Լրահոս
Օրվա լրահոսը

Թույլ չեն տա, որ անօրինական միջոցներով Երեւանը զրկեն իր երբեմնի դեմքից. «Հայոց աշխարհ»

Փետրվար 24,2016 12:49

Ամիրյան 2 հասցեում գիշերուզօր հսկողություն իրականացնող՝ «Հանուն օրենքի» հասարակական շարժման համակարգող խմբի անդամ ԾՈՎԻՆԱՐ ԿՈՍՏԱՆՅԱՆՆ ասում է, որ այն բանից հետո, երբ իրենք շինարարներից պահանջել են ներկայացնել քանդման թույլտվության փաստաթղթերը` իրենց քայլերի օրինականությունն ապացուցելու համար, նրանք դադարեցրել են աշխատանքները. «Ճիշտ է, իրենք պնդում էին, թե քանդման համար անհրաժեշտ թույլտվություն ունեն բոլոր իրավասու կառույցներից, ինչպես նաեւ պնդում էին, թե փաստաթղթերն իրենց ձեռքի տակ է, սակայն այդպես էլ որեւէ փաստաթուղթ չներկայացրին մեզ:

Եվ միայն երկու օր հետո շինհրապարակում հայտնվեց ապագա կառույցի նախագծով պաստառը, որը, սակայն, այնքան բարձր է փակցված` ֆասադի երկրորդ հարկի պատուհանին, որ գրեթե ոչինչ չի երեւում: Անգամ հնարավոր չէ հասկանալ` դրա վրա գրվա՞ծ է քանդման թույլտվության որոշման համարը, թե՞ ոչ: Հավանաբար՝ ոչ. պաստառը դիտավորյալ են այդքան բարձր ամրացրել, որ հիմա էլ հասարակությանն այսպես մոլորեցնեն:

Այնինչ դա նույնպես օրենքի խախտում է, քանի որ քաղաքաշինության նախարարի 2008թ. հրամանի համաձայն` մինչեւ շինարարության սկիզբը անհրաժեշտ է հասարակությանն իրազեկելու նպատակով շինարարության համար հատկացված շինհրապարակի ցանկապատի կամ մեկ այլ առավել տեսանելի տեղամասում տեղադրել պատվիրատու եւ կապալառու կազմակերպությունների տվյալները, շինարարական աշխատանքների սկզբի եւ ավարտի ժամկետների, թույլտվությունների մասին տեղեկատվություն պարունակող վահանակներ: Ակնհայտ է, որ կառուցապատողը փորձում է գաղտագողի իր գործն անել ու հետո բոլորին փաստի առաջ կանգնեցնել»:

Ծովինար Կոստանյանը հավաստիացնում է` իրենք թույլ չեն տա, որ անօրինական միջոցներով Երեւանը զրկեն իր երբեմնի դեմքից` հուշարձան-շինությունները հողին հավասարեցնելու միջոցով: Իրենք կպայքարեն ֆասադի կցակառույցը քանդելու դեմ, եւ մինչեւ կառուցապատողը թույլտվության փաստաթղթերը չհանրայնացնի, պատրաստ են շարունակել հերթապահել շինհրապարակի հարեւանությամբ, անգամ գիշերները վերահսկողություն սահմանել:

Ճարտարապետության դոկտոր ՄԱՐԻԵՏԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ նշում է, որ արական գիմնազիայի շենքի աջակողմյան հատվածը ժամանակին քանդեցին, որպեսզի դրա կողքին արտգործնախարարության շենքի` դեպի Ամիրյան փողոց ձգվող մասը կառուցեն: Հետագայում շենքը վերանորոգեցին, ամրացրին եւ կորցրած մասի փոխարեն ձախակողմյան հատվածը վերակառուցեցին:

Եվ եթե այսօր ասում են, թե այդ վերակառուցված մասը կցակառույց է եւ կապ չունի իրական նախագծի հետ, ապա նրանք պետք է վերականգնեն աջ կողմում երբեմնի եղած հատվածը, որի դեպքում կկարողանան ներկայացնել գիմնազիայի շենքի ամբողջական տեսքը: Իհարկե, դա չեն կարող անել, բայց կարող են քանդել վերակառուցված հատվածը` ավելի խեղճացնելով պահպանված ֆասադը: Դա արդարացի չէ:

Եվ հետո, անշարժ հուշարձանների ցանկում հստակ չէ` պահպանման ենթակա է միայն նախնական նախագծո՞վ տարբերակը, որը, ի դեպ, այլեւս չկա, թե՞ վերակառուցվածը` այսօրվա ամբողջական տեսքով: Օրենքը չի տարանջատում` վերակառուցված հատվածները համարվո՞ւմ են հուշարձանի մաս, թե՞ ոչ: Անշարժ հուշարձանների ցուցակում նշված է, որ պահպանման ենթակա է արական գիմնազիայի համակառույցը եւ Ավ.Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի մասնաշենքը:

Ուստի մշակույթի նախարարության որոշումը շատ վիճարկելի է:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29