Լրահոս
Օրվա լրահոսը

Հայատյացության քարոզն ու ալիեւյան «արդարադատությունը»

Օգոստոս 19,2015 14:30

Հայերի հետ կապն ամենահամոզիչ «փաստարկ», թե որքան են «ատում Ադրբեջանը»

Անցյալ շաբաթ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը հրապարակեց իրավապաշտպան ամուսինների՝ Յունուսների «ֆինանսական մեքենայությունների» գործերով դատավճիռը 8,5 տարվա ազատազրկում Լեյլա Յունուսի համար, 7 տարի ամուսնու՝ Արիֆ Յունուսի համար:

Արիֆ Յունուսը դատավճիռը հնչեցնելու պահին պառկած էր՝ գլուխը կնոջ ծնկներին: Նա մեղավոր է ճանաչվել մեքենայության եւ խոշոր չափի վնաս պատճառելու, իսկ Լ.Յունուսը՝ ինչպես խոշոր չափի մեքենայությունների, այնպես էլ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, հարկերից խուսափելու եւ փաստաթղթեր կեղծելու մեջ:

Փաստաբաններն հայտարարում էին, որ ամուսինների մեղքը չի հաստատվել ո՛չ վկաների ցուցմունքներում, ո՛չ էլ գործին կից՝ ապացույց հանդիսացող փաստաթղթերում: Պաշտպաններից Էլչին Ղամբարովը նշել էր, որ ամուսինների ձերբակալության իրական պատճառը նրանց հասարակական քաղաքական գործունեությունն է, քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանությունը: «Իշխանությունները զգուշանում են նարնջագույն հեղափոխությունից եւ նրանց թվում է, թե ամենուր ոչ կառավարական կազմակերպությունները այդ գործին են լծված: Ինչպե՞ս կարելի է մարդու իրավունքների պաշտպանությունը համարել հակապետական գործունեություն», – ասել է ամուսինների փաստաբանը:

Իր վերջին խոսքում Արիֆ Յունուսը շնորհակալություն էր հայտնել կնոջը՝ հայտարարելով, թե հպարտ է, որ իր կյանքի ուղեկիցը Լեյլան է, ով ամենածանր պահին իր կողքին է: «Մենք երբեք չենք վախեցել դժվարություններից եւ միշտ հրաժարվել ենք արտագաղթելուց՝ համարելով, որ սա է մեր երկիրը, եւ հանուն կուշտ կյանքի չենք լքել այն: Մեզ ոչ թե պատժում, այլ կտտանքների են ենթարկում: Ինչպե՞ս կարելի է իմ վիճակում գտնվող մարդուն հարցաքննել: Ես դժվարությամբ եմ ոտքի կանգնում, դուք դա տեսնում եք եւ շարունակում ձեր գործը», – ասել էր Ա. Յունուսն ու հավելել. «Որպես պատմաբան լավ գիտեմ՝ այս ամենը ժամանակավոր է եւ հարաբերական: Ձերբակալելով մեզ՝ իշխանությունները պատմություն են կերտում, այդ պատմության մեջ դուք էլ եք լինելու՝ դատավորներ եւ դատախազներ: Հիշեք դա»: Ադրբեջանական գործակալությունները հայտնում էին, որ Ա. Յունուսը դատարանում իր վերջին խոսքն ասելիս ուշաթափվել է։ Նրա առողջական վիճակի վատթարացման հետեւանքով դատական նիստերը երկու անգամ ընդհատվել էին:

Լեյլա Յունուսը բանտում է անցյալ տարվա հուլիսից, իսկ նրա ամուսինը` անցյալ տարվա օգոստոսից։ Լ.Յունուսը որպես Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի հիմնադիր եւ տնօրեն, տարիներ շարունակ շփումների մեջ է եղել հայ իրավապաշտպանների եւ հասարակական գործիչների հետ։ Լ. Յունուսը ակտիվորեն համագործակցել է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի հետ, նրանք թողարկել են համատեղ հոդվածներ, գրքեր, ստեղծել էին համատեղ կայք: Լ.Յունուսը հետեւողականորեն քննադատել է Ալիեւի քաղաքականությունը` երկրում մարդու իրավունքների պաշտպանության հարցերում, ժողովրդավարության իրական վիճակի մասին:

