Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ի հետ համաքայլ. «Ազգ»

Հունվար 23,2016 10:56

Դիվանագիտական երկրորդ մարտահրավերը Եվրոխորհրդարանի խորհրդարանական վեհաժողովի (PACE) վճիռն էր Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, ավելի ստույգՙ այդ կառույցի Քաղաքական հարցերի եւ ժողովրդավարության հանձնախմբի «բռնության թեժացումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» վերնագրյալ հակահայկական զեկույցը, որն ընդունվել էր ձայների 24-ը 16-ի հարաբերակցությամբ: Զեկույցը պատրաստողը բրիտանացի նախկին խորհրդարանական Ռոբերտ Ուոլտերն էր: Խիստ կողմնապահ (ադրբեջանամետ) զեկուցագրողին փոխարինելու հայկական պատվիրակության առաջարկը մերժվել էր: Այս զեկույցը հայտնվելու է հունվարի 26-ին PACE-ի լիագումար նիստի օրակարգում եւ հավանական է, որ մենք ունենանք եւս մեկ աչառու զեկույց ընդդեմ Ղարաբաղի:

Մեկ այլ բանաձեւՙ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները դիտավորյալ զրկված են ջրից» վերնագրյալ, պատրաստվել է Միլիցա Մարկովի կողմից (Բոսնիա, Հերցեգովինա):

Առաջին զեկույցի կողմնակալ նախադրյալն այն է, որ Ղարաբաղը բնորոշում է որպես «գրավյալ տարածք» ի թիվս այլ ադրբեջանական տարածքների, որոնք գտնվում են հայկական ուժերի հսկողության ներքո: PACE-ի նման կազմակերպություններից նվազագույնը, որ պահանջվում է, չեզոք դիրք պահպանելն է, այսինքն` օգտագործել առնվազն «վիճելի տարածքներ» եզրը: Իր ներկա տեսքով բանաձեւն արդեն իսկ ունի կանխորոշված եզրակացություն, որը լիագումար նիստի ժամանակ քվեարկության դրվելու կարիքն անգամ չի ունենալու: Այդ բանաձեւում ընդհանրապես անտեսված են չեզոքության, անկողմնակալության եւ օբյեկտիվության սկզբունքները: Մյուս կողմից զեկուցագրողի հավատարմագիրն է հարցականի տակ: Ռոբերտ Ուոլտերն ու նրա կինըՙ Ֆերիդե Ալպ-Ուոլտերը գործարար կապեր ունեն Ադրբեջանում եւ Թուրքիայում: Հաղորդվում է նաեւ, որ նրանք երկուսն էլ թուրքական քաղաքացիություն ունեն, եւ որ Ռոբերտ Ուոլտերն իր ինքնությունը հաստատող թուրքական փաստաթուղթն ստացել է անձամբ Թուրքիայի արտգործնախարար Մեվլուտ Չավուշօղլուից: Ավելին, Չավուշօղլուն 2011-ին եղել է Ուոլտերների հարսանիքին ներկա հրավիրվածների թվում:

Այո, հանուն փողի քվեարկության խիստ ակնհայտ երեւույթը մեզ հիշեցնում է մեկ այլ դիվանագետի, որն այժմ հեղինակազրկված է եւ դուրս մղված քաղաքական դաշտից: Դա ժամանակին հայ-ադրբեջանական հարաբերություններին մեծ վնաս հասցրած ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ եւ կարճ ժամանակով Ադրբեջանում Մ. Նահանգների դեսպան նշանակված Մեթյու Բրայզան է, որի ամուսնությունը թրքուհու հետ հարեւան Թուրքիայում ամրագրված էր Ալիեւի կառավարության կողմից:

Թվում է, թե այս աչք ծակող ձեռնարկումները առանձին անհատների վատ պահվածքի դրսեւորումներ են, բայց ոչ, դրանք ամենայն հանդուրժողականությամբ ընդունվում են աշխարհի դիվանագիտական շրջանակներում, պարզապես որովհետեւ Հայաստանը շարունակում է մնալ ռուսական գոտու ծիրում, եւ այն պատվիրակները, ովքեր կողմ են քվեարկում թյուր ձեւակերպումներով եւ մոլորության առաջնորդող արտահայտություններով հարուստ նման բանաձեւերին, իրենց հոգու խորքում համոզված են, որ Հայաստանի դեմ գործելով անուղղակիորեն պատժում են նաեւ Ռուսաստանին:

Երվանդ ԱԶԱՏՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031