Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպիսին է ժողովրդի իրական վիճակը Հայաստանում

Հունվար 01,2016 17:11

Հայ ժողովուրդն իր գոյատևման ամբողջ ժամանակահատվածում չափազանց խելացի, չափազանց հնարամիտ, չափազանց անմիաբան, ներսում՝ չափազանց նախանձ ժողովուրդ է…

 Սա մասնավոր կարծիք է, որի հետ կարելի է և չհամաձայնել: Ես հարմար գտա գոնե մեկ անգամ այն բարձրաձայնել…

 Այս մի քանի բառով ես ընդամենը փորձեցի ժողովրդի հետ խոսել իր՝ պարզ լեզվով…

1998թ.-ից ի վեր, ժողովրդի վիճակը Հայաստանում տարբեր փուլեր է թևակոխել: Մի պնդում հաստատ կարելի է անել. ժողովրդի վիճակի կորը՝ գնալով որոշակի արագացումով անընդհատ վատթարանում է և այդ ժամանակահատվածում հնարավոր չէ արձանագրել գոնե մի պահ, երբ այդ վիճակի դեմ ձեռնարկվող միջոցառումների լոկալ կամ գլոբալ որևէ իրատեսական ծրագիր բարձրաձայնվի և փորձ արվի այն կյանքի կոչել:

Այդ նույն ժամանակահատվածում՝ Հայաստանում գործող տնտեսական կացութաձևը կարելի է կոչել տիպիկ վայրի կապիտալիզմ, գործող հարաբերությունները, այսպես ասած, արտաքուստ՝ շուկայական, իրականում՝ մոնոպոլ: Անկեղծ ասած, Հայաստանի տնտեսության մեջ դասական իմաստով շուկայական հարաբերությունների նշույլ անգամ չկա և երբևէ չի էլ եղել: Իրականում, Հայաստանում գործում է զուտ ձեռնտու, «կանոնակարգված» բարձիթողի վիճակը: Ինչու կանոնակարգված, քանզի ժողովուրդը դասակարգված է տեսակների /սորտերի/ և նման դասակարգումը պարտադրում է կանոնակարգված մոտեցում:

Իհարկե, նյութը չափազանց ծավալուն է, այնուամենայնիվ իմաստ ունի գոնե երկու չափազանց կարևոր իրողությունների մասին բարձրաձայնել: Մեկը, որ Հայաստանում իրականացված «արդարացի սեփականաշնորհումից» առաջ բոլորի վիճակը համարյա նույնն էր և միայն դրանից հետո սկսվեց ժողովրդի փաստացի շերտավորումը: Վայ սեփականաշնորհման մոլուցքը պատել էր ոմանց և նրանք ուզում էին ամեն ինչ իրենցով անել, ինչը հետագայում՝ հենց այդպես էլ եղավ: Պատկերավորության համար նշեմ, որ եթե այդ մարդկանց ձեռքը հնար լինի, օդն էլ կսեփականաշնորհեն: Եվ սա այն առաջին գործոնն էր, որը մեր հազարավոր հայրենակիցներին բերեց աննկարագրելի, խորը հիասթափության, առանց չափազանցության ասեմ, նույնիսկ զզվանքի դաշտ, որի հետևանքը եղավ նրանց ընդմիշտ հեռացումը /արդարացի փախուստը/ հայրենիքից:

Եկեք հեծանիվ չհնարենք, ազնիվ լինենք և բարձրաձայնենք, որ գուցե իրականում՝ հատկապես հենց նրանց համար է հայրենիքն ամենաանփոխարինելի և ամենաթանկ արժեքը ու ինչպես կյանքում հաճախ է պատահում, մարդ արարածը երբեմն պարտադրված է լինում լքել հենց իր ամենասիրելիին: Փորձենք բացել փակագծերը և շեշտադրենք, որ այս դեպքում պարտադրանք կոչվածը ոչ այլ ինչ է, քան մեր որոշ հայրենակիցների ագահության, հանուն նյութի՝ ոչնչի դեմ կանգ չառնելու մոլուցքի հետևանքով արդարության բացահայտ և կոպիտ ոտնահարումը, որի մթնոլորտում նորմալ մարդու համար գոյատևելն անգամ անհնարին է:

