Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հաշմանդամություն ունեցող անձանց համար մենք պետք է ստեղծենք հավասար հնարավորություններ. Ա. Ասատրյան

Մարտ 15,2016 17:57

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ մարտի 15-ին կայացել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի անդրանիկ նիստը:

Նիստի ընթացքում ներկայացվել են հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2015թ. տարեկան ծրագրի իրականացման արդյունքները, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Երևան քաղաքի և մարզային հանձնաժողովների կողմից կատարված աշխատանքները հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ուղղությամբ:

Նախարար Արտեմ Ասատրյանը կարևորելով նիստի օրակարգում ընդգրկված հարցերը՝ նշել է, որ մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել 2015թ. Երևան քաղաքի և մարզային հանձնաժողովների կողմից:

«2015թ. կարող ենք արձանագրել, որ մեր երկրում աստիճանաբար փոխվել է այն մոտեցումը, որը վաղուց արմատավորվել էր մեր հասարակությունում, այն է՝ հաշմանդամություն ունեցող անձանց ավելի շատ օգնություն կամ խղճահարություն է պետք: Ես վստահ եմ, որ մեր հանձնաժողովի բոլոր անդամներն ու հասարակության զգալի մասը այսօր այն համոզմանն է, որ հաշմանդամություն ունեցող անձինք մեզանից մեկն են, և մենք բոլորս, մեր իրավասությունների շրջանակում, պետք է կարողանանք ստեղծել հավասար հնարավորություններ և պայմաններ, որպեսզի նրանք կարողանան լիարժեք իրացնեն իրենց իրավունքները և հասարակության լիարժեք անդամ դառնան»,- ընդգծել է նախարարը:

Նիստի ընթացքում նախարարը անդրադարձել է նաև 2016թ. ապրիլ ամսին նախատեսված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացմանը ՀՀ կառավարություն: «Կարծում եմ երկար սպասված օրենքի նախագիծ է, քանի որ այսօր գործող օրենքը 1993թ. է ընդունվել, իսկ այս ընթացքում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել երկրի հասարակական, սոցիալական, տնտեսական կյանքում և, ուղղակի, մարդկային հարաբերություններում: Բնականաբար, նոր օրենքի անհրաժեշտությունը շատ առարկայական է, և պիտի կարգավորի ներկայիս հարաբերությունները»,- ասել է նախարարը:

Հաշվետվությունների ներկայացման ընթացքում հնչել են նաև առաջարկություններ հաշվետվությունների ձևաչափի հստակեցման և ազգային հանձնաժողովի կազմի ընդլայնման վերաբերյալ:

Նիստի ավարտին նախարար Արտեմ Ասատրյանը ևս մեկ անգամ կարևորել է միջգերատեսչական և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը և նշել, որ այդ ձևաչափը ոլորտում առկա խնդիրների վերհանման և լուծման լավագույն միջոցն է:

Ազգային հանձնաժողովի նիստին մասնակցում էին հանձնաժողովում ընդգրկված պետական գերատեսչությունների, ինչպես նաև ոլորտում գործող միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սեդրակ Պապիկյան says:

    Արդեն ստեղծված են, և շատ հաշմանդամներ նույնպես հեռանում են Հայաստանից:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031