Լրահոս
Օրվա լրահոսը

Մոռացվածները. քանի դեռ չեն լուծվել փախստականների խնդիրները, նրանք շարունակելու են ապրել այդ պիտակով

Մարտ 01,2016 14:29

Գրեթե երեք տասնամյակ անց Հայաստանում ապրող Ադրբեջանից բռնագաղթված փախստականներից շատերը դեռ ապրում են հանրակացարանային սարսափելի պայմաններում, փախստականի պիտակը կրելով ու սեփական տունն ունենալու մարող հույսով: Տարիներ անց ադրբեջանահայերի խնդիրները դեռ չլուծած Հայաստանը պետք է ընդուներ նաև Իրաքում ապրող հայերին, իսկ դրանից մի քանի տարի անց էլ` սիրիահայերին, որոնք խաղաղություն որոնելու ճանապարհին հանգրվանեցին հայրենիքում:

Galina

1990 թվականին Բաքվի ջարդերից մազապուրծ հայրենիք հասած Գալինա Միխայիլյանի տանը, որն Արցախի փողոցի կիսաքանդ հանրակացարաններից մեկում է, ապրել գրեթե հնարավոր չէ, տան խոնավության պայմաններում անգամ շնչելն է դժվար: Ցերեկը տեղափոխվում է ավագ որդու տուն` գոնե մի քանի ժամ տաքանալու, իսկ գիշերները, փոքր որդու հետ` ապրում փլուզման վտանգի տակ գտնվող իր տանը:

Հանրակացարանը, ուր արդեն քառորդ դարից ավելի ապրում են փախստականները, հեռու է ապահով ու ջերմ անկյուն որակվելուց. մութ ու կիսաքանդ շքամուտք, փլվող առաստաղներ, հիգիենայի տարրական պայմաններին անգամ չբավարարող զուգարան, որը յուրաքանչուր հարկի բնակիչները կիսում են միասին: Իսկ որպես բաղնիք երբեմն ծառայում է սենյակը, ուր քնում են, ճաշում, հազվադեպ էլ հյուրեր ընդունում: Լողանում են հանրային բաղնիքում, որը մի քանի կանգառ հեռու է իրենց տնից:

Գալինայի պնդմամբ, իրենց 4-րդ կարգի վթարային շենքը, վթարայնության 3-րդ կարգի մեջ է մտցվել, մինչդեռ առաստաղից քարեր են թափվում, վտանգելով ոչ միայն իրենց առողջությունը, այլև` փչացնելով գույքը: Շենքը գնալով ծռվում է, վախ ունեն, որ մի օր էլ իրենք կմնան փլատակների տակ, ինչպես պատահել է մի ընտանիքի դեպքում, երբ գիշերը առաստաղը մասամբ փլուզվել է տանտիրուհու վրա:

tun-1 Mijancq nkar nkar-1

26 տարի շարունակ իրենց ժամանակավոր կացարաններին հարմարված, նորն ունենալու հույսից զրկված փախստականներից շատերն էլ այս կացարանից էլ զրկվելու վտանգի առաջ են.

Ակտիվիստի համբավ ձեռք բերած Նինա Հովհաննիսյանը այժմ դատարանների դուռն է ընկել, որպեսզի իր 91-ամյա, Հայրենական պատերազմի վետերան մորաքրոջ հանրակացարանի 12 քառակուսի մետրանոց սենյակը չկորցնեն: Սենյակը գրանցվել է երբևէ այդ կողմերում չբնակված, անծանոթ մարդու անունով: Այս մասին Նինան իմացել է, երբ փորձել է մորաքրոջ բնակարանը սեփականաշնորհել: Այս իրավիճակում են հայտնվել մի քանի այլ ընտանիքներ ևս:

«Դա շենքի լիազորի ձեռքի գործն է, ով գլխին կռիշ ունի: Հիմա մենք դատի ենք տվել, մի քանի ուրիշ բնակիչներով, որոնց սենյակները ևս ապօրինի սեփականաշնորհել է ուրիշի անուններով»,-ասում է Նինան՝ դառնությամբ հավելելով.