Իսկ Արիֆ Յունուսը` կովկասյան հակամարտությունների հարցերով փորձագետը, որը հեղինակել է բազմաթիվ աշխատություններ Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով, միջազգային տարբեր սեմինարների մասնակցության նպատակով հաճախ էր ժամանում Հայաստան: Թե՛ Ա.Յունուսը, թե՛ Ռ.Միրքադիրովը Հայաստանում հայ լրագրողներին իրենց տեսակետներն էին ներկայացնում ադրբեջանական իրականության մասին, խոսում էին ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ, հանդես էին գալիս որպես հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցներ, քննադատում էին իրենց երկրում ժողովրդավարության անմխիթար իրավիճակը, իշխանությունների կողմից իրականացվող թալանն ու կոռուպցիան:

Իլհամ Ալիեւը, որը տարիներ շարունակ հայատյացության քարոզով իր երկրի ներսում «հայրենասեր» «հերոս» է ձեւանում, ցույց տվեց, որ ընդամենը մի քանի իրավապաշտպաններ, լրագրողներ ինչպիսի սպառնալիք է համարում սեփական իշխանությանը, մի իշխանություն, որն անգամ հզոր քննադատող ընդդիմություն չունի: Ալիեւն ու նրա ռեժիմի ներկայացուցիչները շարունակում են միլիոններ դիզել, իշխանության պաշտպաններն` արդարացնելով իշխանության գործողությունները` մատնացույց են անում Արիֆ Յունուսին, հիշեցնում, որ նրա մայրը հայ է եղել, նրա ու Միրքադիրովի այցերը Հայաստան: Մի խոսքով, հայերի հետ շփումներն այսօր Ադրբեջանում ամենահամոզիչ «փաստարկն» է, թե որքան է այս կամ այն մարդն «ատել Ադրբեջանը»: Ադրբեջանի խորհրդարանի անդամներն այս օրերին մեկը մյուսի հետեւից լծված են հենց այդ գործին:

Ադրբեջանցի գործիչներին ներկայացված մեղադրանքները մինչդեռ` «Հայաստանի գործակալներ» լինելու գործերով, իսկապես աբսուրդ են, եւ դա հասկանում են շատերը: Ադրբեջանում վախի մթնոլորտ է, եւ եթե այնտեղ կան մարդիկ, ովքեր նույնպես գիտակցում են, որ Արիֆ եւ Լեյլա Յունուսների ու Ռաուֆ Միրքադիրովի նկատմամբ ներկայացված մեղադրանքներով իշխանությունը փորձում է «հայրենասեր» երեւալ, բայց հնարավորություն ունենալ` շարունակել թալանել երկիրը, նման մարդիկ իսկապես, ֆիզիկական հաշվեհարդարի վտանգի, անվտանգության խնդրի առջեւ կարող են կանգ առնել:

Միջազգային հանրությունը քննադատում է Ադրբեջանի իշխանություններին

Միջազգային կառույցները, դիվանագետները բավական խիստ են արձագանքում Յունուսների գործերով դատավճիռը, հիշեցնելով այդ երկրի ստանձնած միջազգային պարտավորությունները։ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Ադրբեջանի իշխանությունների որոշմամբ. «Մեղադրանքները կապված են բացառապես նրանց իրավապաշտպան գործունեության ու քաղաքացիական հասարակության կառուցողական ծրագրերին նրանց մասնակցության հետ, որոնք ուղղված են եղել տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ու վստահության ամրապնդմանը։ Էլ ավելի մտահոգիչ են այն հաղորդագրությունները, որոնք առնչվում են իրավական գործընթացի ժամանակ տեղ գտած խախտումներին։ Մենք հատկապես մտահոգված ենք նրանց առողջությամբ ու իշխանություններին կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել նրանց՝ առաջնորդվելով մարդասիրական նկատառումներով»։

