Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագ չորեքշաբթի` թանկարժեք յուղով օծումից մինչ մատնություն

Մարտ 23,2016 13:22

Այսօր Ավագ չորեքշաբթի է, որը նաեւ համարվում է` մատնության: Այս օրն էլ, ինչպես այս շաբաթվա յուրաքանչյուր օր, պատմում են Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին չորեքշաբթի օրվա իրադարձությունները: Ավագ չորեքշաբթի օրվա ավետարանական ընթերցումը հորդորում է չչարաշահել Աստծո ունեցած սերն ու վստահությունը` հիշելով մարդկության համար նրա կրած չարչարանքներն ու մահը, չշեղվել ճշմարիտ ճանապարհից, երկրպագել ու փառավորել Նրան:

Այսօր հիշատակվում են Աստծո ավետիսը Աբրահամին` զավակ ունենալու մասին, նաեւ Սոդոմ ու Գոմորի կործանման եւ Ղովտի փրկության մասին:

Քրիստոսի երկրային կյանքի վերջին չորեքշաբթի օրվա հիշարժան պատմություններից է այն, որ Մարիամը` Ղազարոսի քույրը, թանկարժեք յուղով օծեց Տիրոջ ոտները, ի նշան իր երախտագիտության եղբորը հարություն տալու: Մարիամը վաճառել էր իր ամբողջ ունեցվածքը եւ թանկարժեք յուղ գնել, որպեսզի դրանով օծի Տիրոջ գարշապարը` իր եղբորը հարություն տալու համար:

avag-choreqshabti8-3
Այդ մասին լսեց մի պոռնիկ կին ու շտապեց նույնն անել: Նա յուղ պատրաստեց եւ հարմար առիթ էր փնտրում, որ օծի Տիրոջը: Եվ երբ Տերը մտավ բորոտ Սիմոնի տունը, այս կինը խորհեց, որ եթե Նա չի գարշում բորոտից, ապա չի խորշի նաեւ իր նման մեղավորից:
Մեկնաբանվում է, որ Սիմոնը հրեաների օրինակն է, քանի որ, երբ Տերն եկավ նրանց մոտ, նրանք Տիրոջը չհավատացին եւ մնացին անեծքի տակ, ինչպես եւ Սիմոնը մնաց իր բորոտության մեջ: Իսկ կինը հեթանոսների օրինակն է, ովքեր պոռնկացել էին բազմաստվածության մեջ, սակայն Տիրոջ գալստյամբ` մկրտվելով զգեստավորվեցին Քրիստոսով: «Սկսեց արտասուքներով թրջել Նրա ոտքերը եւ իր գլխի մազերով սրբում էր» (Ղուկ. Է 38): Այստեղ նաեւ մեկնաբանվում է, որ մազերն աշխարհի մեծության խորհրդանիշն է, ինչն ամբողջովին պետք է դնել Քրիստոսի ոտքերի տակ: Երբ կինն օծում է Տիրոջ ոտքերը եւ տեսնում, որ այն բարությամբ է ընկալվում Տիրոջ կողմից, յուղով օծում է նաեւ Նրա գլուխը: Որովհետեւ նրանք, ովքեր հավատում են Նրա Մարմնին, հավատում են նաեւ Հիսուսի Աստվածությանը, որը խորհրդանշվում է գլխով, իսկ ովքեր հպվում են Նրա Մարմնին, շոշափում են Կենաց Խոսքը:

Մեղավոր կինը, ով թանկագին յուղով օծեց Քրիստոսի գլուխը, եւ որ խորհրդանշում էր Նրա մոտալուտ մահը: Առաքյալները մեղադրեցին այդ կնոջը` յուղը վատնելու համար եւ Հիսուս պատասխանում է. «Թո՛ւյլ տվեք դրան. ինչո՞ւ եք նեղություն տալիս այդ կնոջը. նա ինձ համար մի բարի գործ արեց: Ամեն ժամ աղքատներին ձեզ հետ ունեք եւ երբ ուզենաք, կարող եք նրանց բարիք անել: Բայց ինձ ամեն ժամ ձեզ հետ չունեք: Դա, ինչ որ կարող էր, արեց. առաջուց խնկավետեց իմ մարմինը ի նշան պատանքվելու: Ճշմարիտ եմ ասում ձեզ, ուր էլ քարոզվի այս Ավետարանը ամբողջ աշխարհում, ինչ որ նա արեց, այդ եւս պիտի պատմվի նրա հիշատակի համար»:

avag-choreqshabti8-2
Օծման այդ դեպքին հաջորդել է Հուդայի` Հիսուսին մատնելու վճիռը. «Այն ժամանակ տասներկուսից մէկը` Յուդա Իսկարիովտացի կոչվածը, գնաց քահանայապետների մոտ ու ասաց. «Ի՞նչ կկամենայիք ինձ տալ, որ ես նրան ձեզ մատնեմ»: Եվ նրանք երեսուն արծաթ դրամ խոստացան նրան» (Մատթ. ԻԶ 14-15): Հուդա Իսկարիովտացին առաջարկեց մատնել Հիսուսին 30 արծաթի դիմաց:

Հրեաները մտածում էին. «Եթե Նրան չսպանենք, ապա կկորչի մեր ամբողջ ազգը, իսկ եթե Նրա վրա ձեռք բարձրացնենք, ապա Նրան ուղեկցող ժողովուրդը մեզ կքարկոծի ու կսպանի, ինչպես չարագործների ու ավազակների: Իսկ եթե նույնիսկ, մի հնարով, Նրան միայնակ գտնենք, հնարավոր է, որ չկարողանանք Նրա վրա ձեռք բարձրացնել, ինչպես մի ժամանակ ամբոխը չկարողացավ Նրան լեռան վրայից գահավեժ անել, ինչպես եւ Երուսաղեմում չկարողացան Նրան քարկոծել, որովհետեւ ծովի վրայով ճանապարհ բացեց ու գնաց, մրրկածին ալիքներին սաստեց, իսկ մեռելին միայն խոսքով հարություն տվեց: Հնարավոր է նաեւ, որ Նա չմահանա, իսկ մենք դրանով ցույց տանք աշխարհին, որ Հիսուս անմահ է: Իսկ եթե հեթանոսներն իմանան, որ չենք կարողանում Նրան սպանել, ապա կգան նրանց իշխանները եւ կերկրպագեն Նրան` որպես անմահ Աստծու, եւ մեզ որպես աստվածամարտի կհալածեն»:

Հուդան ասաց, որ պետք է Պիղատոսին դատավոր կարգել իրենց վրա, եւ զորքերից, որոնց կայսրը նշանակել է քաղաքը պահպանելու, իբրեւ օգնություն մի դասակ խնդրել` իր հրամանատարով հանդերձ, ովքեր ջահերով ու զենքերով առջեւից կգնան, իսկ ինքը` Հուդան, կգնա քահանաների ու դպիրների հետ: Եվ երբ բազմությունը լսի, որ զորքն ու կուսակալը քահանաների հետ են, կերկյուղի եւ չի համարձակվի նրանց հակառակվել: Քահանաները կասկած հայտներցին, որ հնարավոր է` գիշերը Հիսուսին չկարողանան ճանաչել, եւ Նա խույս տա ու փախչի, մանավանդ երբ հեռվից երեւա ջահերի լույսը, եւ բացահայտվի իրենց անելիքը: Հուդան այս կասկածը նույնպես փարատեց` ասելով, որ ինքն ու քահանաներն առջեւից կգնան, եւ երբ մոտենան, ինքը կհամբուրի եւ կխոսի Հիսուսի հետ եւ այդ պահին իրենք կձերբակալեն: Եվ Հուդայի խոսքերը հաճելի թվացին քահանաներին:
Մարդկության պատմության մեջ այդ ամենից երախտամոռ դավաճանության պատճառով բարեպաշտ հավատացյալները մինչ այսօր չորեքշաբթին, ինչպես նաեւ խաչելության օրը`ուրբաթ, պահոց օրեր են համարում:

 
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
23.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031