Զուգահեռ անցկացնելով, նշենք, որ պատկերը լիովին այլ է, երբ գտնվում ես ճիշտ նույնպիսի մթնոլորտում, սակայն օտար երկրում: Ակնհայտ է, որ երկու դեպքում էլ առկա է նվաստացման հանգամանքը, սակայն դրանք որակապես լրիվ տարբերվում են իրարից: Ահա սա՝ տարիներ շարունակ չարչրկված այն հարցի պատասխանն է, թե ինչի արդյունք էր այս մեծածավալ արտագաղթը, որը դեռևս նվազելու կամ կանգ առնելու միտումներ չի արձանագրում: Ցավով պետք է նշեմ, որ գնալով այն ավելի է աճելու, քանզի այդ պատճառը վեր է ածվում պատճառների, որոնք ժամանակի ընթացքում դառնում են ավելի բիրտ և ավելի անտանելի: Դրանք դարձել են անկառավարելի և գործում են այնպիսի թափով, որ դրանց դեմն առնելը համարյա անհնար է, մանավանդ, որ դրանց դեմն առնելու իրական ցանկություն էլ չի դրսևորվում: Եթե այսպես շարունակվի, անտարակույս դատարկվելու է մեր սուրբ հայրենիքը, սիրելիներս…:

Այս թեման փակում եմ, քանզի սիրտս ու հոգիս տակնուվրա են լինում և հազար ու մի պատճառներով, լիովին անուժ եմ շարունակելու այն: Եթե Տերն ինձ ուժ տա, միգուցե երբևէ շարունակեմ…:

Երկրորդ. խոսքը Հայաստանում կուսակցությունների մուտքի մասին է: Իրողություն, որը բովանդակային իմաստով որևէ տրամաբանության չի ենթարկվում: Փորձեմ սրա մասին մի քիչ ավելի պարզորոշ արտահայտվել: Փաստորեն ստացվում է, որ մեր ավանդական՝ ՀՅԴ, Ռամկավար-Ազատական և Հնչակյան կուսակցությունները մինչև նախորդ դարի 90-ական թվականները՝ Խորհրդային ԿԳԲ-ի առկայության պարագայում, անլեգալ /թաքուն/ գործել են Խորհրդային Հայաստանում և բացի իրենցից ոչ ոք դրա մասին տեղյակ չի եղել: Այլապես, ինչպես բացատրել այն հանգամանքը, որ Խորհրդային «հզոր» կայսրության՝ որոշ ժամանակ դե ֆակտո, այնուհետև դե յուրե փլուզումից անմիջապես հետո, Հայաստանում գրանցվեցին այդ կուսակցությունները, որոնց անդամները ոչ ավելի, ոչ պակաս, կոչվեցին հմուտ, փորձառու կուսակցականներ: Ինչ է, մի՞թե նրանք Հայաստանում չէին անցել հոկտեմբերիկ-…-կոմունիստ /եթե իհարկե, վերջինը հաջողվեր/ պարտադիր ճանապարհը: Թե՞, այդ նույն մարդիկ միաժամանակ՝ լեգալ կերպով անցնում էին այդ ճանապարհը, իսկ անլեգալ կերպով, ասենք՝ սկաուտ-…-դաշնակցական դժվարին ճանապարհը: Ասվածը՝ Հայաստանի քաղաքական դաշտի ներկապնակն է, որի խաղացողները մշտապես խոստումներ են տալիս ժողովրդին, որ իրենք կոչված են անշահախնդիր ծառայելու միմիայն ժողովրդին…: Չէ՞ որ, իշխանությունները ձևավորվում են հենց կուսակցությունների միջոցով: Իհարկե, սա մի առանձին՝ ծավալուն թեմա է, որին միգուցե և, հետագայում անդրադառնալու ցանկություն ու ժամանակ լինի:

Այս երկու և բազմաթիվ այլ իրողությունները դարձան այն ծուռ հայելիները, որոնց պրոյեկցիաների վրա սկսեցինք կառուցել և հիանալ մեր նորանկախ հայրենիքով: Աշխարհում չկա և չի կարող լինել մի ազգ, մի ժողովուրդ, մի ցեղ, որի գերագույն երազանքը չլինի ազատ ու անկախ հայրենիքի կերտումը: Եթե 70-ամյա Խորհրդային Միությունում սոցիոլոգիական հարցում անցկացվեր, ապա դժվար թե գտնվեր գոնե մեկը, որի մտքով երբևէ անցներ, որ մի օր կարող էր Խորհրդային Միությունը փլուզվել և նրա կազմում եղած հանրապետություններն էլ անկախանային: Մեր մտքի ծայրով անգամ չանցած այդ երազանքը՝ Տերը մեզ համար դարձրեց իրողություն և մենք՝ մեր իսկ ձեռքով հարամեցինք այն…: Այսօր էլ հարստության՝ նյութի մոլուցքը իր տարերքի մեջ է, որը վերաճել է մի անբուժելի հիվանդության, որին ցանկանում, երազում, տենչում և գրկաբաց սպասում են շատ-շատերը…: Ափսոս, մարդիկ չեն հասկանում, որ սատանան մեզ մոլորեցրել է և մենք ուղղակի չենք գիտակցում, որ այդ հիվանդությունը ոչ այլ ինչ է, քան հայրենիքը քայքայող ամենամեծ չարիքը…

