Լրահոս
Օրվա լրահոսը

«Սնարյադը որ գալիս ա, էդ ձենը… ոնց-որ պաժառ լինի, կարմիր, գալիս ա, քեզ թվում ա, թե քո վրա ա գալու»

Ապրիլ 20,2016 15:00

Վանաձոր քաղաքին կից Շահումյան գյուղի տներից մեկը մտնելու համար անխոս սկսեցին իրենց կոշիկները հանել նախ երեխաները, ապա մեծերը: Կոշիկներն էլ են ցավ, գաղթ տեսած: Լավ է, մարզում եղանակը տաք է, եւ դեռ հայտնի չէ, թե ինչքան ժամանակ կարող են այս կոշիկներով դիմանալ: Մեր դիմաց Թալիշից մազապուրծ եղած 91-ամյա Յաշա Ավանեսյանի եւ Վասյա Խաչատրյանի ու նրա երկու որդիների՝ Գեղամ եւ Գենադի Խաչատրյանների ընտանիքներն են: Յաշա Ավանեսյանն իր հարսի եւ թոռներից մի քանիսի հետ էր: Յ. Ավանեսյանը, երբ գիշերով սկսվել էին կրակոցները, կարողացել էր տնից դուրս բերել Հայրենական պատերազմի մասնակցի իր վկայականը եւ մի քանի լուսանկարներ, որոնց նայելիս աչքերը լցվեցին: Նկարներից մեզ նայող շեն օջախի տերը մինչ գյուղի ծայրը հասնող ուրախության սեղանների մշտական թամադան է:

Խաչատրյան Վասյայի ընտանիքը տասներեք շունչ ունի՝ ինքը, կինը, երկու տղաները (Գեղամը եւ Գենադին), երկու հարսները եւ թոռները: Տղաները Թալիշում են, Վասյան՝ ընտանիքի կանանց եւ երեխաների հետ Շահումյան գյուղում է տեղավորվել խնամու՝ Ավանեսյանների ընտանիքի հարեւանությամբ: Ապրում են բարեկամների տանը. «Մեր մորաքրոջ թոռան տունն ա, իրենք Ռուսաստանում են, որ իմացան սենց բան ա եղել, ասացին՝ գնացեք մեր տանը ապրեք, ինչքան ուզում եք, մեզ ոչ մի բան էլ պետք չի, գնացեք ապրեք»:

Խաչատրյան Վասյան պատմում է, թե ինչպես ամեն ինչ սկսվեց. «Մեզ համար հանգիստ ապրում էինք, էլի… դե կրակել լինում էր՝ պուլիմյոտով, բանով, ձեները լսում էինք, պոստերի վրա մեկ-մեկ կրակոցներ լինում էին, բայց գյուղի վրա ոչ մի անգամ չեն կրակել: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 3-3:10 էր, սկսեցին կրակել գյուղի վրա: Առաջին անգամ էր, որ գյուղի վրա էին կրակում, ամեն մեկս մեր տան պուճախներումը թաքնվեցինք, սպասեցինք, որ լուսանա: Հենց որ լուսացավ՝ ժամը 7-ին, ամենքը իրենց համար հավաքվեցին, ով մեքենա ուներ՝ մեքենայով, ով՝ ձիով, ով՝ ուրիշի մեքենայով, հավաքվեցին, գնացին հարեւանների գյուղերը, մնացին մինչեւ ավտո ճարեցին, եկան Հայաստան կամ Ղարաբաղի մյուս գյուղերը: Երեխեքին շալակած, խտտած, թե ոնց ենք փախել, էդ նկարագրելու չի, էդ պատկերացնելու չի… Սնարյադը որ գալիս ա, էդ ձենը, էդ կարմրած, ոնց-որ պաժառ լինի, գալիս ա, քեզ թվում ա, թե քո վրա ա գալու, քեզ ա խփելու… պաժառի պես թռնում ա… գնում ա, ընկնում ա գյուղի տներն ա քանդում, մեքենաներն ա վառում, տրակտորները… Երեխեքի լացը-շիվանը ընկած սաղ գյուղը, մեկը մեկի ձենը չի լսում, ո՞նց լսի, սաղ կրակոցի տակ էին, սաղ լաց-շիվան դրած: Մենք չէինք կարծում, որ գյուղի վրա կկրակեն, խաղաղ ապրում էինք մեր համար, երեխեքը պատրաստվում էին՝ ծնունդի, քեֆի, ուրախության, ո՞վ կմտածեր, որ գյուղի վրա կկրակեն, ոչ մեկս չէր մտածում»:

Vanadzor_5 Vanadzor_4 Vanadzor_3 Vanadzor_1 Vanadzor_6
Նա պատմում է, որ ապրիլին իրենք երկրորդ անգամ փախստական դարձան. «92 թվին էլ ենք փախել: Էն ժամանակ ես ջահել էի, ես մնացի Թալիշում, կնիկ-երեխեքս եկան Կիրովական: Մինչեւ 1994 թվականը մնացի, ծառայեցի պոստերում, Եղնիկներում եմ ծառայել, գեներալ Մանվելի մոտ եմ ծառայել, ծմակներումը առանց կնիկ, առանց երեխա, առանց հերնումեր մնացի երկու տարի: Հետո եկա Կիրովական, տեսա աշխատանք չենք ճարում, Թալիշն էլ արդեն լրիվ մերն էր, հետ գնացինք մեր գյուղը, մեր տունը, մեր տեղը: Քսան տարի մեզ համար խաղաղ ապրեցինք, տոկարություն էի անում, ապրում էինք, ոչ մի բանի կարիք էլ չունեինք: Հիմա էլի փախստական դարձանք: Ես չեմ պատկերացնում հիմա հետ դառնանք Թալիշ՝ մինչեւ վերջնական խաղաղություն չլինի, որ էլ կրակոցներ չլինեն: Էնդեղ չես կարա երեխա պահես, երեխանց սիրտներն էլ ա վախ ընկած, մի ժեշտի ձեն են լսում, վեր են թռնում, գոռում են, գալիս են գիրկդ են թռնում, ո՞ր մեկին պահես… Եթե իմանաս, որ վերջնական խաղաղություն ա, մի հատ ավտոմատ էլ չի կրակելու, կարող ա գնանք, բայց հիմա կրակում են, ո՞նց ընդեղ երեխա պահես»:

