Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գրադարանում այսօր բացվեց ՄԱԿ-ի անկյունը, որը բուհի աշխատակիցներին եւ ուսանողներին հնարավորություն կտա ընդլայնելու ՄԱԿ-ի արժեքների, համաշխարհային օրակարգի եւ հայաստանյան գործունեության մասին գիտելիքները: Սա կազմակերպության բացած 16-րդ անկյունն է, այս տարվա ընթացքում՝ 4-րդը: «ՄԱԿ-ը մի քանի տարի գործակցում է Ֆրանսիական համալսարանի հետ: Մեր ներկայացուցիչները դասախոսություններ են կազմակերպել, ուսանողներն էլ այցելել են ՄԱԿ-ի գրասենյակ: Այդ համակողմանի շփումը նրանց հնարավորություն է տվել ներգրավվել մեր ծրագրերում: Մեզ մոտ եղել են նաեւ կամավորներ, տարբեր համաժողովների մասնակիցներ: Ի դեպ, ՀՖՀՀ ուսանողները հավասարապես տիրապետում են թե ֆրանսերենին, թե անգլերենին»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երեւանյան գրասենյակի ղեկավար Արմինե Հալաջյանը:
Նա նաեւ նշեց, որ ՄԱԿ-ի «Երիտասարդների առաջխաղացման արահետ» ծրագիրը վերջին կուրսի եւ նորավարտ ուսանողներին հնարավորություն է տալիս 6-ամսյա աշխատանքային փորձ ձեռք բերել տարբեր կազմակերպություններում: «Ճիշտ է, ցածր աշխատավարձ են ստանում, բայց աշխատանքի տեղավորվելու գործում առաջնային քայլ է»,-ասաց Հալաջյանը:
Կարդացեք նաև
Միջոցառման ընթացքում ստորագրվեց գործակցության հուշագիր՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի եւ ՀՖՀՀ-ի միջեւ: Մեզ հետ զրույցում Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը նշեց, որ գործակցությունը ՄԱԿ-ի հետ բավականին սերտ է. «Հուշագրով ՄԱԿ-ի հետ վաղեմի կապը պաշտոնական ենք դարձնում եւ կարեւորում մեր գործընկերներին: Մեր դասախոսների մի մասն աշխատել է ՄԱԿ-ում, օրինակ՝ մեր նախկին դեկանը: Մեր ուսանողները, մասնակցելով ՄԱԿ-ի ծրագրերին, կարողանում են արտասահմանում աշխատելու փորձ ձեռք բերել»:
Գործակցության հուշագրի ստորագրման ավարտին ՄԱԿ-ի մշտական խորհրդական Արտակ Մելքոնյանը, ով ՀՖՀՀ-ի նախկին դեկանն է, կարդաց դասախոսություն՝ «Սոցիալական ձեռներեցությունը որպես կայուն զարգացման նպատակներին հասնելու գործիք» թեմայով:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
























































