Անընդհատ առաջարկվում են մաշկի խնամքի նոր, արդյունավետ միջոցներ, որոնք ոչ միշտ են բոլորի համար մատչելի: Եթե դուք հոգնել եք թանկ եւ չգոհացնող խնամքի պարագաներից, ապա ժամանակն է ազատվել կոսմետիկական այդ միջոցներից: Շնորհիվ ձեր ընտրած մթերքների, ձեր մաշկը կդառնա անթերի եւ վերջապես կարիք չեք ունենա թաքցնել մաշկային խնդիրները: Ի վերջո, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր մաշկը հայելի է եւ ցույց է տալիս այն բոլոր խնդիրները, որոնք առկա են օրգանիզմում:
narmed.ru-ն առաջարկում է մթերքների ցանկ, որոնք ե՛ւ օգտակար են, ե՛ւ կարճ ժամանակ անց ձեզ կզարմացնեն հրաշալի արդյունքով:
Առաջարկվում է քաղցր պղպեղը, որը համեղ եւ օգտակար բանջարեղեն է: Միջին չափի պղպեղը պարունակում է մանրաթելեր, վիտամին B: Բանջարեղենը հարուստ է կարոտինով, որը նվազեցնում է հավանականությունը վաղաժամ կնճիռների: Պղպեղն ունի մեկ այլ առավելություն եւս` վիտամին P, որն ավելի է բարձրացնում նրա արժեքը: Այս վիտամինը կանխում է վիտամին C-ի օքսիդացումն օրգանիզմից եւ դրանով իսկ օժանդակում է նրա կուտակմանն ու պահեստավորմանը: Վիտամին P-ն օգնում է նաեւ արյան անոթների ամրացմանը:
Բացի այդ, քաղցր պղպեղը խորհուրդ է տրվում նրանց, ովքեր ունեն մաշկային խնդիրներ եւ պզուկներ:
Օգտակարությամբ երկրորդ մթերքը համարվում է շոկոլադը, որը իր մեջ պարունակում է հակաօքսիդանտներ, ֆլավոնոիդներ, որն էլ մաշկին հաղորդում է փայլ:
Կարդացեք նաև
Շոկոլադ ընտրելիս պետք է հաշվի առնել, որ նրանում կակաոյի պարունակությունը 70 տոկոսից ցածր չլինի: Այդպիսի շոկոլադ խորհուրդ է տրվում օրաբաժնում ներառել 30 գրամ:
Կաթնային, սպիտակ կամ միջուկով շոկոլադը ձեզ ավելի կվնասի, ուստի վերահսկեք ձեր թուլությունը եւ աշխատեք հազվադեպ օգտագործել այդ տեսականին: Միայն մուգ շոկոլադն է պարունակում այնպիսի նյութեր, որոնք պաշտպանում են օրգանիզմը արեւի վնասակար հետեւանքներից` չորացումից:
Շարունակելով այն մթերքների ցանկը, որը ներկայացվել էր որպես լավագույն միջոց հարթ եւ խնամված մաշկի համար, նշենք, որ, բացի քաղցր պղպեղը եւ շոկոլադը (նախորդ համարում), առաջարկվում են նաեւ այլ մթերքներ:
Հայտնի է, որ ծովամթերքի օգտագործումը հրաշալի է ազդում ե՛ւ մաշկի, ե՛ւ օրգանիզմի առողջության վրա: Հատկապես սաղմոնը՝ լասոս, որը պարունակում է ճարպաթթուներ, օմեգա-3 պոլիչհագեցած ճարպաթթուներ, որը սնուցում է մաշկը ներսից: Սաղմոնը պարունակում է նաեւ վիտամին D-ի օրական չափաբաժինը, որը օգտակար է ամբողջ օրգանիզմին:
Կոկոսի յուղը պատկանում է այն յուղերի տեսակին, որն օգնում է մաշկը թարմ եւ երիտասարդ մնալուն: Այն հակաբակտերիալ եւ հակաբորբոքային բաղադրություն ունի, որը կարող եք օգտագործել որպես դեմքի եւ մարմնի քսուք, ինչպես նաեւ օգտակար է այն ուտել օրը 1 ճաշի գդալ:
Կանաչ թեյը կօգնի պայքարել մաշկի երիտասարդացման համար: Այն ձեզ կհանգստացնի դժվար աշխատանքից հետո: Օրական մի քանի բաժակ թարմ պատրաստած կանաչ թեյ օգտագործելուց հետո որոշ ժամանակ անց ձեր մաշկը շնորհակալ կլինի ձեզ:
Սպանախը առողջ դեմքի գույն ունենալու համար հրաշալի մթերք է:
Այս բույսը հրաշալի պահեստ է ֆոլաթթվի, երկաթի, վիտամին E-ի, պարունակում է նաեւ մանրաթելեր, բուսական սպիտակուց եւ ասկորբինաթթու: Երբ դուք ուտում եք սպանախ, դուք մաքրում եք մաշկը ոչ միայն դրսից, այլ նաեւ ներսից: Պարզապես ներառեք այն ձեր ամենօրյա սննդի մեջ եւ կտեսնեք ձեր մաշկի դրական փոփոխությունը:
Նեխուրը եւս այն մթերքներից է, որը օգնում է կատարյալ մաշկ ունենալուն: Նեխուրը հարուստ է K, C, PP, B1, B2 վիտամիններով, ինչպես նաեւ պարունակում է շաքար, եթերայուղ, կալիում, կալցիում, ֆոսֆոր, ջուր, որը օգտագործելուց ձեր մաշկը կպաշտպանվի ջրազրկումից եւ այլն: Կարգավորում է արյան շրջանառությունը եւ օգնում է նվազեցնել ադրենալինի մակարդակը: Բժշկության մեջ կիրառվում է հեւոցի եւ շնչառական ուղիների այլ հիվանդությունների ժամանակ։
Արդյունավետ են նաեւ արեւածաղկի, դդմի, կտավատի, քունջութի սերմերը, որոնք մեծ քանակությամբ պարունակում են սելեն եւ սպիտակուցներ, որոնք էլ հեռացնում են ձեր մաշկի փոքր կնճիռները: Այն պատանիներին, որոնց դեմքին պարբերաբար պզուկներ են հայտնվում, խորհուրդ է տրվում դդմի սերմեր ուտել:
Օգտակար մթերքների շարքին է պատկանում նաեւ գազարը, որը պարունակում է A վիտամին եւ հաճախակի օգտագործումը նվազեցնում է մաշկի քաղցկեղի հավանականությունը, մաշկը դարձնում է առողջ եւ նուրբ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
10.11..2015

























































