Լրահոս
Օրվա լրահոսը

Սրոհունդն արգելակում է լեղու կանգը եւ նպաստում նրա հոսքին՝ կանխարգելելով քարի առաջացումը

Սեպտեմբեր 14,2015 11:30

Սրոհունդը (զվերաբոյ) մինչեւ մեկ մետր բարձրությամբ բազմամյա խոտաբույս է եւ բուժական նպատակով օգտագործվում է բույսի վերգետնյա մասը:

Այս բույսը պարունակում է ֆլավոնոիդներ, ներկանյութեր, դաբաղող նյութեր, կարոտին, եթերայուղ, խեժ, ասկորբինաթթու եւ նիկոտինաթթու, ինչպես նաեւ վիտամին P, PP, խոլին, սապոնին եւ այլն։ Ունի բազմակողմանի ակտիվ ներգործություն։ Աչքի է ընկնում կծկանքը վերացնող, ներքին օրգանների հարթ մկանների, լեղածորանի, միզածորանի եւ արյունատար անոթների վրա ունեցած ազդեցությամբ։ Արգելակում է լեղու կանգը եւ նպաստում նրա հոսքին՝ կանխարգելելով քարի առաջացումը։ Բույսը նպաստում է աղիների շարժողունակությանը, մարսողության կարգավորմանը, ամրացնում է մազանոթները եւ կարգավորում երակային արյան շրջանառությունը։ Սրոհունդը բարձրացնում է մեզի օրական քանակը։ Ունի հակաբորբոքային եւ դաբաղող ազդեցություններ։ Բնորոշ է նաեւ մանրէասպան հատկությունը։

Արտաքին օգտագործման ձեւով այն կիրառվում է արյունահոսող եւ թարախակալած վերքերի (թրջոցներ, լվացումներ), բերանի խոռոչի լորձաթաղանթի, կոկորդի, բկանցքի բորբոքումների (ողողումներ) ժամանակ։

zveraboy1
Ներքին ընդունման ձեւով սրոհունդը օգտագործվում է լեղածորանների շարժողունակության բացակայության, դեղնախտի, խոլեցիստիտների, լեղաքարային հիվանդությունների, թերսեկրետոր գաստրիտների, միզաքարային հիվանդության, արյան շրջանառության որոշ խանգարումների դեպքում։
Ինհալացիաների ձեւով այն կիրառվում է բրոնխիտների, պնեւմոթորաքսների, թոքերի թարախակույտերի, թարախային պլեւրիտների, անգինաների, տոնզիլիտների, սուր ռեսպիրատոր հիվանդությունների ժամանակ։
Դեղաբույսը Հնդկաստանում օգտագործվում է որպես որդամուղ։

Հին Ռուսիայում ժողովրդական հեքիմները գտնում էին, որ «ինչպես առանց ալյուրի հաց չի կարելի թխել, այնպես էլ առանց սրոհունդի հնարավոր չէ բուժել մարդկանց եւ կենդանիների բազմաթիվ հիվանդություններ». նրանք սրոհունդը համարում էին «99 հիվանդությունների դեղաբույս», օգտագործելով ռեւմատիզմի, գոտկանյարդի բորբոքման, պոդագրայի, կանացի արյունահոսությունների, թութքի, լյարդի հիվանդությունների, մաստոպաթիայի ժամանակ եւ այլն։ Ուզբեկական ժողովրդական բժշկության մեջ, որպես հատուկ դեղամիջոց, սրոհունդն օգտագործվել է լյարդի եւ ստամոքսի քաղցկեղի ժամանակ։ Չեխական ժողովրդական բժշկության մեջ սրոհունդով բուժում են թարախային վերքերը. այն լայնորեն օգտագործում են շնչուղիների, լեղուղիների եւ մարսողական տրակտի բազմաթիվ հիվանդությունների ժամանակ։

Եփուկ պատրաստելու համար անհրաժեշտ է 10 գ (1,5 ճաշի գդալ) հումքը լցնել էմալապատ ամանի մեջ, ավելացնել 200 մլ եռացրած ջուր, փակել
կափարիչով եւ 30 րոպե եփել ջրային բաղնիքում։ Այնուհետեւ եփուկի քանակը հասցնել նախնական ծավալին՝ 200 մլ, համապատասխան քանակությամբ եռացրած ջուր ավելացնել։ Պիտանի է մինչեւ 2 օր։ Խմել 1/3-ական բաժակ, օրական 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ։

Իսկ ոգեթուրմ պատրաստելու համար` 40 տոկոս սպիրտի հիմքի վրա, 1:5 հարաբերությամբ։ Խմել 40-50-ական կաթիլ, օրական 3-4 անգամ։ Ողողումների համար 30-40 կաթիլ՝ կես բաժակ ջրին։ Կարելի է օգտագործել նաեւ ատամնաբուժության մեջ որպես դաբաղող եւ հակաբորբոքային միջոց։

Սրոհունդի ղեղատնային ձեւերը եւս արժեքավոր են եւ լայն կիրառում ունեն։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
12.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930