Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենեջմենթը միայն գումար հայթայթելը չէ»

Մարտ 12,2016 13:00

Օպերային թատրոնի մենեջմենթի
եւ PR բաժնի ղեկավար Իրինա Գոգինյանի դիտարկումները

Շուկայական տնտեսական հարաբերությունների պայմաններում մշակույթի ոչ պետական մենեջերական կառավարումն առաջնություն է ստանում պետական կառավարման նկատմամբ: Խորհրդային տարիներին մենեջմենթ հասկացություն պարզապես գոյություն չուներ. մշակույթն էլ կառավարվում էր բացառապես պետության կողմից, թեեւ ստեղծագործական կոլեկտիվները անպայման ունենում էին համակարգի տնօրեն, գեղարվեստական ղեկավար եւ ադմինիստրատոր կոչվող կազմակերպիչ: Ինչ վերաբերում է այսօրվա Հայաստանի մշակութային կառավարմանը, փաստենք, որ դեռեւս հին եւ նոր համակարգերի խառնաշփոթ է տիրում: Չմոռանանք նշել, որ մենեջերական կառավարման ձեւի վրա ուղղակի ազդեցություն է ունենում երկրի տնտեսական վիճակը, որը մեզանում բավականին ցայտուն է արտահայտվում՝ մշակույթի ասպարեզում հովանավորություն ստանալը մեր իրականության համար դարձել է հերոսական աշխատանք: Թեեւ մենեջմենթի ինստիտուտը միանշանակ կայացած չէ Հայաստանում, այդուհանդերձ, վերջին շրջանում երեւանյան 1-2 մշակութային օջախներում սկսել են գործել մենեջերական բաժիններ:

«Առավոտը» հանդիպեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենեջմենթի եւ PR բաժնի ղեկավար Իրինա Գոգինյանի հետ:
Տեղեկացնենք, որ նշյալ բաժինը ստեղծվել է շուրջ 2 տարի առաջ, Անդրանիկ Արզումանյանի՝ օպերային թատրոնի տնօրեն նշանակվելու օրվանից: Իսկ Իրինա Գոգինյանը ղեկավարի պաշտոնում աշխատում է շուրջ 8 ամիս:

Մեր զրուցակիցը հայտնեց, որ ինքն ու բաժնի աշխատակիցները առաջին օրվանից լծվել են թատրոնի կայքի՝ www.opera.am ստեղծման աշխատանքներին: Անկեղծացավ՝ նշելով, թե ընդամենը մի քանի ամիս գործող կայքի աշխատանքները դեռեւս լիարժեք չեն: «Օպերային թատրոնը իսկապես հզոր մշակութային կառույց է, ինչը կայքի տեսքով ենթադրում է տեղեկատվություն՝ սկսած թատրոնի հիմնադրման (1933թ.) օրվանից: Թատրոնի ակունքներում կանգնած են եղել մեծանուն դիրիժորներ, ռեժիսորներ, մեներգիչներ, բալետի արտիստներ, նվագախումբ, երգչախումբ՝ իրենց ղեկավարներով եւ այլն: Անկասկած, աշխատում ենք, որ տարբեր տարիների մեր թատրոնի ճանաչված արվեստագետի եւ ոչ մի անուն չսպրդի կայքից: Տասնամյակների ընթացքում թատրոնի առանձին արտիստներ, ինչպես նաեւ օպերային եւ բալետային որոշ ներկայացումներ ցուցադրվել են նաեւ արտերկրում: Բնականաբար, այդ հսկա աշխատանքը նույնպես պետք է տեղ գտնի կայքում»,- հայտնեց տիկին Գոգինյանը: Ապա վերադառնալով մեր օրերը, մանրամասնեց, որ մենեջմենթի եւ PR բաժնի աշխատակիցների աշխատանքն ամենօրյա է, իրենք զբաղվում են ըստ էության թատրոնի իմիջի խնդրով, ինչը մեր օրերում առանց PR-ի, գովազդի, հայտագրերի, բուկլետների եւ այլ «աքսեսուարների» հնարավոր չէ պատկերացնել: Փաստեց, որ վերջին շրջանում բաժինը ներկայացրել է տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ Վիլեն Գալստյանի 75, Գեղամ Գրիգորյանի 65 եւ ստեղծագործական գործունեության 45 ամյակներին նվիրված ցուցադրություններ, ֆիլմեր, ընթացիկ թատերաշրջանը մեկնարկել է Տիգրանյանի «Անուշ» օպերայի 80-ամյակին նվիրված միջոցառմամբ, ամանորյա տոնական համերգին էլ անմասն չի մնացել եւ այլն: Մեր զրուցակիցը կարեւորեց թատրոնում գործող թանգարանի վարիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանի աշխատանքը, հիշեցրեց, որ այս տարի Սպենդիարյանի ծննդյան 145-ամյակն է, եւ իրենք համագործակցելով թանգարանի հետ, պատրաստվում են հավուր պատշաճի նշել այդ հոբելյանը:

Երբ խոսք է գնում մեզանում դեռեւս չկայացած մենեջմենթի ինստիտուտի մասին, շատերը դա ասոցացնում են գումար հայթայթելու հետ: Այս առիթով մենեջմենթի եւ PR բաժնի ղեկավարն ասաց. «Այո, հանդիպում ենք գործարար անձանց հետ, ակնկալելով նրանց աջակցությունը: Փորձում ենք թեթեւացնել թատրոնի առջեւ ծառացած ինչ-ինչ խնդիրներ, սկսած տեխնիկականից մինչեւ բեմադրական, այնպես որ՝ մենեջմենթը միայն գումար հայթայթելը չէ»: Հետո էլ փաստեց, որ առաջիկայում բեմադրվելիք մանկական նոր ներկայացման համար բաժինն ապահովել է շոշափելի գումար, շեշտելով, թե ընդհանրապես թատրոնում որեւէ ներկայացման վերականգնման, պրեմիերաների կամ միջոցառման առիթներով մշտապես ունենում են մշակույթի նախարարության աջակցությունը: Շարունակելով խոսքը՝ հայտնեց. «Այս պահին բանակցություններ ենք վարում «Օպերա-Եվրոպա» հայտնի կազմակերպության հետ, մեծ ցանկություն ունենք անդամակցել այդ ընտանիքին, ինչի արդյունքում հնարավոր կլինի մեր թատրոն հյուրընկալել ճանաչված տարբեր մասնագետների, այդ թվում՝ դիրիժորների, ռեժիսորների, մեներգիչների, բալետի արտիստների եւ, անկասկած, կազմակերպել մեր արտիստների հյուրախաղերը արտասահմանյան տարբեր թատրոններում»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

«Առավոտ» օրաթերթ
11.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031