Մտքերն ինձ տարան մի փոքր այլ ուղղությամբ և մի պահ մոռացա, թե ինչպես էի վերնագրել սույն նյութը…: Այժմ ըստ էության: Ինչպես վերևում նշվեց, ժողովրդի վիճակի կորը ոչ հաստատուն արագացումով գնում է դեպի վատթարացում: Փորձենք պարզել, ինչպիսին է իրականում ժողովրդի վիճակը, որոնք են այս ամենի պատճառները և ինչ հնարավորություններ կան դրանց դեմն առնելու: Փաստացի, մեր երկրում մշակված և ներդրված է այնպիսի անտեսանելի, ճկուն բանկային և վարկային համակարգ, որը հնարավորություն է տալիս լրիվ օրինական ճանապարհով ժողովրդից խլել՝ ընդհուպ նրա վերջին երկու սրբությունները՝ գրավադրված տունը և ամուսնության մատանին: Իսկ միգուցե սա սուբյեկտիվ և սխալ մոտեցում է, իրականում ժողովուրդն ինքն է մեղավոր այս հարցում: Փորձենք իրողությունները համադրել հերթով…:

Եթե չկա աշխատանք, իսկ մարդուն գոյատևել է պետք, հետաքրքիր է նա ինչ պետք է անի: Նա պարտադրված պետք է պարտք վերցնի: Իսկ պարտք տվող չկա, քանզի մեկը լիներ նրան պարտք տար: Հավանաբար շտապեցի և այս հարցում բացթողում ունեցա: Կա մի տեղ, որտեղ պարտքով փող են տալիս, այն էլ որոշակի տոկոսադրույքով: Այդ միակ տեղը՝ մեծն բանկն է, որտեղ էլ և, «սիրահոժար» գնում է ժողովուրդը ու տոկոսով պարտք /այդ վարկ կոչվածը հորինովի գաղափար է/ վերցնում: Այդ վերցրած գումարը ծախսերի համար է նախատեսված, որը և ի կատար է ածվում ու կարծես այն շատ ավելի արագ է վերջանում, քան կարող էր լինել սեփական՝ նույնչափ գումարի դեպքում: Իհարկե, այդ մարդիկ պարտատեր բանկերին՝ սկզբի մի քանի ամիսների տոկոսները վճարում են նույն այդ գումարից՝ մինչև նրա վերջանալը: Ստեղծվում է շատ պարզ մի վիճակ. մարդը պարտք է վերցնում որոշակի գումար՝ գոյություն պաշտպանելու համար, սակայն որոշակի ժամանակ անց, այդ գումարը ծախսվում՝ վերջանում է և մարդը կանգնում է կոտրած տաշտակի առջև: Ժամանակը հոսում է, աշխատանք չկա, իսկ պարտատուին բանկից խեղդում են՝ չմարված տոկոսները վճարելու համար և նա պարտադրված գնում է հաջորդ նմանատիպ քայլին՝ փորձում է մեկ այլ բանկից պարտք վերցնել /որոշ մարդկանց համար այդ ճանապարհն էլ է փակված լինում, քանզի չվճարված գումարների պատճառով նրանք հայտնվում են սև ցուցակում/: Ով չի հայտնվում սև ցուցակում, մի կերպ՝ ծանոթով վերցնում է երկրորդ վարկը, որը գումարվելով՝ երկրաչափական պրոգրեսիայով ծանրացնում է նրա ֆինանսական վիճակը, իսկ մյուսները սկիզբ են դնում իրենց ունեցվածքի վաճառքի գործընթացին /որոշակի հերթականությամբ/: Կարծում եմ, ասվածից հստակորեն պարզ է դառնում, թե նման իրադրության պայմաններում, այս 20-25 տարիների ընթացքում ինչ վիճակում է հայտնվել մեր աշխատասեր ժողովուրդը:

