Լրահոս
Օրվա լրահոսը

Ասպիրանտուրայի ինքնավարության մարտահրավերները

Հունվար 21,2016 13:30

Բուհական համակարգում ինքնավարության ընդլայնման եւ ակադեմիական ազատությունների հիմնախնդիրը ծագեց Բոլոնիայի գործընթացի մեկնարկի նախաշեմին: Դեռեւս 1988թ. սեպտեմբերի 18-ին Բոլոնիայում նշելով հնագույն համալսարանի 900-ամյակը՝ մի շարք երկրների համալսարանների ռեկտորների կողմից ստորագրվեց «Համալսարանական ազատությունների խարտիան»՝ կոչ անելով բոլոր պետություններին ու ազգերին ընդունել հիմնարար սկզբունքներ, որոնք պետք է աջակցեն համալսարանների կրթական գործունեությանը: Սակայն մեր հանրապետությունում հետբուհական կրթության ինքնավարության մակարդակը, համեմատած արեւմտաեվրոպական երկրների հետ, դեռեւս բավականին ցածր է: Կարծում ենք, որ ասպիրանտական տեղերի հաստատման անհրաժեշտությունը ՀՀ ԿԳ նախարարության կողմից ներկայումս կորցրել է իր արդիականությունը: Այս ոլորտում բացարձակ ինքնավարություն պետք է տրամադրել բուհերին, որոնք ելնելով գիտության շուկայի պահանջներից՝ իրենք կորոշեն, թե կոնկրետ որ մասնագիտությունների գծով եւ որքան ասպիրանտական ընդունելության տեղեր են հատկացվելու յուրաքանչյուր ուսումնական տարում: Մյուս կողմից՝ համալսարանները պետք է նաեւ հիմնավորեն, թե ինչո՞վ է պայմանավորված յուրաքանչյուր ասպիրանտական տեղի բացումը` ցույց տալով հետազոտության թիրախավորումը, պահանջարկը, ֆինանսավորման աղբյուրները, բուհում առկա ներուժը, ակնկալվող գիտական վերջնարդյունքները: Ընդ որում, հիմնավորման այդ փաթեթը ուղարկվելու է ՀՀ ԲՈՀ, որը ոչ միայն վերահսկելու է հետազոտության վերջնարդյունքը (ինչպես որ հիմա է արվում), այլեւ հետազոտության մեկնարկային հիմնավորումը:

Ասպիրանտների ընդունելության բնագավառում նույնպես անհրաժեշտ է համալսարաններին բացարձակ ինքնավարություն տրամադրել: Այստեղ տեղին չեն ստանդարտի բերված կենտրոնացված օտար լեզվի իմացության կամ մասնագիտական քննությունները: Ելնելով դիմորդ ասպիրանտի առջեւ գիտակրթական գործունեության ընթացքում դրված նպատակից ու խնդիրներից՝ համալսարանները իրենք պետք է ընտրեն ընդունելության ձեւաչափը` հարցազրույցներով, քննություններով, հետազոտական կարողությունների թեստերով:

Թույլ է նաեւ ամբիոնների լիակատար ինքնավարության դրսեւորումը գիտական ղեկավարների նշանակման հարցում: Արեւմտաեվրոպական երկրներում ատենախոսության ղեկավարը (համաղեկավարները) որոշվում են ոչ թե գիտական ղեկավար-ամբիոն երկխոսության արդյունքում, ինչը որ մեծամասամբ արվում է մեզ մոտ, այլ թեմայի ղեկավարման կարողություններով: Այստեղ չպետք է միայն առաջնորդվել ղեկավարման փորձառությամբ կամ ղեկավարի գիտական համբավով: Չափազանց կարեւոր է նաեւ գիտական ղեկավարի առնչությունը եւ անձնական հետաքրքրվածությունը իրականացվող հետազոտությանը: Ուստի, կարծում ենք, որ գիտական ղեկավար կարող է հանդիսանալ գիտական կոչում ունեցող ցանկացած անձ` անկախ գիտահետազոտական ստաժից եւ գիտության մեջ թողած իր հետագծից, քանի որ այստեղ կարեւորվում են կոնկրետ թեմայի ղեկավարմանը առնչվող իր կարողությունները: Հետեւաբար այս պարագայում մեծանում է գիտական ղեկավար նշանակելու ամբիոնի ինքնավարությունը, քանի որ վերանում է նաեւ գիտական ղեկավարի նշանակման ԲՈՀ-ի կողմից պահանջվող թույլտվությունը:

Եվ վերջապես, ՀՀ ԲՈՀ-ը չպետք է ստանդարտ մոտեցում ցուցաբերի գիտահետազոտական արդյունքների հանրային ներկայացուցչության հարցում` սահմանելով տպագրվող հոդվածների նվազագույն քանակ եւ ամսագրերի ցանկ: Այս հարցում բուհերի մասնագիտացված ամբիոնները պետք է ունենան ակադեմիական լայն ազատություններ, եւ իրենք որոշեն ասպիրանտի կողմից հրատարակվող թե՛ հոդվածների նվազագույն քանակը եւ թե՛ ամսագրերի ցանկը: Չէ՞ որ կարեւորվում է ոչ թե հոդվածների տպագրման քանակը (որոնք շատ դեպքերում կարող են լինել անհասցե եւ չընթերցված), այլ կոնկրետ հրատարակմանը առնչվող գիտության փորձագետների արձագանքը եւ հետադարձ կապը: Ուստի աստիճանաշնորհման պարագայում միգուցե առավելապես հաշվի առնվի, թե միջազգային ինչպիսի ամսագրերում է հանդես եկել ասպիրանտը, կամ թե ի՞նչ միջազգային գիտաժողովներում է ներկայացրել իր հետազոտության արդյունքները: Նման իրավիճակում ոչ միայն կբարձրանա ասպիրանտի գործունեության հետագծի ներկայացուցչական որակը գիտության շուկայում, այլեւ կաշխուժանան ասպիրանտուրայի միջազգայնացման գործընթացները, որի կարիքը չափազանց զգացվում է մեր հանրապետությունում:

ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ
20.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031