Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Վրթանեսյան. «Ռուսաստանի այսօրվա կեցվածքը նաև ՀԱՊԿ պայմանագրի կոպիտ խախտում է»

Ապրիլ 10,2016 19:03

Ռազմական փորձագետ,  Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի հավաստմամբ` Իսրայելն ու Ռուսաստանն ամեն ինչ արել են, որ ապրիլի մեկի հարձակումն Ադրբեջանի կողմից հնարավոր դառնա:

Նշենք, որ զուգադիպությամբ, թե, այնուամենայնիվ, ապրիլյան չորսօրյա պատերազմի պատրաստվելու համար, Իսրայելը մարտի 31-ին Ադրբեջանին է տրամադրել  հակատանկային լազերային հրթիռներ: Ադրբեջանը առաջին երկիրն է, որը ձեռք է բերել այս հրթիռները:

Aravot.am-ը ռազմական փորձագետից հետաքրքրվեց` արդյոք կարո՞ղ ենք կապ տեսնել այս երկու փաստերի միջև, պարոն Վրթանեսյանը պատասխանեց, թե, իհարկե, չարժե մեկ-երկու օրվա իրադարձությունների մեջ կապ փնտրել` ասելով, որ զենք վաճառեցին, ու ինչ-որ բան սկսվեց, քանի որ նման գործողությունները նախապատրաստվում են շաբաթներով, նույնիսկ ամիսներով:

Պարոն Վրթանեսյանը այս առիթով շեշտեց. «Այստեղ հարցն այն չէ, որ երկու օր առաջ են զենք վաճառել, այլ այն, որ տարիներով են հարձակվողական ծանր սպառազինություն վաճառել Ադրբեջանին: Վաճառել է Ռուսաստանը, Իսրայելը, Թուրքիան էլ չեմ ասում, քանի որ ասում  ենք Ադրբեջան, հասկանում ենք Թուրքիա»:

Ռազմական փորձագետը Իսրայելի քայլը համարում է բացահայտ թշնամական վերաբերմունք Հայաստանի հանդեպ: Զուգահեռներ անցկացնելով Իսրայելի և Ռուսաստանի միջև` Կարեն Վրթանեսյանը նշեց. «Ի տարբերություն ՌԴ-ի` Իսրայելը մեզ հետ դաշնակցային պայմանագիր չունի: Ռուսաստանի` թե՛ զենք վաճառելը, թե՛ այսօրվա կեցվածքը նաև ՀԱՊԿ պայմանագրի կոպիտ խախտում է»: Այս իրավիճակում, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը` ռազմական փորձագետը ձեռնպահ է մնում խորհուրդ տալուց ու միևնույն ժամանակ շեշտում. «Պետք է հասկանալ, որ թե՛ ՌԴ-ի, թե՛ Իսրայելի գործողությունները բացահայտ թշնամական են մեր նկատմամբ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930