Խաչատրյան Վասյայի ծնողները թաղված են Թալիշում. «Ապրիլի 29-ին հորս երկրորդ տարին ա, հողավորել եմ Թալիշ, թողել եմ եկել: Մեծ տղես երեկ ա եկել, քառասուն տարեկան ա, երեկ եկել ա, որ երեխանց- կնոջը տեսնի, էլի գնա, ջահելները՝ տղամարդիկ, Թալիշում են, գյուղապետը Թալիշում ա, բայց Թալիշ չկա…»:

Թալիշցի երեխաներն արդեն սկսել են դպրոց գնալ. «Գյուղապետը, դպրոցի տնօրենը եկան, տեսան, երեխեքին դպրոց տեղավորեցին՝ ինը երեխա մեր երկու գերդաստանից, երկու պուճուրներն էլ նախակրթարան են գնում: Եկել են, օգնություն են բերել, շորեղեն են տվել, գյուղապետը սնունդ էլ ա բերել, մեշոկով կարտոլ ա բերել, բարեկամները, ծանոթ-անծանոթ եկել են, օգնել են ամեն ինչով, շատ ապրեն, բայց էդ հո հիմնական չի՞, սենց հո չի՞ մնա: Ամոթ էլ ա, ամաչում էլ ես, որ մեկը քո երեխին շոր ա տալիս, ուրեմն դու ի՞նչ աստիճանի ես, որ քո երեխին ուրիշը պիտի շոր տա հագնեն: Հենա՝ սաղի հագին էլ ուրիշի շորեր են, չկարողացանք երեխեքի շորերը վերցնենք բերենք հետներս Թալիշից: Մենք տենց բանի կարիք հեչ չէինք զգացել, ոչ մի բանի կարիք չենք ունեցել, լավ էլ ապրել ենք, բայց հիմա…

Հենա որ՝ մի գործ լինի, աշխատանք լինի, շատ լավ կլինի, ասել են՝ կարի ֆաբրիկա կա, հարսները որ կարանան աշխատեն, մի երկու կոպեկ էլ ա ստանան, ամենքը երեք-չորս երեխա ունեն, որ կարողանան յոլա տանել, մինչեւ տեսնենք՝ ինչ ա լինում»:
Նա անընդհատ ասում էր՝ մինչեւ տեսնենք խաղաղվի, ինչ ենք անում, բայց անմիջապես էլ, կարծես վերապրելով տեսածը, հավելում էր՝ չէ, չեմ կարա ես էլ էս երեխոնցը տանեմ հետ, էսքան երեխին հավաքեմ՝ ո՞ւր տանեմ, քանի կրակոցներ կան, քանի թուրքը մոտիկ ա. «Երկու կիլոմետր էլ չկա, թուրքը երեւում ա մեր գյուղից, ո՞նց գնանք…»:
Ավանեսյանների փոքրիկը Հայաստանում առաջին իսկ օրը ջերմել է, նրան այցելել էր ընտանեկան բժիշկը, որը դեղեր էր նշանակել, իր կողմից աջակցություն ցուցաբերել: Ընտանիքն, ասես, երկու մասի բաժանված լինի՝.թոռը եւ երկու տղաները ծառայողներ են, այս պահին գտնվում են Ղարաբաղում:

Գեղամ եւ Գենադի Խաչատրյանների մայրը՝ 57-ամյա Լարիսան, պատմում է, որ վերցրել են երեխաների ծննդյան վկայականները, անձնագրերն ու տան վկայակագիրը: Ի դեպ, այդ վկայագրի վրա «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքից մի հատված է. «ԼՂՀ-ն հանդիսանում է գույքի նկատմամբ իրավունքների եւ սահմանափակումների երաշխավոր: Գույքի նկատմամբ գրանցված իրավունքները ճանաչվում եւ պաշտպանվում են պետության կողմից»:

Տարեցներին հուզում էր մի հարց. իրենց թոշակ ստանալու, գոյատեւելու հարցը: Թալիշի մանկապարտեզի դայակ Լիանա Խաչատրյանին էլ մտահոգում է աշխատանքի, աշխատավարձի, երեխաների նպաստների ստացման հարցը: Նպաստը եղել է 36 000 դրամ, որը չէին էլ հասցրել ստանալ: Լիանան 4 երեխայի համար պիտի ստանար: Լիանա Խաչատրյանը ցույց է տալիս հեռախոսի վրա նկարած մանկապարտեզը, դպրոցը:
Այս ընտանիքներին գյուղապետարանը 23 000 դրամ գումար էր տվել, սնունդով էր օգնել: Այգեգործ Լարիսա Խաչատրյանն ասում է, որ իրենք մեծ են, կարող են եւ չուտել, կամ օրվա մեջ մեկ անգամ սնվել, մինչդեռ երեխաներին գոնե հաց պետք է:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930