Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե անգամ կրակոցները միառժամանակ իներցիայով շարունակվեն, ապա դրանք էապես չեն փոխի պատկերը»

Ապրիլ 05,2016 21:05
Gexam Bagdasaryan

Չնայած նրան, որ այսօր կեսօրից հետո երկկողմ  պայմանավորվածություն է եղել ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով դադարեցնել կրակը, Ադրբեջանը շարունակում էր  կրակոցները:

Արդյոք հրադադարի պայմանավորվածությունը Ադրբեջանի կողմից կրկին շինծո՞ւ էր, հաշվի առնելով ապրիլի 3-ին այս երկրի արածայն հայտարարությունը, ըստ որի, իբր թե միակողմանի դադարեցնում է մարտական գործողությունը:

Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասրայանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ չի կարծում, թե Ադրբեջանի այս քայլը շինծու է, այն ավելի շուտ պարտադրված է. «Շինծու էր նախորդ օրերի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը միակողմանի դադարեցնում է իր ռազմական գործողությունները։ Դա մարտավարական քայլ էր՝ տեղեկատվական պատերազմի դասական կանոնների տիրույթում։ Իսկ այս անգամ Ադրբեջանի իշխանությունն ուղղակի ստիպված էր պահպանել հրադադարը։ Նրան ստիպել է նախեւառաջ հայկական բանակը։ Մի քանի օրում ուղղակի փշրվեց բլից-կրիգի հավանականության մասին ադրբեջանական պատրանքը։ Ադրբեջանական իշխանության ու հանրության համար այսուհետ շատ դժվար կլինի առանց այդ պատրանքի, սակայն այս դառը իրողությունը նրանց կստիպի սթափ նայել ամեն ինչին»։

Պարոն Բաղդասարյանի խոսքերով՝ ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ նավթադոլարները, հսկայական ռազմական բյուջեն, մահաբեր տեխնիկայի ու կենդանի ուժի առատությունը չեն հաջողության գրավականը, այլ բանակի ոգին ու փորձառությունը, ամենակարեւորը՝ արդար պայքարի զգացողությունն ու ընկալումը շարքային զինվորի մոտ. «Առանց այս ընկալման ցանկացած բանակ խոցելի է։ Հրադադարի վերականգնման մեջ կարեւոր էր նաեւ միջազգային դերակատարների գործոնը։ Այս գործոնի հրապարակային դրսեւորումները չեն կարող գոհացնել մեզ իրենց անհասցեականությամբ։ Սակայն կարող եմ ենթադրել, որ այդ գործոնի ոչ հրապարակային դրսեւորումները շատ ավելի հասցեական ու կոշտ էին։ Ամեն դեպքում վճռորոշը ռազմական հավասարակշռությունն էր շփման գծում։ Առանց դրա 2-րդ գործոնը ազդեցիկ չէր լինի։ Ինչը չի նշանակում, որ մենք պիտի թերագնահատենք 2-րդ գործոնը»։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից կրակոցները շարունակելուն, ապա Գեղամ Բաղդասարյանը կարծիք հայտնեց, որ եթե անգամ կրակոցները միառժամանակ իներցիայով շարունակվեն, ապա դրանք էապես չեն փոխի պատկերը. «Հարցը սկզբունքորեն լուծված է արդեն։ Ինչը, իհարկե, չի նշանակում զգոնության թուլացում շփման գծում»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930