկել է նաեւ իմ արձակուրդի շրջանը, եւ ասել, թե այդ կապակցությամբ ուրախ չեմ՝ անկեղծ չէր լինի: Ինձ համար արձակուրդ գնալը նշանակում է նախեւառաջ համացանց չմտնելը: Չքննարկենք սոցիալական ցանցերի եւ կայքերի առավելություններն ու թերությունները. դա մեր կյանքի անբաժանելի մասն է, եւ դրա դեմ պայքարելը կնշանակի նմանվել «լուդիտներին», որոնք 19-րդ դարի սկզբին պայքարում էին հաստոցների դեմ, որպեսզի պահպանվի արտադրություն «ձեռագործ» եղանակը:

Բայց համացանցից նույնպես պետք է հանգստանալ, որովհետեւ այստեղ որքան օգտակար տեղեկատվություն կա, այնքան էլ աղբ կա, եւ մեկը մյուսից զատելու համար անհրաժեշտ է որոշակի մտավոր լարում եւ, ամենակարեւորը՝ ժամանակ, որն առաջիկա երկու շաբաթում պատրաստվում եմ ծախսել այլ բաների վրա: Այդպիսով, ես չեմ բացելու Ֆեյսբուքի իմ էջը, ինչպես նաեւ մեր կայքը եւ չեմ ունենա հետադարձ կապ ընթերցողների հետ, որն, անշուշտ, իմ աշխատանքի մի մասն է: Բնականաբար, սեպտեմբերին սկզբին ես բոլոր դիտարկումները կկարդամ:

Aravot. am – ի մոդերատորներին հորդորել եմ հրապարակել իմ հասցեին գրվող բոլոր որակումները, եթե դրանք սեռական հայհոյանք չեն պարունակում: Օրինակ, «հիմար», «անգրագետ», «լկտի», «քո գրածները զառանցանք են, մառազմ են» եւ այլն: Եթե նման բան ասվում է կամ գրվում է իմ կամ իմ գրածների մասին, ապա ես կողմ եմ, որ դա հրապարակվի: Ներողամիտ լինենք ընթերողների նկատմամբ. նրանք բոլորը մեր քույրերն ու եղբայրներն են:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Ինչ հետաքրքիր ստացվեց: Գործիս տեղը սեղանս էի կարգավորում և ավարտում կիսատ գործերս, որ վաղվանից էլ չեմ գալու: Բացում եմ այս էջը և կարդում տրամադրությանս համահունչ վերնագիր…
    Մի քանի ժամից կշարժվեմ դեպի Արցախ: Այնտեղ է ծառայում տղաս, և վաղը զինվորական երդում է տալու: Այնտեղ որպես զինվորական վիրաբույժ է ծառայում փեսաս, և դեկաբրիստի կնոջ պես՝ թոռնիկիս հետ այնտեղ է տեղափոխվել աղջիկս, որը շուտով նույնպես բժիշկ կաշխատի Արցախում: Այնտեղ անհամբեր ինձ են սպասում նաև մարտական ընկերներիս մի խումբ: Իսկ դա նշանակում է ձկնորսություն, որս, թոնրի ուլ, թթի օղի, վերջում էլ իսկական փայտով ինքնաեռ և ՛՛խոռնավ չայ՛՛… ու հետո այդ ամենը նորից ու նորից… Հատե տի՛))))))

    • Արսեն says:

      Տատս պատմում էր՝ որ իրենք մի հատ հեռու բարեկամ քահանա են ունեցել… Էս քահանան, 30-ականների սկզբներին՝ իրա ոտով, գնում է Алтайский Край։ Մոտ 33-34-ին, երբ НКВД-ն ցուցակով գալիս է, որ իրենց եկեղեցու (Հայաստանում) բոլորին ձերբակալի՝ իրեն չեն գտնում (իր անունն էլ էր ցուցակի մեջ)։ Հարցնում են՝ ինքը որտեղ է? Մնացածը ասում են Алтайский Край-ում է։
      НКВД-ն բոլորին ձերբակալում է՝ իր անունի դիմաց էլ գրում է՝ «ինքը արդեն Алтайский Край-ում է» ..)))..
      էս մեր՝ իր ոտով Ալթայ գնացած քահանան՝ սկզբում Ռուսական ինչ-որ եկեղեցու տարածքում՝ որպես բանվոր և պահակ է աշխատում՝ գլուխը պահելով, հետո 40-ականների վերջերին աքսորված հայերի օգնությամբ և նրանց համար փայտից մի եկեղեցանման բան է ասրքում և աշխատում է՝ քահանա։
      Հայաստան է վերադառնում 60ականների կեսերին՝ արդեն մի 75 տարեկանին մոտ…
      Երբ նրան հարցնում էին՝ «Քո բոլոր ընկերներին տարել են, ոչ մեկը հետ չի եկել..Քո կյանքը ոնց էր? Քեզ բան ման չէին ասում?»…
      Պատասխանում էր, որ կյանքում, իհարկե, ունեցել է դժվարություններ… բայց դե ում հետ չի պատահում? Ւրեն պետությունը երբեք չի նեղել… ինքը, ցանկացել է քարից՝ հիմնավոր եկեղեցի սարքել, բայց հնարավորություն չի ունեցել՝ իր մեղքը չէ՝ փայտիցը հո սարքել է՝ աստված ձգտումն է գնահատում… Ինքը չի հասկանում թե ինչու են բորոր իր ընկերներին տարել, երևի սխալմունք է եղել… երբ ինքը Ալթայում էր, ըստ իր տեսածի՝ աքսորվածների մեջ՝ բոլորը չէ որ մեղավոր էին, անշուշտ՝ հնարավոր է որ մի փոքր մասը՝ անմեղ էլ լինեին… ինքը, որպես հոգևորական՝ այդ մասին հարցուփորձ չի արել, քանի որ՝ հոգևորի անհրաժեշտություն ունեն բոլոը, թե մեղավորները թե անմեղները, ինքը ծառայում էր բոլորի…)))..
      Բարի ձկնորսություն, Պապիկյան…))))…

  2. Mika says:

    Հաճելի հանգիստ, պարոն Աբրահամյան

  3. Լավատես says:

    Իմ պատկերացմամբ՝ ժողովուրդը, ազգը թե պետությունը ունի իր ազգային յուրահատկությունը, որով նա տարբերվում է մնացած բոլոր ժողովուրդներից, ազգերից թե պետություններից։ Այդ յուրահատկությունը՝ դա ժողովրդի, ազգի թե պետության օրենքներն են, ավելի հստակ՝ ազգային օրենքներն են։ Դա ոչ թե ստեղից էնտեղից թխած օրենքներն են, այլ իրական, հաճախ չգրված, բայց իրական միակ աշխատող օրենքներն են։ Ինչպե՞ս անել, որ հայ օրենքները ծառայեն հայ ժողովրդին, հայ ազգին թե հայ պետությանը, ոչ թե առանձին կիսատ պռատ հայերին ու ոչ հայերին։ Ի վիճակի՞ ենք մենք ընդունել ընդհանուր հայ օրենքներ եւ սրբորեն, առանց պարտադրանքի եւ չկամության, այլ հակառակը՝ մեծագույն անձնական նախաձեռնությամբ իրագործել հայ օրենքները եւ նույն նախաձեռնությամբ առաջարկել հայ օրենքներ։ Վերջապես, ամեն ազգ չի, որ կարող է Մխիթար Գոշ ունենալ։

  4. Կարինե says:

    Հա,,,,համաձայն եմ պարոն Աբրահամյան:Ուղղակի հարևանների հետ կապված մի դիտարկում:Ես պարտավոր չեմ ժամեր շարունակ լսելու իր նախընտրած երաժշտությունը, երբեմն այնքան զզվելի, որ ուզում ես խլանալ:Պարտավոր չեմ հանդուրժել բնակարանը վերանորոգող հարևանի ահավոր աղմուկը ,շինարարական աղբը, փոշին…Ի վերջո կան համակեցության չգրված, բայց կարևոր օրենքներ, որոնք պետք է հաշվի առնել:Ու մեկ էլ, եթե վերանորոգում են սանհանգույցը և ժամերով անջատում են ջուրը, պետք է զգուշացնեն հարևաններին….Ու էսպիսի լիքը հարցեր, որ մենք վաղուուուց պետք է իմանայինք:Եվ….. էդպես էլ հանդուրժում ենք, որովհետև, ի վերջո, բոլորն էլ մեր քույրերն ու եղբայրներն են:Թեև դրանից կյանքը` դեպի լավը չի փոխվում……..

