Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-իտալական համագործակցության զարգացումը` ուշադրության կենտրոնում

Սեպտեմբեր 29,2015 11:40

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին առողջապահության բնագավառում հայ-իտալական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ողջունելով հյուրին` շնորհակալություն հայտնեց  երկարամյա համագործակցության, մասնավորապես Շիրակի մարզում բժշկական կենտրոններին աջակցելու համար:

«Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մոր և երեխայի առողջության պահպանմանը, համոզված եմ, որ այդ ոլորտում համատեղ աշխատանքի արդյունքը տեսանելի է»,-նշեց Արմեն Մուրադյանը` ներկայացնելով նաև մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում մեր երկրի գրանցած հաջողությունները:

Նախարարն ասաց, որ նախորդ տարվա նոյեմբերին Հռոմ այցելության ընթացքում տեղի մասնագետների հետ քննարկվել են նաև պալիատիվ բժշկական օգնությանը վերաբերող հարցերը:

Հայ-իտալական համագործակցության մասին է վկայում նաև այն, որ 2006 թվականի օգոստոսին մի խումբ իտալացի դիմածնոտային վիրաբույժներ Երևանի թիվ 3 կլինիկական հիվանդանոցի («Արամյանց» բժշկական կենտրոն) դիմածնոտային բաժանմունքում անվճար իրականացրել են դիմածնոտային վերականգնողական վիրահատություններ: Սերտ համագործակցություն է ծավալվել նաև սրտային վիրաբուժության ոլորտում:

ՀՀ առողջապահության և Իտալիայի առողջապահության նախարարությունների միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության հուշագիր է ստորագրվել դեռևս 1997թ. Հռոմում, որի շրջանակում պարբերաբար մի խումբ հայ բժիշկներ վերապատրաստում են անցել Իտալիայի առաջատար հիվանդանոցներում:

Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին համագործակցությունն առավել զարգացնելու և նոր ծրագրեր իրականացնելու նպատակով աշխատանքներ տանել նոր հուշագիր կնքելու ուղղությամբ:

«Երաշխավորում եմ, որ իմ բոլոր ջանքերը կներդնեմ երկու երկրի միջև առողջապահության բնագավառում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ»,- ասաց դիվանագետը:

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև հայ մասնագետների համար Իտալիայում վերապատրաստման դասընթացների կազմակերպման, փորձի փոխանակման հարցին: Կարևորվեց երկու երկրի առողջապահության ազգային ինստիտուտների միջև համագործակցության խթանման, համատեղ կլինիկական հետազոտությունների իրականացման անհրաժեշտությունը:

Նշենք, որ դեռևս 1989թ., մոր և մանկան առողջության պահպանման ծրագրերի շրջանակում, Հայաստանում գործել է Հռոմի միջհամալսարանական համագործակցության ինստիտուտ կազմակերպությունը (ICU), որի ջանքերով Հայաստանում ու Արցախում երկու տասնյակից ավելի ծննդատներ ու մոր և մանկան առողջության կենտրոններ են կառուցվել և վերանորոգվել: Այնուհետև` 1997 թվականին, համագործակցության ծրագիր է հաստատվել նաև ՀՀ առողջապահության նախարարության, Երևանի Պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնի, Հռոմի Սակրոկուորե (Sacrocuore) կաթոլիկ համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի և ICU-ի միջև:

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930