Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդ ընտանիքները կանխավճար հավաքելու վրա անիմաստ տարիներ են կորցնում

Մարտ 19,2016 14:30

Երբ արդեն գումարն ունենում են, կառավարության
սահմանած տարիքային շեմին չեն համապատասխանում

«Ասում են՝ շինարարությունը կանգնած է, տնտեսությունում գումարներ չկան, գումարները կարող են շուկայում հայտնվել եւ պտտվել, եթե կառավարությունն ավելի ճկուն եւ խելամիտ ծրագրեր մշակի»,- երեկ արձագանքելով կառավարության նիստի օրակարգում քննարկվող ծրագրին, որով 2010 թվականից սկսած՝ երիտասարդ ընտանիքներին բնակարաններ ձեռք բերելու հնարավորություն է ընձեռվում, ասաց Սոնա Բեգլարյանը: Սոնան ՀՀ քաղաքացի է, որն արդեն 5 տարի է՝ փորձում է բնակարանի հարց լուծել: Ամուսնացած է, նրա եւ ամուսնու գումարային տարիքը կազմում է 66, այսինքն՝ 1 տարով գերազանցում է կառավարության սահմանած շեմը:

Երեկ կառավարությունը երիտասարդ ընտանիքներին, այսպես ասած, գնաց ընդառաջ եւ 2010 թվականի իր որոշման մեջ փոփոխություն կատարեց՝ ամուսինների միասին վերցրած տարիքային շեմը 60-ից բարձրացնելով 65-ի: Նախագիծը նիստում ներկայացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Նա նաեւ ասաց, որ նախագծում մեկ փոփոխություն էլ է նախատեսված. բարձրացվում է նաեւ վարկավորման չափը: Եթե նախկինում երիտասարդ ընտանիքը պետք է 16 միլիոն դրամից ոչ ավելի արժողությամբ բնակարան գներ, ապա երեկ կառավարությունն այդ թիվը դարձրեց մինչեւ 25 միլիոն:

«Ողջունելի է, որ կառավարությունը շեմը բարձրացրել է, իհարկե՝ կլինեն այնպիսի ընտանիքներ, որոնք կմտնեն այդ շեմի մեջ, բայց եթե իմ ընտանիքի օրինակը բերենք, մենք երիտասարդ ենք, բայց 65-ի շեմը անցնում ենք, ճիշտ է, մեկ տարի ենք անցել շեմը, բայց օրենքով զրկվում ենք այս հնարավորությունից: Չեմ կարծում, որ այդ պայմաններով շատ երիտասարդ ընտանիքներ կարող են օգտվել ծրագրից, որովհետեւ, այնուամենայնիվ, կանխավճարը բնակարանի կարիք ունեցող շատ երիտասարդ ընտանիքների գլխավոր խնդիրներից է, եւ պատճառներից մեկն էլ դա է, որ ընտանիքները չեն կարողանում բնակարան ձեռք բերել»,- նկատում է մեր զրուցակիցը:

Նրա խոսքերով՝ որքան էլ այս տարիների ընթացքում փորձել են բնակարանի վճարի 20-30 տոկոս կանխավճարը հավաքել, չի ստացվել, եւ երբ հավաքել են, կառավարության սահմանած տարիքային շեմն անցել են. «Վարձով բնակվելու, կոմունալ ծախսերը հոգալու հարցերը թույլ չեն տվել, որ կանխավճարի գումարը ավելի արագ հավաքենք, բայց եթե կառավարությունն ավելի ճկուն ծրագիր մշակեր, երիտասարդներից կանխավճար չուզեին, ապա մեր վճարած վարձի գումարները կուղղվեին մեր բնակարանի հիպոթեքի մարմանը: Եվ մեզ պես շատ ընտանիքներ անիմաստ տարիներ են կորցնում, ամուսնության գումարային տարիքը բարձրանում է, եւ մեխանիկորեն դուրս են մնում այդպիսի սոցիալական ծրագրերից»:

Սոնա Բեգլարյանի խոսքերով. «Խնդիրն այն է, որ հիմա կյանքը շատ ավելի դժվարացել է, եւ անգամ կառավարության սահմանած այդ շեմը կանխավճարի եւ վարկի չափի, չեմ կարծում, որ կխրախուսի»:
Նկատենք, որ մեկ այլ փոփոխությամբ էլ սահմանվում է, որ եթե երիտասարդ ընտանիքը, բացի գնած բնակարանից, որը գրավ է դնելու, կարողանա նաեւ մեկ այլ անշարժ գույք գրավադրել, ապա կանխավճարի չափը կսահմանվի 10 տոկոս՝ նախկին 20-30 տոկոսի փոխարեն:

Մեկ այլ քաղաքացու՝ Ռ. Հ.-ի խոսքերով. «Այնպես չէ, որ կառավարությունը երիտասարդներին որոշել է լավություն անել: Այդպիսի պայմաններ այսօր առաջարկում են նաեւ առեւտրային բանկերը, որոնք բնակարանի վարկավորում են իրականացնում: Բայց եթե երիտասարդ ընտանիքը անշարժ գույք ունենա, ի դեպ՝ բանկը որպես երկրորդ անշարժ գույք դիտարկում է միայն բնակարանը, ապա ինչո՞ւ պետք է գրավադրի, կվաճառի եւ իր ուզած բնակարանի հարցերը կլուծի կամ էլ կանխավճար կտա մեկ այլ՝ իրեն հարմար բնակարան ձեռք բերելու համար»:

Ըստ նրա՝ լավ է, որ կառավարությունը գումարի շեմը բարձրացրել է. «Երբ ավելի քիչ է լինում, բնակարան ընտրելու հնարավորությունը քիչ է լինում, մյուս կողմից՝ վատն այն է, որ 65 տարիքային շեմն է սահմանվել: Հաշվի առնելով, որ Հայաստանում երիտասարդները սկսել են ուշ ամուսնանալ, եւ հաշվի առնելով, որ շատ երիտասարդներ հենց բնակարան չունենալու խնդրի պատճառով են հետաձգել իրենց ամուսնությունը, եւ ամուսնանալու դեպքում էլ զույգերի տարիքը շատ դեպքերում գերազանցում է 65-ը, ապա շատ շատերը դուրս կմնան այդ ծրագրից: Կարծում եմ, որ ողջամիտ կլիներ 70-75-ի սահմաններում լիներ այդ տարիքային շեմը»:

Ի դեպ, վերջերս շրջանառության մեջ է դրվել երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելու մեկ այլ սոցիալական ծրագիր, որը դեռեւս հանրային քննարկման փուլում է: Թե այս ծրագրի համեմատությամբ ինչպիսի առավելություններ կունենա նոր ծրագիրը՝ կառավարության պատասխանատուներն առայժմ չեն հստակեցնում:

 
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031