  5. ՀՀ քաղաքացի says:

    1. Աշխատանքի մասին
    Իրավացի եք, սիրած աշխատանքով զբաղվելը հաճույք է: Բայ այսօր աման տեսակ ոչ պրոֆեսիոնալները նստում են քո տեղը ու դու ՃԱՐԱՀԱՏ անում ես ուղղակի աշխատանք` որ համ տուն պահես, համ պատերի տակ անկապ չբողոքես
    2. Վիրավորանքի մասին
    Ես բանավեճի ամանակ երբեք դիմացինին ՀԻՄԱՐ, ԼԿՏի եւ նման որակումներ չեմ տա: Դա նույն փողոցային հայհոյանքն է: Հենց ձեր նյութերից որոշների հետ համաձայն չեմ եղել եւ գրել եմ` ՊԱՐՈՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՍԽԱԼՎՈՒՄ ԵՔ: Նշանակում է` չեմ կիսում ձեր կարծիքը: ՀԻՄԱՐ կարելի է ասել այսօրվա պատգամավորներից, նախարարներից շատերին: Դա արդեն որակում չի, դա փաստի արձանագրում է: Բայց դրանից մեր կյանքը չի փոխվի: Այնպես որ եկեք քննարկենք այս կամ այն հարցը, ոչ թե վիրավորանքներ շաղ տանք: Օրինակ ես այնքան էլ չեմ հասկանում, թե ինչպես է Արամ Աբրահամյանը աշխատում միանգամից երեք հեռուստաընկերությունում: Իմ կարծիքով, դա նորմալ չի:

    • Արսեն says:

      Ւնչ-որ խիստ ստերիլ տեսակետ էր՝ բանավեճի մասին։ Ես օրինակ գտնում եմ՝ որ ցանակաց մարդ իրավունք ունի, և ժամանակ առ ժամանակ ասում է հիմարություններ (տարբեր հաճախականությամբ..))).. Մարդը նաև՝ հիմարություններ ասելու իրավունք ունի։
      Այն ինչ արգելված չէ՝ թույլատրված է։ «Ասելը» չի կարելի արգելել՝ դա խոսքի իրավունքի սահմանափակում է։ «Հիմարություն ասելը», որը չի խախտում մարդու իրավունքներից բխող սահմանափակումները՝ ոչ մի օրենքով արգելված չէ և չի կարող լինել (քանի որ, ինչպես ասեց,՝ հենց այդ արգելքն է խոսքի ազատության իրավունքի խախտում)։ Ըստ՝ «այն ինչ կարող է տեղի ունենալ՝ անպայման տեղի է ունենում» սկզբունքի՝ ցանկացած մարդու կողմից՝ հիմարություններ ասելը անխուսափելի է։ Հիմարություն ասելու համար համար՝ չենք պատժում։ Բայց ասում ենք՝ որ դա «հիմարություն է»։
      Կարևորը կարողանալ՝ ռեալ կյանքի հետ կապված տրամաբանության շրջաններում՝ ապացուցել, որ դիմացինի ասածը՝ «հիմարություն» է։ Հակառակ դեպքում՝ հիմարը, ինքնաբերաբար, դառնում է նա, ով դիմացինի ասածը որակեց՝ հիմարություն։ Կարևորը՝ որ և ասածը և մեկնաբանությունը լինեն հասանելիության նույն մակարդակի վրա… հասանելի՝ բոլոր հետաքրքրվածներին։ Ով է իրականում հիմարը՝ գնահատում են (և քվեարկում են) բանավեճով հետաքրքրվածները… Կգնհատեն մնացած մարդիկ, ոչ բանավիճողները։ Հետևանքը՝ առաջանում է «Հիմարների ռեյտինգային աղյուսակ» ..))).. որտեղից՝ դու ստանում ես տեղեկություններ՝ թե դու «հիմարության աղյուսակի» որ դիրքում ես…))).. Էդ պահի՝ ամենաբարձր դիրք գրավողը հաջորդ տարիների համար՝ ընտրվում է նախագահ..)))..
      Ւմիջայլոց, եթե մարդը հիմարություն է ասել՝ դրանից չի հետևում, որ խելոք բան այլևս չի ասելու (նույն, «ինչ կարող է պատահել՝ անպայման կպատահի» սկզբունքով…) երբ, որ կասի՝ իր դիրքը «հիմարների ռեյտինգային աղյուսակում»՝ կբարձրանա…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31