Յունուսների նկատմամբ կայացված դատավճիռը դատապարտել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը: Հաշվի առնելով Ադրբեջանի դատական համակարգի պարբերական թերությունները եւ մարդու իրավունքների ոլորտում իրավապաշտպաններին ու լրագրողներին հալածելու դեպքերի աճի տագնապահարույց միտումը, որոնք իրենց հերթին բացասական ներգործություն են ունենում երկրում խոսքի ազատության վրա՝ Յագլանդը կարծում է, որ դատավճիռը վերջին հաշվով կարող է դիտարկվել ՄԻԵԴ-ում։

ԵԽԽՎ նախագահ Աննա Բրասերը դատապարտելով Յունուսների դեմ դատավճիռը, ասել է. «Ինձ ապշեցրել ու վրդովեցրել է Լեյլա ու Արիֆ Յունուսների նկատմամբ կայացված դատավճիռը, որով նրանք դատապարտվել են 8.5 եւ 7 տարվա ազատազրկման։ ԵԽ-ն քանիցս իշխանություններին կոչ է արել, որ դադարեցնեն քաղաքացիական հասարակության վրա չտեսնված ճնշումը, այդ թվում նաեւ՝ իրավապաշտպանների ու անկախ ԶԼՄ-ների նկատմամբ բռնություններն ու դատական հետապնդումները, եւ կոչ է արել լուծել երկրում մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրները։ Չնայած այդ կոչերին՝ իրավիճակը ոչ միայն չի բարելավվել, այլեւ վատթարացել է։ Այդ ամենը կասկածի տակ է դնում Ադրբեջանի իշխանությունների կողմից Եվրոպայի Խորհրդի հիմնարար արժեքները հարգելու պատրաստակամությունը։ Դատավճիռը Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում լուրջ ու համակարգային խնդիրների առկայության եւս մեկ ապացույց է»։

Եվրոպայի Խորհրդի՝ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մույժնիեքսը նույնպես դատապարտել է Յունուսների ազատազրկման դատապարտելու մասին որոշումը։ Նա այն որակել է որպես Ադրբեջանում բռնությունների առկայության եւս մեկ ապացույց եւ Ադրբեջանի պատկան մարմիններին կոչ է արել դադարեցնել բռնություններն ու հարգել մարդու իրավունքների, ժողովրդավարության ու օրենքի գերակայության արժեքները եւ կատարել ԵԽ-ի առջեւ ստանձնած պարտավորությունները. «Ադրբեջանում քրեական հանցանքների մեղադրանքներով իրավապաշտպաններին կալանավորելը քաղաքացիական հասարակության դեմ բռնությունների ապացույց է»։

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին տարածած հայտարարությունում նշել է. «Այս դատավճիռը հաստատում է մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ոլորտում Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման բացասական միտումը»։ Իսկ ԵԽԽՎ-ի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների ու մարդասիրական հարցերով հանձնաժողովի նախագահ Իզաբել Սանթոսը նշել է. «Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունները ամոթ չեն ճանաչում ԵԱՀԿ-ի նորմերի խախտման հարցում, որոնք պաշտպանում էին Յունուս ամուսինները։ Խոսքը մարդու իրավունքների, ազատ արտահայտվելու ու օրենքի գերակայությունը հարգելու մասին է։ Ադրբեջանում շարունակվում է արագացված հակաժողովրդավարական գործընթացը, եւ ես Ադրբեջանի կառավարությանը կոչ եմ անում անհապաղ կանգնեցնել այդ միտումը»։
Մեծ Բրիտանիայի՝ եվրոպական հարցերով նախարար Դեւիդ Լիդինգթոնը խորը մտահոգություն է հայտնել եւ դատապարտելով Յունուսների նկատմամբ կայացված դատավճիռը, նշել. «Խորապես մտահոգված եմ Լեյլա ու Արիֆ Յունուսների դատավճռի կապակցությամբ։ Մեր դիտորդների կարծիքով՝ դատական գործընթացի մի շարք ասպեկտներ հիմքեր են տալիս ասելու, որ դատավճիռը եղել է քաղաքական դրդապատճառներով։ Տվյալ ասպեկտների թվում է նաեւ այն, որ դիվանագետներին ու մյուս դիտորդներին թույլ չեն տվել ներկա գտնվել գործընթացին»:

Պաշտոնական Բաքուն` Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիեւի մակարդակով պատասխանելով քննադատություններին, նշել է. «Մենք ԱՄՆ պետդեպարտամենտին կոչ ենք անում հարգանք ցուցաբերել առաջին ատյանի անկախ դատարանի ու 2015թ. օգոստոսի 13-ին Լեյլա ու Արիֆ Յունուսների նկատմամբ նրա կայացրած մեղադրական դատավճռի նկատմամբ։ Ադրբեջանում որեւէ մեկը չի հետապնդվում իր պրոֆեսիոնալ գործունեության ու քաղաքական հայացքների համար։ Օրենքի առջեւ հավասար են բոլորը, եւ իրավապաշտպանի կարգավիճակը որեւէ մեկին չի ազատում պատասխանատվությունից»։

Օրեր առաջ Բաքվում հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի դեմ դատական գործընթացն էր, որում դատական կարգադրիչները թույլ չէին տվել դահլիճ մտնել ոչ միայն լրագրողներին, այլ նաեւ իրավապաշտպաններին, մի շարք դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների, անգամ մեղադրյալի մորը։ Իսմայիլովային ներկայացրած մեղադրական եզրակացության համաձայն՝ կոռուպցիոն գործարքներ բացահայտած հայտնի լրագրողը պետությունից 40 հազար եվրո հարկ է թաքցրել, չարաշահել է իր պաշտոնական դիրքը, մի շարք ֆինանսական մեքենայություններ է արել, ինչպես նաեւ զբաղվել ապօրինի ձեռնարկատիրությամբ։ Իսմայիլովան ոչ միայն հերքել է իրեն վերագրվող այս եւ այլ մեղադրանքներ, այլ նաեւ պնդել, որ չի հասկանում, թե ինքն ինչ կապ ունի մի քանի տասնյակ էջերից բաղկացած մեղադրանքների հետ. «Ես ձերբակալվել եմ Իլհամ Ալիեւի պատվերով։ Նա ինձ փակել է բանտում իմ լրագրողական գործունեության պատճառով։ Չնայած այն հանգամանքին, որ ես փակի տակ եմ, իմ գործընկերները շարունակում են լրագրողական հետաքննությունները։ Ինձ կալանավորելու իրական պատճառը Ալիեւի եւ նրա ընտանիքի բիզնեսների վերաբերյալ հետաքննություններս են»։

Ադրբեջանում իրավապահները պետական միջոցները ապօրինի վատնելու մեջ են մեղադրում Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի նախկին մշտական ներկայացուցիչ Արիֆ Մամեդովին: Նրան մեղադրում են մի շարք հանցանքներում, մասնավորապես՝ քրեական գործ է հարուցվել խոշոր չափով գումար յուրացնելու ու վատնելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու հատկանիշներով։ Հիշեցնենք, մայիսին, երբ Բաքվի շենքերից մեկում հրդեհ էր բռնկվել՝ խլելով մեկուկես տասնյակ մարդկանց կյանք, Արիֆ Մամեդովը ֆեյսբուքյան իր էջում, ցավակցելով զոհերի հարազատներին, տեղի ունեցածում մեղադրել էր երկրի իշխանություններին։ Այս գրառումը պատճառ հանդիսացավ, որ Մամեդովը հեռացվի համակարգից։ Անպատիժ չմնացին անգամ նրա այն գործընկերները, որոնք ֆեյսբուքում հավանել էին այդ գրառումը։ Աշխատանքից հեռացվելուց հետո, Եվրոպայում բնակվող նախկին պաշտոնյան հիմա քննադատում է Ալիեւի վարչակազմին ու Ադրբեջանի հասարակությանը կոչ է անում չլռել եւ ընդդիմանալ։

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Լեյլա, Արիֆ Յունուսների եւ Խադիջա Իսմայիլովայի լուսանկարները` Ա.Յունուսի ֆեյսբուքյան էջից:

«Առավոտ» օրաթերթ
18.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31