2026 թվականի սեպտեմբերի 25-ին Նիդերլանդների խորհրդարանի (Tweede Kamer) երեք պատգամավորներ՝ Don Ceder-ը (ChristenUnie), Chris Stoffer-ը (SGP) և Henk Vermeer-ը (BBB), գրավոր հարցեր են ուղղել Նիդերլանդների արտաքին գործերի նախարարին՝ Ադրբեջանի կողմից կազմակերպված՝ Լեռնային Ղարաբաղ կատարած շրջայցին Նիդերլանդների դիվանագետների մասնակցության վերաբերյալ։
Հարցերի փաթեթը բաղկացած է 13 կետից և վերաբերում է ոչ միայն դիվանագետների մասնակցության հանգամանքներին, այլև Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության պահպանությանը, Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին և 2023 թվականի իրադարձությունների գնահատմանը։
Ի՞նչ են ցանկանում պարզել պատգամավորները:
Առաջին հերթին պատգամավորները նախարարից հարցնում են՝ արդյո՞ք ճիշտ է, որ Նիդերլանդների դիվանագետները մասնակցել են Ադրբեջանի կողմից կազմակերպված շրջայցին Լեռնային Ղարաբաղում։
Կարդացեք նաև
Նրանք նաև ցանկանում են իմանալ, թե սովորաբար ինչ չափանիշներով է Նիդերլանդների կառավարությունը որոշում նման հրավերներն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ։
Հարցերի հաջորդ խումբը վերաբերում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ Հայաստանի և Ադրբեջանի գործերով ընդունած ժամանակավոր միջոցներին։ Պատգամավորները նախարարից խնդրում են գնահատել, թե որքանով է Ադրբեջանը կատարել դատարանի՝ 2021 և 2023 թվականների որոշումներից բխող պահանջները, այդ թվում՝ հայկական մշակութային ժառանգության պաշտպանության հետ կապված պարտավորությունները։
Հարցերի 5-րդ կետում պատգամավորները նախարարից ուղղակիորեն պարզաբանում են՝ արդյո՞ք ճիշտ են այն տեղեկությունները, որ Ադրբեջանը փոխում է Լեռնային Ղարաբաղի տեղանունները և ոչնչացնում հայկական եկեղեցիներ ու մշակութային այլ ժառանգություն։
Նրանք նաև հարցնում են կառավարության գնահատականը այդ գործընթացների վերաբերյալ։
Հաջորդ հարցում պատգամավորներն անդրադառնում են 2023 թվականի իրադարձություններին և հարցնում՝ Նիդերլանդների կառավարությունը համարո՞ւմ է, որ Լեռնային Ղարաբաղում տեղի է ունեցել էթնիկ զտում։
Եթե կառավարությունը նման գնահատական չի տալիս, պատգամավորները ցանկանում են իմանալ՝ ինչու։ Միաժամանակ հարց է բարձրացվում ստեղծված իրավիճակի և ավելի քան 100 հազար մարդկանց Հայաստան տեղափոխվելու վերաբերյալ Նիդերլանդների կառավարության արձագանքի մասին։
Փաստաթղթում հիշատակվում է նաև Նախիջևանը։
Պատգամավորները նախարարին հարցնում են՝ արդյո՞ք կառավարությունը տեղյակ է, որ նախկինում Ադրբեջանի Նախիջևանի էքսկլավում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացվել է, և արդյո՞ք այդ նախադեպը հիմք է տալիս մտահոգվելու, որ նման ճակատագիր կարող է սպասվել նաև Լեռնային Ղարաբաղի հայկական ժառանգությանը։
Այստեղ նրանք հիշեցնում են նաև Նիդերլանդների կառավարության նախկին պատասխանները՝ հայկական ժառանգության ոչնչացման վերաբերյալ հարցերին, և հարցնում, թե դրանից հետո ինչ քայլեր է Նիդերլանդները ձեռնարկել այդ հարցում։
Առանձին հարցով նախարարից պահանջվում է գնահատել՝ արդյո՞ք Ադրբեջանը կատարել է հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու իր նախկին ստանձնած պարտավորությունը։ Եթե ոչ՝ ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել Նիդերլանդների կառավարությունը։
