Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարեկամությունից» մինչեւ ավստրալական «Նաիրի»

Հունվար 21,2016 12:30

Հայրենիք-Սփյուռք կապը, մասնավորապես՝ թատերարվեստի եւ պարարվեստի ոլորտներում, որ սկիզբ դրվեց 1970-ականների սկզբներին, ավելի մեծ թափ ստացավ 1980-ականներին ու շարունակվում է մինչ օրս: Հիշյալ ոլորտների ճանաչված արվեստագետներ այսօր էլ հրավիրվում են գաղթօջախներում գործող մշակութային տարբեր հաստատություններ:

«Առավոտը» հանդիպեց Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար Նորայր Մեհրաբյանի օգնական Հրաչյա Բադալյանի հետ, որն Ամանորի շեմին է վերադարձել Ավստրալիայից: Մինչ նրա արտերկրյա գործունեությունը ներկայացնելը՝ նշենք, որ Հրաչյա Բադալյանը կարիերան սկսել է 1983թ.՝ Պարի պետական անսամբլում, եւ համարվում է «Բարեկամության» հիմնադիրներից (1987թ.): Արտիստը տարբեր տարիներին հանդես է եկել անսամբլի ներկայացրած բոլոր ծրագրերում, նրան հանդիպել ենք նաեւ մենապարերում: Աշխարհագրությունն այնքան մեծ է, որ անուն առ անուն չենք նշում այն երկրների անունները, որտեղ հյուրախաղերով հանդես է եկել «Բարեկամություն» անսամբլը. դրանք ընդգրկում են բոլոր մայրցամաքները: Իսկ մեր զրուցակիցը գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ստանձնել է 2008թ.: Վերջին շրջանում Համազգայինի հրավերով Հրաչյա Բադալյանն աշխատել է ԱՄՆ-ի «Անի», Սիդնեյի Dance company-ի, ապա «Սեւան» պարախմբերի հետ: Վերջին աշխատավայրն էլ Սիդնեյի «Նաիրի» պարախումբն էր, որտեղ անցյալ տարվա սեպտեմբերից հիշյալ պարախմբի ղեկավար Ասատուր Հաջյանի հետ պատրաստել է Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված ծրագիր՝ հանդես գալով ավստրալաբնակ հայ համայնքի եւ օտար հանդիսականի առջեւ:
Հրաչյա Բադալյանը նշեց, որ առաջիկայում պատրաստվում է կնոջ՝ դասական պարի մասնագետ Անահիտ Բադալյանի հետ կրկին մեկնել Ավստրալիա: Ժպիտով էլ ասաց՝ հասցեն անփոփոխ է՝ «Նաիրի» պարախումբ: Արվեստագետը հայտնեց, որ այդ պարախումբը 25 տարվա պատմություն ունի, այն ընդգրկում է 3 տարիքային խմբերի շուրջ 100 պարողների:

Հարցին, թե հավանաբար բարդ է աշխատել զուտ սիրողների հետ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ավագ պարողների խմբում ընդգրկված են մասնագիտությամբ իրավաբաններ, ճարտարապետներ, փաստաբաններ եւ այլ մասնագիտությունների տեր երիտասարդներ: Սիրողական բառից պետք չէ խրտնել: Հենց նման պարողներն են, որ իսկապես անմնացորդ նվիրվում են: Նրանք ավելի անմիջական են, անշահախնդիր, ես կասեի այս դեպքում՝ հայկական մշակույթի նվիրյալներն են ու կրողները»: Հետո էլ հավելեց, թե ուսուցանել է ժողովրդական եւ ազգագրական պարեր, այդ թվում՝ քոչարի, յարխուշտա, քերծի, մարտական, մայրոկե, Վասպուրականի շրջանի կանանց ծիսական պարեր եւ այլն: Ասաց, որ, օրինակ, ազգագրականի հիմքում ընկած է ազգի ընդհանուր նկարագիրը: Հրաչյա Բադալյանի ձեւակերպմամբ՝ ազգագրություն բառը գիտություն է, որ ուսումնասիրում է ժողովուրդների նյութական եւ հոգեւոր մշակույթը, այլ կերպ ասած՝ վերջինիս սովորույթները, տեղաշարժերը, ազգային առանձնահատկությունները, դրանց պատմամշակութային առնչությունները: Եվ ազգագրական պարը, միահյուսվելով տվյալ միջավայրի ծեսերի, տոնակատարությունների, պաշտամունքների եւ այլնի հետ, ստեղծում է մեր ժողովրդի հոգեբանությունն ու զգացմունքային աշխարհը նկարագրող մի մշակույթ:
Մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ, օրինակ, «Նաիրի» պարախմբում տեղի հայերի ներգրավվածությունը օգնում է նաեւ հայկական ամուր ընտանիքներ կազմելու հարցում. «Նույնիսկ կան ամուսնացած զույգեր, որոնք արդեն իրենց երեխային են պատրաստվում բերել պարախումբ»:

Հրաչյա Բադալյանը նշեց նաեւ, որ այս անգամ կնոջ հետ Ավստրալիա մեկնելը նպատակ է հետապնդում. «Քանի որ մշակույթի տարբեր ոլորտներում հիմքը դասականն է, շատ եմ ուզում, որ կնոջս՝ Անահիտի օգնությամբ «Նաիրիի» անդամները առնչվեն նաեւ դասական պարարվեստի էլեմենտների հետ, ավելին՝ մտադիր եմ բեմադրել պարեր Կոմիտասի, Խաչատրյանի, Ավետիսյանի երաժշտությամբ, ինչու չէ՝ ընդլայնել պարացանկը՝ դիմելով համաշխարհային դասական կոմպոզիտորների երաժշտությանը»:

Զրույցի ընթացքում Հրաչյա Բադալյանը նշեց, որ կոնկրետ «Նաիրի» պարախմբին՝ սկսած տարազներից մինչեւ դահլիճի վարձակալություն, աջակցում են Համազգայինի «Նաիրի» շրջանային վարչության ատենապետ Րաֆֆի Խանլարյանը, վարչության անդամները, այդ թվում՝ Թադե Քարամյանը, որն, ի դեպ, «Արարատ» մարզական ակումբի ղեկավարն է:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` «Նաիրի» պարախումբը. կենտրոնում Հրաչյա Բադալյանը (ձախից) եւ Ասատուր Հաջյանն են:

«Առավոտ» օրաթերթ
20.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031