«Մեր արյունն են խմել թուրքերը, հիմա եկել, ընկել ենք ստեղ: Գերի էինք, եկանք էլի գերի ընկանք»:

Այստեղ ապրողների խնդիրները բազմաթիվ են, սոցիալական, կենցաղայինից մինչև ինտեգրման հարցերը. Լյուդմիլա Պետրոսովային վիրավորում է փաստը, որ իրենց փախստական են կոչում, մինչդեռ իրենք գրեթե 30 տարի ապրում են Հայաստանում:

«Մեր արյունը կապո՞ւյտ է, որ այդպես են ասում: Այսքան տարի այստեղ ենք ապրում, Հայաստանի անձնագիր ունենք, մենք էլ փախստական չենք»,- ասում է Լյուդմիլան, որը ևս իրեն պատկանող սենյակներից մեկը կորցնելու վտանգի առաջ է կանգնած:

«Հայ փախստականների ահազանգ» ՀԿ նախագահ, «Փախստականներ և միջազգային իրավունք» ցանցի հիմնադիր անդամ Ջուլիետա Վերդյան-Երեմյանցի խոսքով` Ադրբեջանից բռնագաղթվածների ամենամեծ խնդիրը շարունակում է մնալ բնակարանով չապահովվածության հարցը, իսկ հանրակացարաններում փախստականներն ահավոր պայմաններում են ապրում, նրանց զգալի մասը` ծայրահեղ աղքատության մեջ:

Նա վերահաստատում է բազմիցս արտահայտած իր միտքը, որ փախստականների ինտեգրումը Հայաստանում ճիշտ չի կատարվել ու մինչ այսօր էլ կատարված չէ:

«Ի սկզբանե դրվածքը ճիշտ չի եղել: Կառավարությանը սրանում լիովին մեղադրել էլ հնարավոր չէ»,-նշում է նա ու ավելացնում, որ ժամանակին ճիշտ մենեջմենթ չկատարվեց ու բարձրագույն կրթությամբ փախստականներին ուղարկեցին գյուղեր, ուր նրանք չկարողացան գոյատևել ու կրկին բռնեցին գաղթի ճամփան:

«Այնպիսի մարդկանց, ովքեր բժշկի, ճարտարապետի, ինժեների, ուսուցիչի մասնագիտություն ունեին, սահմանամերձ գյուղեր ուղարկեցին, ուր իրենց համար աշխատանք չգտան: Իրենք կյանքում հողի հետ աշխատած չկային, ու այդ ընտանիքները չինտեգրվեցին, թողեցին Հայաստանն ու գնացին»:

Սակայն տիկին Ջուլիետան համարում է, որ խնդիրը երկկողմանի է. փախստականներից շատերն էլ չփորձեցին փոխել իրենց մոտեցումները:

«Հասկանում եք ինչ վատ բան է, երբ մարդն ընտելանում է այն մտքին, որ պետությունը կամ ինչ-որ մի բարեկամ պետք է նրանց մի բան տա, ինչ-որ մեկը պետք է հովանավոր կանգնի: Դա շատ սխալ մոտեցում է փախստականների կողմից: Նրանք պետք է պրպտան, չարչարվեն: Մեր ճակատագիրն էլ այսպիսին է եղել, ինչ անենք, մեր ամբողջ մեղքը թափենք կառավարության վրա: Կառավարությունը մեղք ունի, հարց չկա, բայց բոլոր մեղքերի պատասխանատվությունը չի կարող ստանձնել»,-հավելում է Ջուլիետա Վերդյան-Երեմյանցը:

Եթե 1988-ին Հայաստանում հաշվառվել էր 360 հազար Ադրբեջանից բռնագաղթված, ներկայում պետական կառույցները հայտնում են փախստականի կարգավիճակ ունեցող 1600 ընտանիքի մասին:

Save the children կազմակերպության կողմից 2011-ին իրականացված սոցիոլոգիական հետազոտությունը արդյունքները փաստում են, որ փախստական երեխաներն ունեն լիարժեք կրթություն ստանալու խնդիրներ, ճիշտ է 91 տոկոսը հաճախում է ընդհանուր կամ կիրակնօրյա դպրոց, սակայն որոշ ընտանիքների երեխաներ դպրոց չեն գնում ֆինանսական դժվարությունների, լեզվական խոչընդոտների և կրթական բարդ ծրագրի պատճառով:

Համաձայն ուսումնասիրության` փախստականների 61 տոկոսն ապրում է բազմաբնակարան շենքերում ու առանձնատներում, 28 տոկոսը՝ կոմունալ տարածքներում, 8 տոկոսը` նախկին հասարակական շենքերում (դպրոցներ, մանկապարտեզներ, հյուրանոցներ), 4 տոկոսն ապրում են տնակում, գոմում կամ նկուղում: Առաջնահերթ խնդիրների շարքում է սոցիալական նպաստներից օգտվելու անմատչելիության հարցը:

Իրաքահայ և սիրիահայ փախստականները

2004 թվականին Հայաստանը, դեռևս չլուծած ադրբեջանահայ փախստականների խնդիրը, ստիպված էր ընդունել Իրաքում ապրող հայրենակիցների, որոնք պատերազմից մազապուրծ գերադասեցին ապրել հայրենիքում: Սակայն իրաքահայ փախստականների դեպքում պատկերն առավել բարվոք է, բնակարանային ու կենցաղային պայմանները` բարելավված: Արարատի մարզի Դարբնիկ գյուղում ապաստանած իրաքահայերը սկզբնական շրջանում դժվարությունների միջով են անցել, ու թեև շատ հարցեր կարգավորվել են, բայց սոցիալական ապահովվածության խնդիրը դեռևս արդիական է:

Harutyun-S-2

Չորս երեխաների հայր Հարություն Սարգիսը աշխատանք գտնելու խնդիր ունի, չնայած եվրոպատուհանների պատրաստման վարպետ է, սակայն գործը գնալով պակասում է:

Հարությունի կինը` Անին, կարուձևի մասնագետ է, ընտանիքի ապրուստը հիմնականում իր ձեռքի շնորհքի միջոցով է հայթայթումը, շատերն են գնահատում իր գործը, չնայած հիշում է, որ սկզբում այնքան էլ հեշտությամբ չէին ընդունում տեղացիները, երբեմն տհաճ վերաբերմունքի են արժանացել, բայց արդեն տասը տարի է անցել, փոխվել է իրավիճակը:

«Մեզ արաբի, պարսիկի տեղ էին դնում: Հազիվ սովորեցին մեր լեզուն, իմացան, որ հայ ենք: Ընտանիքով մի տեղ էինք գնում՝ ասում էին «սալամ ալեյքում»(բարև). այդ ժամանակ «Կլոն» սերիալն էր ցուցադրվում, մեզ, որ տեսնում էին մուսուլմանի տեղ էին դնում: Մենք հայ ենք, ի՞նչ կապ ունի, որ ուրիշ երկրում ենք ապրել: Այստեղից Ռուսաստան չե՞ն գնում, դառնում են ռո՞ւս, թե՞ հայ են մնում»,-հազիվ վրդովմունքը զսպում է Անին:

Իրաքահայ Մարգարյանների ընտանիքն առաջինն էր պատերազմական Իրաքից հասել հայրենիք, այնտեղ անգամ որդուն առևանգելուց մի կերպ էին փրկել: Հայաստանում ապահովություն գտան, սակայն սոցիալական խնդիրների բեռի տակ դժվարանում են գնահատել վերագտած հայրենիքի արժեքը:

Մարգարյանների ընտանիքի հայրը անցյալը չի ուզում հիշել, բայց աստիճանաբար անկեղծանալով ասում է. «Երբ եկանք այստեղ, սկզբում տարբերություն էին դնում: Եթե խանութում մի բանն արժեր 200 դրամ, մեզ 1000 դրամով էին վաճառում: Հիմա արդեն սովորել են»:

Փախստականների երկու խմբի խնդիրները դեռ չլուծված Հայաստանը ստիպված եղավ ապաստան տալ նաև սիրիահայերին: Ի տարբերություն նախորդ երկու խմբերի, սիրիահայերն ունեն Հայաստանում կացության որոշակի առանձնահատկություններ:

Եթե նախորդները հարկադրաբար լքելով իրենց բնակավայրերը` ՀՀ-ում ստացել էին փախստականի կարգավիճակ, ապա սիրիահայերի դեպքում գործել է երկքաղաքացիության սկզբունքը:

Հայաստանի Հանրապետության կառավարության տվյալներով` սիրիական հակամարտության սկզբից ի վեր Սիրիայի 17 հազար քաղաքացի է ժամանել Հայաստան, որոնք մեծամասամբ էթնիկ հայեր են: 2012-2015թթ. ՀՀ քաղաքացիություն է ստացել 12 հազար սիրիահայ, 1650-ը՝ ստացել է կացության կարգավիճակ:

Համագործակցելով տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ` նախարարությունը զբաղվում է սիրիահայերի աշխատանքի տեղավորման, առողջապահական ծառայությունների մատուցման, բնակվարձի փոխհատուցման, երեխաների կրթության վարձավճարների հայթայթման և մի շարք այլ հարցերով:

The Economist-ի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանն ամենաշատ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ եվրոպական երկիրն է՝ Գերմանիայից և Շվեդիայից հետո:

Սիրիահայերից շատերը դժգոհում են պետության տված աջակցության անարդյունավետությունից, հարկային դաշտում առկա խնդիրներից, սակայն ակնհայտ է, որ փախստականների երեք խմբերի մեջ նրանց նկատմամբ վերաբերմունքը, թերևս ամենադրականն է:

Janna

Սիրիահայերի ու ադրբեջանահայերի նկատմամբ ձևավորված վերաբերմունքի տարբերությունը սոցիոլոգ Ժաննա Անդրեասյանը բացատրում է մի շարք գործոններով` կապված ժամանակաշրջանի ու տվյալ խմբի նկատմամբ ձևավորված հասարակական ընկալումներով:

Սոցիոլոգը նշում է, որ 80-ականների վերջին ադրբեջանաբնակ հայերի հանդիպումը հայաստանյան հասարակության հետ տեղի ունեցավ սոցիալ-քաղաքական ու մշակութային իրադրության այն պայմաններում, երբ նրանց ներգաղթը չէր դիտվում իբրև սփյուռքահայերի վերադարձ իրենց հայրենիք:

«Ադրբեջանաբնակների գալու ժամանակ մեկ միասնական իրավիճակ էր Հայաստանում. բարդ ու լարված հարաբերություններ Ադրբեջանի հետ, ինչը պատերազմի էր վերաճել: Ու այս պայմաններում մենք, ըստ էության, նույն գործընթացի կրողներն էինք. նրանք կորցրեցին տունն ու եկան, մենք այստեղ կորցրեցինք մեր բարեկեցությունը, անվտանգության զգացումը»,-նշում է սոցիոլոգը` հավելելով, որ ադրբեջանաբնակ փախստականներին այդ ժամանակ չէին դիտարկում իբրև մի հատուկ խմբի, որն օգնության կարիք ուներ, որովհետև օգնության կարիք ունեին բոլորը:

«Դրան գումարվում էր նաև պետական/ինստիտուցիոնալ կառուցվածքների բացակայությունը, որով էլ բացատրվում է սոցիալական քաղաքականության ու պաշտպանության հատուկ գործիքների ու ծրագրերի կիրառման անհամաչափությունը»,-պարզաբանում է Ժաննա Անդրեասյանը:

Ինչ վերաբերում է սիրիահայերին, այս դեպքում հստակ պետական իրավասու կառույց է գործում, իսկ որպես պետություն Հայաստանը գոնե հռչակման մակարդակում գիտակցում է իր դերը ապաստան տալու, հովանավորելու, պաշտպանելու առումներով:

Անդրադառնալով հարաբերությունների մշակութային ասպեկտին` Անդրեասյանը նկատում է, որ ադրբեջանաբնակ հայ փախստականների պարագայում հստակ գործում էր հանրային պիտակավորման գործառույթը, երբ վերջիններս որակվում էին որպես մեծամիտ, աշխատել չսիրող մարդիկ:

«Սիրիահայերի դեպքում աշխատասիրությունը շատ ավելի նկատելի է հանրային ընկալման տեսանկյունից, մանավանդ, որ այդ ամենը ցուցադրվում է ԶԼՄ-ներով ու նպաստում այդպիսի ընկալման ձևավորմանը»,-հավելում է հասարակագետը:

Սակայն ինտեգրման համար, թերևս, առաջնային հարցը մնում է սոցիալական խնդիրների լուծումը, ժամանակների և պետության աջակցության տարբերությունը փախստականների խմբերին անհավասար վերաբերմունքի է արժանացրել, իհարկե այսօր սիրիահայերից շատերը ևս գոհ չեն պետության ցուցաբերած աջակցությունից, սակայն Ադրբեջանից բռնագաղթածներն ուղղակի մոռացության են մատնված ու, եթե մինչև 2008 թվականը հույս կար բնակարան ձեռք բերելու, ֆինանսական ճգնաժամից հետո բոլոր ծրագրերը սառեցվել են և նրանք արդեն 28 տարի իրենց կիսաքանդ «ժամանակավոր կացարանների» գերիներն են:

Ա. Ն.

 

«Կյանքը լուսանցքում. մարդկային պատմություններ» բաժնի հոդվածները պատրաստվում են Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության օժանդակությամբ, դրամաշնորհ N18643: Սույն բաժնում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակների կարծիքը և հաստատված չեն ԲՀՀ – Հայաստանի կամ նրա Խորհրդի կողմից: Aravot.am կայքը անհատույց տրամադրել է հարթակ՝ N18643 դրամաշնորհային ծրագրի շրջանակներում պատրաստված հոդվածները տպագրելու համար: Դրամաշնորհի և «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնության ղեկավարն է` լրագրող Գայանե Աբրահամյանը:

Հոդվածների վերաբերյալ հարցերի դեպքում դիմել` +374 99 266 886 հեռախոսահամարով, email: [email protected], Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200, Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031