Եթե այս ամենին ավելացնենք նաև անարդարությունների այն ամբողջ շղթան, որի միջով անցնում է մեր ժողովուրդը, ապա պարզ է դառնում, թե ինչպիսի վիճակում է հայտնվել նա: Ավելորդ չէ, երկու բառով բարձրաձայնել մի քանի ցցուն անարդարությունների մասին: Օրենքի առջև մարդկանց անհավասար վիճակը, օրենքի՝ ոչ արդարացի կիրառումը, կառավարման նորմալ համակարգերի բացակայությունը, հայկական մենթալիտետի առկայությունը՝ ժողովրդի դասակարգումը յուրայինների և օտարների, համատարած կոռուպցիան և կաշառակերությունը, դատական համակարգի անկատարությունը և նրա կողմնապահ գործելաոճը, ծանոթ-խնամի-բարեկամ երկաթյա կապի իրագործումը, արտոնյալ խավի գոյության իրողությունը, անպատժելիության մթնոլորտը,…: Այս ամենի հանրագումարի արդյունքում ժողովուրդը հայտնվել է բացարձակ սնանկ վիճակում, իսկ նրանց ունեցվածքը տարաբնույթ ճանապարհներով վաղուց անցել և դեռ շարունակում է անցնել ունևորների ձեռքը: Մի տարբերությամբ միայն, որ ժողովրդի այն հատվածը, որը գոյատևում է դրսից եկող օգնությունների հաշվին, մի կերպ պահպանում է իր հարաբերական անկախությունը և չափազանց դժվարությամբ՝ դեռ կարողանում է զերծ մնալ սնանկացումից:

Փաստացի, ստեղծվել է չափազանց տխուր մի իրավիճակ. ժողովուրդն այլևս ունակ չէ գոյատևելու, քանզի նույնիսկ պարտք վերցնելու տեղ չունի, իսկ նրանց ողջ ունեցվածքը անկանոն համամասնությամբ կուտակվել է մի քանի տասնյակ բանկերի ու մարդկանց ձեռքում, ովքեր այդ ծով ունեցվածքի ձեռքը կրակն են ընկել և չեն կողմնորոշվում, թե այդ մեծ փողերը՝ մեր աղքատիկ երկրում ինչպես օգտագործեն: Եվ փոխանակ մտածելու մեր երկիրը հարստացնելու, աշխատատեղեր բացելու, ժողովրդին միջոցներ հայթայթելու հնարավորություն ստեղծելու մասին, որի շնորհիվ կստեղծվի իրենց բիզնեսը զարգացնելու հնարավորություն, նրանք ընտրել են հեշտ ճանապարհը՝ գումարներն արտահանում են արտասահման, որտեղ այդ գումարների մի մասով անշարժ գույք են գնում, մյուս մասը ներդնում բիզնեսի մեջ: Մի՞թե այսպիսի պայմաններում կարող է որևէ երկիր գոյատևել: Իհարկե ոչ:

Այս ամենին վերջ դնելու մի հստակ ճանապարհ կա. պետք է երկրում աշխատի օրենքը, բոլորն օրենքի առջև լինեն հավասար և պետությունը լրիվ թափով ու անկողմնակալ կերպով գործի դնի իր վերահսկողական գործառույթները, որի արդյունքում երկրում կձևավորվեն և աստիճանաբար կսկսեն աշխատել ժողովրդավարության նորմերը և կամաց-կամաց հիմք կդրվի իրավական երկրի կառուցման ու զարգացման գործընթացին:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

«Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    Հարգելի Անանիա:
    Հրապարակային ելույթը արժեք է ստանում, առաջին հերթին, իր օգտակարությամբ: Այս օրերին մեր ժողովրդին հերթական անգամ պիտակ կպցնելը ի՞նչ իմաստ ունի: Մեր ժողովորդը նման է բոլոր ժողովուրդներին: Նա ունի ամեն տեսակի անհատներ: Սեփական ժողովրդի մասին խոսելը պարտադրում է մեծ կուլտուրա: Ես կարդում եմ Ձեր բանաստեղծությունները: Դուք կիրթ մարդ եք, ազգի համար ցավում եք: Բայց եթե կարծում եք, ժողովրդին «շատ նախանձ» կանվանեք ու նա միանգամից կդառնա բարի ու կամեցող՝ սխալվում եք: Ոչ ոք իրավունք չունի մեր ժողովրդի հասցեին անպատվաբեր պիտակներ կպցնել:
    Ձեզ բարի բանականություն եմ մաղթում:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031