Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում լուրեր են պտտվում, թե սպանված ահաբեկիչները հայեր են

Սեպտեմբեր 14,2015 14:10

«Ակոս» շաբաթաթերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուքյանի գնահատմամբ, Թուրքիայում արտակարգ դրություն է:

Նրա խոսքով, հունիսի յոթին Թուրքիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԱԺ մտած քրդական «Ժողովուրդների ժողովրդավարություն» կուսակցությունը խառնեց իշխանությունների հաշվարկները:

«Այլեւս իրենք միահեծան կառավարություն կազմելու ուժ չունեն, ստիպված են այլ կուսակցության հետ համագործակցել, բայց իշխող էրդողանի կուսակցությունը մոտ չէ այդ գաղափարին, որովհետեւ վախենում է, որ այսպես կարող են քննությամբ բացվել զեղծարարության թղթածրարները, որոնք միլիոնավոր կաշառքների մասին էին ու ծածկված էին իշխանության կողմից»,- այսօր «Մեդիա կենտրոնում» տեսազանգի միջոցով Թուրքիայի ներքաղաքական կյանքի մասին ասաց պարոն Էստուքյանը:

Նրա խոսքով, իշխող կուսակցությունը հենց կեղծիքների բացահայտումից խուսափելու համար դիմեց աննախադեպ քայլի՝ ընտրությունների կրկնությանը. «Նոյեմբերի մեկին է նախատեսված ընտրությունը, որ իշխող  կուսակցությունը միահեծան դուրս գա, երկիրը վերածեցին պատերազմական գոտու»:

Նա պատմեց, որ իշխանության կողմից կան մարդիկ, այսպես ասած, խուժաններ, որոնք այս օրերին անկարգություններ են կազմակերպում,  շենքերը հրկիզելու փորձեր են անում. «Երկրում քաոսային իրավիճակ է»:

Պարոն Էստուքյանը նկատեց, որ Թուրքիայում լայնորեն հակահայկական քարոզչություն է սկսել, թե իբր ոչ թե քրդական, այլ հայկական շարժումն է անկարգություններ սկսել. «Այսինքն, քարոզչությունը ուղղված է հայերի դեմ: Իրենց քարոզչությամբ, հայի կերպարը  համազոր է սատանայի կերպարին»:

Ըստ նրա, վերջին օրերին էլ լուրեր են տարածվում, թե իբրեւ սպանված ահաբեկիչները հայեր են. «Իբրեւ թե քննություն է արվել, պարզվել, որ նրանք թլպատված չէին, ուրեմն հայ են»:

Պարոն Էստուքյանը նաեւ ասաց, որ հայկական համայնքը սովորաբար քվեարկում էր աջակողմյան կուսակցությունների օգտին, բայց այս վերջին ընտրություններին հայ համայնքի դիրքորոշման փոփոխություն նկատվեց. «Հունիսի յոթի ընտրություններին հայերի մեծամասնությունը «Ժողովուրդների ժողովրդավարություն» քրդական կուսակցության օգտին քվեարկեց, սա աննախադեպ երեւույթ է, հայերն ավելի քաղաքականացված են նախորդ տարիների համեմատ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930