Փաստաթղթի ամենաուշագրավ հատվածներից մեկը վերաբերում է հայկական Գանձասար և Դադիվանք վանական համալիրներին։
Պատգամավորները նախարարից հարցնում են՝ արդյո՞ք ճիշտ են այն տեղեկությունները, ըստ որոնց՝ Ադրբեջանի կառավարության կազմակերպած շրջայցի ժամանակ Գանձասարն ու Դադիվանքը ներկայացվել են որպես «հին ալբանական քրիստոնեական ժառանգության անբաժանելի մաս»։
Հարցերում անդրադարձ կա նաև, ըստ պատգամավորների, «հին ձեռագրերի օրինակների» նկատմամբ արհամարհական վերաբերմունքին և շրջայցի ընթացքում տեղի ունեցած պարին։
Նրանք նախարարից պահանջում են գնահատել այդ հանգամանքները։
Արդյո՞ք Նիդերլանդների դիվանագետները հակադարձել են
11-րդ կետով պատգամավորները հարցնում են՝ վերը նշված հանգամանքների լույսի ներքո արդյո՞ք նպատակահարմար էր, որ Նիդերլանդների դիվանագետները մասնակցեին Ադրբեջանի կողմից կազմակերպված այդ շրջայցին։
12-րդ հարցը ևս առանձնահատուկ նշանակություն ունի։ Պատգամավորները հիշատակում են Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի՝ X սոցիալական հարթակում կատարած գրառումը, որտեղ նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խոր տարաձայնություններն ու տարբեր նարատիվները, այդ թվում՝ որոշ վայրերի ծագման վերաբերյալ, պետք է հասցեագրվեն։
Այդ համատեքստում Նիդերլանդների նախարարին հարց է ուղղվում՝ Նիդերլանդների դիվանագիտական պատվիրակությունը շրջայցի ընթացքում բարձրացրե՞լ կամ հերքե՞լ է մշակութային ժառանգության ծագման վերաբերյալ ներկայացված տեղեկությունները։ Եթե ոչ՝ ինչո՞ւ։
Եվս մեկ կարևոր հարց՝ Նիդերլանդների միջազգային իրավական պարտավորությունների մասին
13-րդ և վերջին հարցով պատգամավորները նախարարից ցանկանում են պարզել, թե ինչ միջազգային իրավական պարտավորություններ են Նիդերլանդների համար բխում Արդարադատության միջազգային դատարանի հիշատակված որոշումներից։
Նրանք նաև հարցնում են՝ արդյո՞ք այս հարցի վերաբերյալ հնարավոր է խորհրդատվություն ստանալ Նիդերլանդների միջազգային հարցերի խորհրդատվական մարմնից՝ AIV-ից։
Սա դեռ կառավարության պաշտոնական դիրքորոշումը չէ
2026 թվականի սեպտեմբերի 25-ին ներկայացված այս փաստաթուղթը խորհրդարանական գրավոր հարցերի փաթեթ է, ոչ թե խորհրդարանի կողմից ընդունված բանաձև կամ կառավարության պաշտոնական դիրքորոշում։
Հետևաբար, այս փուլում կարելի է արձանագրել, որ երեք պատգամավորներ արտաքին գործերի նախարարից պաշտոնական պարզաբանումներ և գնահատականներ են պահանջել՝ Նիդերլանդների դիվանագետների մասնակցության, Ադրբեջանի կողմից ներկայացվող տեղեկատվության, հայկական մշակութային ժառանգության պաշտպանության և միջազգային իրավական պարտավորությունների վերաբերյալ։
Կառավարության պատասխանները, երբ հրապարակվեն, հնարավորություն կտան պարզելու, թե ինչ դիրքորոշում ունի Նիդերլանդների կառավարությունն այս 13 հարցերից յուրաքանչյուրի վերաբերյալ։
«Նիդերլանդական Օրագիրը», որը սերտորեն համագործակցում է Նիդերլանդների հայկական կազմակերպությունների դաշնության (FAON) հետ, կհետևի հարցերի պաշտոնական պատասխաններին և դրանց հրապարակումից հետո իր ընթերցողներին կներկայացնի նաև կառավարության դիրքորոշումը։
«Նիդերլանդական Օրագիր»



















































