Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետարանի 2015 թ. տարեկան հաշվետվությունը

Հունվար 18,2016 18:40

Երևանի քաղաքապետարանն այս տարի նույնպես հրապարակել է տարեկան գործունեության հաշվետվությունը, որով մայրաքաղաքի բնակչությանն է ներկայացնում 2015 թվականին նախանշված ծրագրերի ուղղությամբ կատարած աշխատանքները:

Հաշվետվությունը հիշեցնում է, որ համայնք-պետություն համագործակցության շրջանակներում 2015 թվականին շահագործման են հանձնվել 4 նոր բազմաբնակարան շենքեր:

Նշենք, որ Երևանում 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառվել էին 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող 9 շենքեր՝ շուրջ 450 ընտանիքներով: Ահա շահագործման հանձնված 4 շենքերը հնարավորություն են ստեղծել լուծելու այդ ընտանիքների վերաբնակեցման խնդիրը:

Նախորդ տարի, համայնք-մասնավոր համագործակցության շրջանակներում, ամբողջությամբ վերակառուցվել է Աբովյան, Իսահակյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկներում գտնվող ստորգետնյա անցումը: Տարածքը միաժամանակ վերածվել է առևտրի և ժամանցի ժամանակակից կենտրոնի: Համալիրում նախատեսված են համապատասխան միջոցներ՝ բնակչության սակավաշարժ խմբերի համար մատչելիություն ապահովելու նպատակով:

Հաշվետվության մեջ ընդգծված է, որ 2015 թվականին շարունակվել են մայրաքաղաքում մատչելիության և հարմարավետության ապահովմանն ուղղված ծրագրերը: Օրինակ՝ երևանյան ևս երկու այգի հարմարեցվել է առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների պահանջներին, քաղաքապետարանի ենթակայության 10 ավտոբուս ևս մատչելի է դարձել առանձնահատուկ կարիքներ ունեցող քաղաքացիների համար (դրանք մայրաքաղաքում արդեն քսանն են):

Ըստ ներկայացված հաշվետվության՝ նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում կառուցվել, բարեկարգվել և կահավորվել է 385 բակային տարածք: Հիմնանորոգվել և վերանորոգվել են բազմաբնակարան 1600-ից ավելի շենքերի տանիքներ (130 000 քմ): Վերանորոգվել է նաև բազմաբնակարան շենքերի շուրջ 800 շքամուտք, նորոգվել և ամրացվել է 314 վթարային պատշգամբ և այլն:

Հաշվետվության մեջ անդրադարձ կա նաև բնակչությանը հուզող կարևոր խնդիրներից մեկին. «Նուբարաշենի հին աղբավայրի հարակից տարածքում կկառուցվի նոր՝ ժամանակակից չափորոշիչներին համապատասխան աղբավայր, ինչպես նաև կապահովվի հին աղբավայրերի անվտանգ սանիտարական մեկուսացումը: Արդեն նախապատրաստական աշխատանքներ են տարվել աղբի տեսակավորման և վերամշակման գործարանի հիմնման մրցութային փաստաթղթերի պատրաստման ուղղությամբ»,- կարդում ենք հաշվետվության մեջ:

Երևանի քաղաքապետարանը 2015 թվականն աննախադեպ է համարում ջրամատակարարման և ջրահեռացման ուղղությամբ կատարված աշխատանքների ծավալներով: Ներկայացված տվյալներով՝ ամբողջովին թարմացվել և նորովի կառուցվել են 29 000 գծմ. ջրագիծ, կոյուղագիծ և հեղեղատար 70 կապտաժներ, պոմպակայաններ և դիտահորեր: Ֆրանսիայի կառավարության տրամադրած վարկային ծրագրի շրջանակներում 2015 թվականին ամբողջովին ավարտվել են 23 փողոցների 5 210 գծմ. կոյուղատար ցանցի արդիականացման աշխատանքները:

2015 թվականին ևս բնապահպանությունը շարունակել է դիտվել որպես գերակա ոլորտ: Ըստ այդմ՝ իրականացվել են աշխատանքներ մայրաքաղաքի կանաչ տարածքների պահպանման ու ընդլայնման ուղղությամբ: Հանգստի գոտիների կանաչ տարածքներն ավելացել են 6, 2 հեկտարով:

Կրթության ոլորտում իրականացվել են 31 մանկապարտեզների շենքերի նորոգման, ինչպես նաև 160 մանկապարտեզներում գույքի թարմացման աշխատանքներ: Կառուցվել է գեղասահքի մեկ և հիմնվել շախմատի երկու դպրոց, հիմնանորոգվել և վերանորգվել է մարզամշակութային շուրջ 15 դպրոց, ինչպես նաև մշակույթի 3 տուն ու կենտրոն: Հիմնանորոգվել են նաև 16 գրադարաններ, և դրանով ավարտվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության գրադարանների հիմնանորոգման ծրագիրը: Գրքային ֆոնդը հարստացվել է ավելի քան 170 անուն շուրջ 11 000 գրքերով:

Առողջապահության ոլորտում 2015 թվականին ձեռք է բերվել և Երևանի ենթակայության առողջապահական կազմակերպություններին է տրամադրվել 30 անհրաժեշտ մասնագիտացված բուժսարքավորում: Վերանորագման աշխատանքներ են իրականացվել երեք բուժհաստատություններում և այլն:

Հաշվետվության մեջ նշվում է, որ քաղաքային իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում են նաև մայրաքաղաքի բնակիչների սոցիալական պաշտպանության խնդիրները: Օրինակ՝ մայրաքաղաքի օրվան նվիրված տոնակատարությունների շրջանակներում բնակարաններ են նվիրաբերվել Արցախյան պատերազմում զոհված և պատերազմին մասնակցած հաշմանդամություն ունեցող ազատամարտիկների 30 ընտանիքների:

Ի դեպ, հաշվետվությունից տեղեկանում ենք նաև, որ 2016 թվականին ավարտին կհասցվեն Արշակունյաց պողոտա-Արտաշատի խճուղի ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները:

Նախատեսում են նաև Երևանի 28 փողոցներում լուսատուները փոխարինել էներգախնայող և ժամանակակից լուսատուներով: Ակնկալվում է, որ դա կարող է ապահովել շուրջ 60% էներգախնայողություն:

Հավելենք, որ Երևանի քաղաքապետարանի 2015 թ. տարեկան հաշվետվությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ քաղաքապետարանի պաշտոնական կայքում:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031