Իրոք, ՀՀ կառավարության 2009 թվականի հունվարի 8 -ի որոշմամբ Սեպտեմբերի 18-ը հռչակվել է «Աստղագիտության օր»։ Դա պատահական չէ, այդ օրը՝ 1908 թվականին ծնվել է աշխարհահռչակ հայ գիտնական, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիր, Հայաստանի ազգային հերոս Վիկտոր Համբարձումյանը։
Աստղագիտությունը իրավմամբ համարվում է ամենահին և պահանջարկված գիտություններից մեկը, և այն միայն աստղերին նայելու մասին չէ։ Նույնիսկ հնում աստղագիտությունը միայն տեսական բնույթի չէր, այլ հանդիսանում էր կենսական կարևորություն ունեցող ոլորտ։ Մարդիկ պետք է իմանային, թե երբ է գալու գարունը, երբ պետք է ցանել տվյալ կուլտուրան, կամ՝ հնձել։ Նման հարցերի պատասխանները նրանք որոնում էին Արեգակի ունեցած դիրքով և օրինակ՝ Սիրիուսի հայտնվելով։
Ծովագնացներն ու ճանապարհորդներն անապատներում, կամ բաց օվկիանոսում առանց կողմնացույցի կողմնորոշվում էին Բևեռային աստղով ու կենդանակերպի համաստեղություններով…
Կարդացեք նաև
Աշխարհի առաջին զարգացած մշակույթները թողել են աստղագիտական լուրջ ապացույցներ։ Բաբելոնի և Միջագետքի բնակիչներն առաջինն էին, որ գրանցեցին մոլորակների շարժման պարբերությունները և ստեղծեցին լուսնային օրացույց։ Հին Եգիպտոսի՝ Հիզայի բուրգերը կառուցված են Օրիոն համաստեղության աստղերի դասավորությանը համահունչ…
Մեծամորի աստղագիտական հարթակները, ժայռապատկերները և կատարված հնագիտական պեղումները հաստատում են, որ դեռևս բրոնզե դարում (4000-5000 տարի առաջ) հայկական լեռնաշխարհում մարդիկ կանոնավոր կերպով հետևել են աստղային երկնքին և պատկերել համաստեղությունները…
Շատ առկա փաստերով կարելի է ապացուցել, որ աստղագիտությունը միշտ ուղեկցել է բանական էակին՝ մարդուն, իր զարգացման բոլոր փուլերում։
Աստղագիտությունը և ռոմանտիկան դարեր շարունակ կապված են եղել ու մարդկության պատմության ողջ ընթացքում տիեզերքի անհունությունն ու գիշերային աստղազարդ երկնքի գեղեցկությունը միշտ եղել են սիրո, ոգեշնչման և հավերժության խորհրդանիշներ…
Աստղագիտությունը դպրոցում մշտապես իր տեղը և ընդգծված դերը ունեցող առարկաներից մեկն էր, որը ոչ միայն նպաստում էր սովորողի համակողմանի, ներդաշնակ զարգացմանը և խթանում նրա քննադատական մտածողությունը, այլ նաև հիմնարար ձևով ձևավորում է աշակերտի գիտական աշխարհայացքը։ Այն տիեզերական մասշտաբի գիտության՝ աստղագիտության հիմունքները ուսուցանող առարկան է, որը օգնում է բանական էակին՝ մարդուն պատասխանել իրեն հուզող առանցքային հարցերին՝ «Ինչպես է առաջացել Տիեզերքը, նրա մի փոքրիկ մասնիկը հանդիսացող Երկիր մոլորակը և որն է մեր տեղը տիեզերական անհունության և անսահմանության մեջ»։
Աստղագիտությունը այն ուղղությունն է, որը սկսած դպրոցից մարդուն սովորեցնում է տարբերակել գիտական փաստերը կեղծ գիտությունից և նվազեցնում է միստիկ պատկերացումները բնական մի շարք երևույթների նկատմամբ՝ խավարումներ, գիսաստղեր և այլն։
Հայաստանը, որպես աստղագիտության լավ ավանդույթներ ունեցող երկիր, ուներ նաև այդ առարկայի դասավանդման հետաքրքիր, արդյունավետ ու ընդօրինակման արժանի փորձ։ Լավ եմ հիշում, երբ 1975-76 թվականներին աստղագիտության մեր դպրոցական դասագիրքը Վիկտոր Համբարձումյանի հեղինակած գիրքն էր ու բավականին առավելություններ ուներ զուգահեռաբար օգտագործվող խորհրդային նմանատիպ դասագրքից, որն, ի դեպ, նույնպես բարձրակարգ էր։
Կամ՝ ինչպես չհիշատակել Բենիկ Թումանյանի Աստղագիտության բուհական դասագիրքը, որով նաև ուսուցիչների սերունդներ են կրթվել …
Առանց աստղագիտություն ինքնուրույն առարկայի, թույլ տվեք ասել՝ դպրոցում, երեխաների հետ տարվող աշխատանքներում մի կարևոր բան հաստատ պակաս է։ Ամեն պատճառաբանություն՝ դպրոցական ծրագրերի, ուսումնական ժամանակի, որոշ դարն ապրած աշխատանքների բեռնաթափում, ժամաքանակի խնդիր, և այլ պատճառաբանություններ պարզապես պետք է հաղթահարել ու այդ առարկան կրկին ներառել դպրոցական ծրագրերում՝ ինչպես հիմնական, այնպես էլ ավագ դպրոցներում։
Նկատենք, որ նման մտածելակերպն արդեն կրկին աշխարհում դրվում է գործողությունների հիմքում՝ ՌԴ-ում, Ուկրաինայում, Թաիլանդում, ԱՄՆ-ի որոշ նահանգներում՝ Տեխաս,Կանզաս,Կալիֆոռնիա, Մեծ Բրիտանիայում և այլուր լուրջ քայլեր են իրականացվում աստղագիտություն դպրոցական առարկայի զարգացման ուղղությամբ։
Հայաստանում այս առարկան ունի նաև յուրահատուկ ազգային արժեք՝ Բյուրականի աստղադիտարանի, հնագույն աստղագիտական հուշարձանների՝ Քարահունջի, Մեծամորի մասին կանոնակարգված գիտելիքներ ստանալը մեծացնում է հպարտությունն ու հետաքրքրությունը աստղագիտության հանդեպ։
Չէ՞ որ Տիեզերքի գաղտնիքների, նրա անհուն խորխորատների, սև խոռոչների ու այլմոլորակային կյանքի փնտրտուքի մասին պատմությունները կենդանի հետաքրքրություններ են առաջացնում գիտության ու սովորելու նկատմամբ՝ անխտիր, ադեկվատ բոլոր մարդկանց մոտ…
Կամո Աթայան
11.09.26թ.



















































